Ֆինլանդիայում խրախուսվում է աշխատանքի ժամանակ քնելը

Ֆինլանդիայի աշխատանքային օրենսգրքում ներառվել է մի դրույթ, որն այժմ ակտիվորեն քննարկվում է համացանցում: Համաձայն դրա՝ աշխատողներին թույլատրվում է աշխատանքի ժամանակ քնել՝ բնավ վախ չունենալով, թե ղեկավարությունը դա կնկատի կամ տուգանք կնշանակի:
 
Անդրադառնալով այս փաստին՝ esoreiter.ru պարբերականը վկայակոչում է բժիշկների ուսումնասիրությունները: Երբ մարդը ցերեկը մի կես ժամով քուն է մտնում՝ կիրառելով մի եղանակ, որը հայտնի է ռելաքսացիա անունով (բառի հայերեն թարգմանությունն է անդորր, լարվածության թուլացում, իսկ տվյալ եղանակը ապահովում է արագ քուն մտնելը և քնելը ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ է՝ արթնանալուց հետո առույգությունը պահպանելու համար), նա ձերբազատվում է լարվածությունից և վերստանում առավոտվա մտավոր և ֆիզիակական աշխատունակությունը:
 
Բնականաբար՝ դա միայն աշխատողին չէ, որ օգուտ է տալիս: Սա շահավետ է նաև հենց հիմնարկության համար, քանի որ ցերեկային կարճ քնից հետո աշխատողներն իրենց պարտականություններին ձեռնամուխ են լինում նոր ուժով և շատ ավելի արագ ու մեծ հաջողությամբ են վճռում իրենց առաջադրանքը: 
 
Նման փորձ առայժմ կիրառում են միայն Հելսինկիի մի քանի ձեռնարկություններում: Նրանք այդ կարճատև քնի համար ոչ միայն վճարում են, այլև դրամ չեն խնայում ռելաքսացիայի մարզիչներ հրավիրելու և աշխատակիցների հետ նրանց պարապմունքները ֆինանսավորելու համար: Ուշագրավ է նաև, որ Ֆինլանդիայում սկսել են երեխաներին վարժեցնել լիարժեք կարճ քնի, ինչի շնորհիվ ապագայում արդեն հարկ չի լինի հիմնարկ-ձեռնարկությունների, ընկերությունների աշխատակիցների համար կարճատև քնի մարզիչներ վարձել: 
 
Աշխարհում շատերը մինչև հիմա համոզված են, թե աշխատանքի ժամանակ քնելը ծուլության նշան է, աշխատանքն էլ մարդուն չի հետաքրքրում: Մինչդեռ գիտնականներն ապացուցել են, որ կարճատև ցերեկային հանգիստը նոր ուժերի հորդում է առաջ բերում, իսկ քնի համար «վատնած» մի քանի րոպեն փոխհատուցվում է աշխատանքի արտադրականության հսկայական վերելքով և տվյալ աշխատակցի արած գործի աննախադեպ արդյունավետությամբ:
 
Մասնագետները, սակայն, հատուկ շեշտում են՝ հարկավոր է նկատի ունենալ, որ ամեն մարդու համար այդ կարճատև քնի ժամանակամիջոցը տարբեր է: Հարկավոր է, որ տվյալ մարդու քունն այնքան տևի, որ նա առավելագույնս հանգստանա և դրա հետ մեկտեղ մնա առույգ ու աշխատունակ: Երկար քնելն այդ պարագայում միայն պատճառ է դառնում, որ մարդն արթնանա ջարդոտվող մարմնով և ի վիճակի չլինի իր պարտականությունները կատարել: Ու հենց սա է պառճառը, որ Ֆինլանդիայի առևտրային ձեռնարկությունների ղեկավարները փող չեն խնայում ոչ միայն իրենց աշխատողների ցերեկային քունն ապահովելու, այլև նրանց ճիշտ հանգստանալ սովորեցնելու համար: