«Քրեական անցյալով» անիծված տունը՝ Նանկինում

Նանկինի ծայրամասում մի եռահարկ տուն կա, որ մութ անցյալով ունի և շատ ցածր գին: Ժամանակին այն շատ լավ տուն է եղել, իսկ հիմա պատատուկի ցողունները փաթաթվել են եկաթե ժանգոտած դարպասներին, բակը ծածկված է քարաքոսով, իսկ դուռը արդեն ոչ մի բանի պիտանի չէ:
 
Sixth Tone պարբերականը տեղեկացնում է, որ 7 տարի առաջ այդտեղ գազանային սպանություն է տեղի ունեցել: Չինական սնահավատության համաձայն՝ տները որոնցում բռնի սպանություններ են կատարվել, բնակեցված են վրեժի ծարավ ուրվականներով: Չինական ներդրողների մեծամասնությունը նման տներից խուսափում է՝ ենթադելով, թե դրանք առաջընթացի, առողջության և գործարարության համար խոչընդոտ կդառնան:
 
Զարմանալի չէ, որ նման տների գները շատ ցածր են: Բայց այն ժամանակներից, ինչ չինական քաղաքներում անշարժ գույքի գները կտրուկ վերելք ապրեցին, անգամ «ուրվականներով տան» համար այժմ ստիպված են պայքարել, քանի որ արդեն շատերն են ուզում դրանք ձեռք բերել: Երբ 2018թ, հունիսին Նանկինի այդ տունը աճուրդի է հանվել, նախնական գին է սահմանվել 4,35 մլն յուանը ($ 676 հազ.). քառակուսի մետրի համար՝ մոտ 10 հազ. յուան: 6 ննջարանով, 7 լոգարանով, երկու հյուրասենյակով և այգով 420 քմ մակերեսով առանձնատան համար դա համարյա թե ձրի է: 
 
Այսքան ցածր գինը մեծապես պայմանավորված է տան քրեական անցյալով: 2011թ. փետրվարին 49-ամյա Թիան Մինգչենգն սպանվել և անդամահատվել է իր կնոջը պատկանող այս առանձնատան ավտոտնակում: Երկու օր անց զբոսաշրջիկները գտել են մի պարկ, որտեղ ամփոփված են եղել նրա մարմնի անդամները: Այն նետված է եղել առանձնատան հետևում գտնվող սարի կեսճանապարհին: 
 
Թիանի մահվան գործը հենց սկսզբից խճճված է եղել: Երբ ոստիկանները մարմինը գտել են, զարմացել են, քանի որ վաղուց արդեն հաղորդված է եղել, թե նա 2006թ. մահացել է  ավտովթարից: Հետագա քննության ժամանակ ոստիկանությունը բացահայտել է, որ ավտովթարից մահացողը իրականում եղել է Թիանի կրտսեր եղբայրը, բայց նրա մահից հետո Թիանն ու կինը որոշել են ոստիկանությունից թաքցնել իրական տուժողի անունը, որպեսզի կարողանան հավակնել ապահովագրության 10 մլն. յուանին: 
 
5 տարի Թիանն ապրել է ընդհատակում: Ի վերջո նա ձանձրացել է թաքնվել և վերադարձել է առանձնատուն, որպեսզի անձնագիրը վերցնի և արտասահման մեկնի: Երբ վերադարձել է, նրա աներ Ջենգգոնգը և կինը՝ Քսյու Լիպինգը, նրան կացինով սպանել են՝ վախենալով, թե նրա հայտնվելը պատճառ կդառնա, որ ապահովագրական խարդավանքը բացահայտվի: 
 
2013թ. դեկտեմբերին Նանկինի ժողովրդական դատարանը երկուսին է մեղավոր է ճանաչել սպանության համար՝ 70-ամյա Ջենգգոնգին դատապարտելով կախաղանի: Լիպինգը հանցակցության համար ցմահ բանտարկության է արժանացել: 
2014թ. Չժան անունով մի գործարար քրեական համբավով առաձնատունը ձեռք է բերել, բայց հետո նրա գործերը ձախ են գնացել, և նա տունը գրավ է դրել:  Երբ Չժանը սնանկացել է (դրանից հետո լուրեր են տարածվել, թե առանձնատան անեծքն է ներգործել), չարաբաստիկ առանձնատունն անցել է բանկին և այս տարվա հունիսին վերստին աճուրդի է հանվել: 
 
Հունիսին Ալբաբա Թաոբաո էլեկտրոնային հարթակում աճուրդները դիտելու համար ավելի քան 400 հազ. մարդ է գրանցվել: 22 օգտատերերի միջև 138 փուլից հետո անիծյալ տունը 7,86 մլն յուանով վաճառվել է Լյու Ցզյանհուան գնորդին: Նման հանգամանքներում դա վատ գին չի համարվում, թեև սովորաբար նման տները 13 մլն յուանից պակաս չեն արժենում: 
 
Տան նոր տերը, երևում է, վախեցել է այնտեղ անձամբ բնակություն հաստատել: Սեպտեմբերն է, իսկ տունը դեռևս անբնակ է: Միայն թե մնացած հնարավոր գնորդերը կարծես տան անեծքից վախ չունեն: 
 
- Դա բնավ էլ սարսափելի չէ,- ասել է աճուրդի մասնակից մի կին:- Ես, իհարկե, չէի վախենա ներսում ապրել: Շատ քիչ մեծ տներ կան, որ այդքան մատչելի գին ունեն:
 
Մեկ այլ հավակնորդ հայտարարել է, թե ինքն ավելի շատ աղքատությունից է վախենում, քան ուրվականներից: 
 
Իսկ ֆեն-շույի մասնագետների կարծիքն այդ մասին բավական դրական է.
 
- Դժբախտ պատահարները, որոնք տեղի են ունեում տների ներսում , հարուցվում են սեփականության բաղադրիչների հետ մարդու ճակատագրի բախումից: Այստեղ կարող է մարդ մահանալ, սակայն դա չի նշանակում, թե դուք չեք կարող այստեղ լավ կյանք վարել,- ասել է ֆեն-շույի վարպետ Ցյու Հոնգսյանը: 
 
Միայն թե նույն պահին էլ հավելել է, որ կան «հիշողությունների» բացասական հավաքածուով տներ, որոնք մաքրելու համար կարիք կա դիմելու դաոական ծեսերի:
Երևում է, Նանկինի այդ տան նոր սեփականատերը սպասում է՝ դաոական այդ ծեսերն այնտեղ կատարվեն, որպեսզի վերջապես տնավորվի: Այլապես հազիվ թե այն ձեռք բերեր՝ որքան էլ համեմատաբար էժան է եղել: