Պատվերով երազներ

ԳՈւՑԵ ԻՍԿԱՊԵ՞Ս ՀՆԱՐԱՎՈՐ Է

Երազները մարդուն ուղեկցում են ամբողջ կյանքում, և երբեմն պատահում է՝ դրանք կյանքում այնքան ճշգրիտ են իրականանում, որ մնում է միայն զարմանալ: Մինչդեռ պարզվում է՝ մարդն ի զորու է անգամ երազներ պատվիրել, որոնք կարող են հետո կատարվել: Իհարկե, «պատվիրել» բառն այստեղ փոխաբերական իմաստ ունի: Որոշ հոգեբաններ, օրինակ, խորհուրդ են տալիս քնից առաջ կենտրոնացած և մանրամասնորեն մտածել բաների մասին, որոնք ուզում եք երազում տեսնել: Իսկ որ երազները հաճախ են հուշում ապագայում տեղի ունենալիք որևէ երևույթի, միջադեպի, հանդիպման մասին՝ դժվար թե ժխտող լինի:
 
Նիկոլայ անունով մի մարդ, որ իր ասելով՝ միստիկ չէ և գերբնական բաների չի հավատում, իր հետ պատահած մի դեպքից հետո կարողանում է կամքի ուժով երազներ պատվիրել և դրանք իրականության վերածել: 
 
paranormal-news.ru պարբերականը Նիկոլայի պատմությունը  հրապարակել է՝ այն միանգամայն ուշագրավ համարելով.
 
- Մի քանի տարի առաջ երազ տեսա, որ ես սպիտակ ճտքակոշիկներով անտառում վազում եմ ամերիկյան դոլարների հետևից: Սկզբում այդ երազին ոչ մի նշանակություն չտվեցի, սակայն մի քանի օրից ինձ ձեռնտու առաջարկ ստացա ավտոմեքենա գնել նվազագույն արժեքով: 
 
Բնական է՝ համաձայնեցի, սակայն սպիտակ ճտքակոշիկներ և դոլարներ չկային, քանի որ ես ազգային արժույթ եմ օգտագործում: Դոլար չեմ գնում: Ուրեմն մեքենան գնեցի, իսկ որոշ ժամանակ անց արտասահմանից եկավ հայրս և ինձ համար սպիտակ ճտքակոշիկներ նվեր բերեց: 
 
Քանի որ անտառոտ վայրում եմ ապրում, սկզբում դրան ուշադրություն չդարձրի: Որոշ ժամանակ անց հասկացա, որ ավտոմեքենան, որը ձեռք էի բերել, գողացված է: Ստիպված էի այն վաճառել և իհարկե, մեծ գումար կորցրի: 
 
Հետո ես անտառ գնացի: Սպիտակ ճտքակոշիկներս էի հագել բոլորովին պատահաբար, իսկ դրանց մեջ փող կար: Մի քանի ժամ անց ես կոշիկներս հանեցի և դրամները տեսա: Քամի փչեց և դրամները քշեց: Ես կոշիկս արագ հագա և վազեցի դրանք հավաքելու: Այդ ժամանակ հիշեցի, որ երազը տեսել եմ ճիշտ և ճիշտ մեկ շաբաթ առաջ: Եվ ահա ես անտառում սպիտակ կոշիկներով վազում եմ դրամների հետևից: 
 
Ես հասկացա, որ կարելի է մուտք գործել երազի մեջ և աստղային մարմնով թափառել աշխարհում: Միայն թե ես ավելի հեռուն գնացի: Հասկացա, որ կարելի է երազի մեջ մտնել, սցենար պատվիրել և անգամ այն իրականացնել: 
 
Օրինակ, ես երազ եմ մուտք գործում, պատվիրում եմ այնպիսի սցենարներ, որտեղ ես սպիտակ խեցեղեն բաժակով սուրճ եմ խմում անծանոթ քաղաքի թանկարժեք ռեստորանում: Որոշ ժամանակ անց ես իսկապես էլ ինչ-որ կերպ հայտնվում եմ այդ քաղաքում, և ամեն ինչ կատարվում է միչև վերջին մանրուքը: 
 
Գուցե իսկապե՞ս հնարավոր է ոչ միայն երազներ, այլև երազանքի իրագործում «պատվիրել»: Չէ՞ որ հենց այնպես չեն ծնվում թևավոր խոսք դարձած ժողովրդական իմաստնությունները, որոնցից մեկը «նախազգուշացնում» է՝ «Զգուշացեք ձեր ցանկություններից. դրանք կարող են իրականանալ»: