Երեք շաբաթում չորս անգամ մահացած երիտասարդը լավատեսությունը չի կորցնում

Լոնդոնի բնակիչ Ջեյմի Փուլը սրտի հիվանդություն ունի. նրա սրտամկանը հաստացել է և սկսել է աշխատել պակաս արդյունավետ: Բժշկության մեջ դա կոչվում է հիպերտրոֆիկական կարդիոմիոպատիա: Դրա պատճառով վերջին տարիներին Ջեյմին ինն անգամ գտնվել է կլինիկական մահվան վիճակում, որից չորսը` վերջին երեք շաբաթում:

Սա այնքան անսովոր երևույթ է, որ արժանացել է paranormal-news.ru կայքի ուշադրությանը: Հաղորդվում է, որ Ջեյմին կլինիկական մահվան վիճակում է հայտնվում միանգամայն հանկարծակի:

Միանգամայն առողջ ու աշխույժ, ոչ մի ցավող տեղ և սրտի աշխատանքից գանգատ չունեցած ինչ-որ պահի մեկ էլ հանկարծ վայրկանների ընթացքում նա արդեն, առանց սրտի զարկերի, ընկնում է մայթին, վազքուղում կամ օդանավակայանի սրահում:
Բժիշկները նրան խորհուրդ են տալիս շատ չլարվել, սակայն Ջեյմին տանը նստել չի սիրում: Նա գերադասում է աշխույժ կյանքն ու ճամփորդությունները: Եվ հենց դրանց պատճառով էլ պարբերաբար մահանում է: Ջեյմին հիմա 29 տարեկան է, իսկ սրտի հիվանդությունն առաջին անգամ դրսևորվել է 9 տարի առաջ: Այդ ժամանակ նա մեկ շաբաթ անգիտակից պառկած է եղել:

- Երկրորդ անգամ դա եղավ, երբ ես զարմիկիս հյուր էի գնացել: Հանկարծ գլխապտույտ ունեցա, որից հետո արդեն աչքս բացեցի հիվանդանոցում: Ես հետո պառկել ու մտածում էի, թե իսկապե՞ս զարմիկիս հյուրն եմ եղել, թե դա ինձ միայն երազում է երևացել,- պատմել է երիտասարդը:

Երկուսուկես տարի ամեն ինչ լավ է եղել, բայց երբ մի անգամ առավոտյան աշխատանքի է շտապելիս եղել, հանկարծ գիտակցությունը կորցրել է ու ընկել: Չորրորդ, հինգերորդ և վեցերորդ անգամները նույնպես դա պատահել է առավոտյան աշխատանքի շտապելիս: Դրանից հետ նա աշխատանքային դադար է վերցրել:

Իր կլինիկական մահերից մեկի ժամանակ Ջեյմին մերձիմահ վիճակի է հասել: Իր խսքով` տեսել է նախ վառ սպիտակ, իսկ հետո` ոսկեփայլ գեղեցիկ լույս:

- Ես նման բաների այնքան էլ չէի հավատում, մինչև ինքս դա չապրեցի: Հիմա էլ համոզված չեմ, թե տեսածս ինչ էր, սակայն այժմ արդեն կարող եմ հասկանալ, թե ինչու են մարդիկ համարում, որ այնտեղ` սահմանից այն կողմ, ինչ-որ բան կա,- պատմել է Ջեյմին:

Յոթերորդ անգամ նա մահացել է, երբ աշխատանքային ճաշի ընդմիջմանը սրճարան է մտել: Անձրև է սկսվել, և Ջեյմսը վազել է, որպեսզի ծածկի տակ մտնի: Իսկ հետո, երբ արդեն գրասենյակ է շտապելիս եղել, վատ է զգացել:

Ութերորդ անգամ մահացել է օդանավակայանում, որտեղից մտադիր է եղել Ավստրալիա մեկնել: Իսկ իններորդ անգամ դա եղել է վազքուղով ընթանալիս:

Այժմ նրա մարմնում ամրացրել են սրտի ռիթմը վերականգնող հատուկ սարք, որը պետք է հերթական կանգի պարագայում սիրտն աշխատեցնի: Նրան այժմ նաև խորհուրդ են տալիս նույնիսկ սանդուղքով չբարձրանալ, ինչ մնաց` վազել: Այլապես դժվար թե նրա սիրտը դարձյալ մի 5 տարի դիմանա:

Չնայած այս ամենին, Ջեյմի Փուլը փորձում է լավատես մնալ և կյանքով ուրախանալ:

- Զվարճալի է, երբ մայրս ինձ զանգահարում է և հարցնում, թե այս շաբաթվա ընթացքում հո չե՞մ մահացել: Եվ ես ուրախությամբ նրան պատասխանում եմ. «Ոչ, առայժմ դեռ չեմ մահացել»: Գիտեմ, որ շատ մեծ վտանգի եմ ենթարկվում, սակայն ցանկանում եմ լիարժեք կյանքով ապրել: Օրինակ` այցելել լեռնադահուկային առողջարան, սահել ձյան վրայով:

Ջեյմին մտադիր է ապագայում դիմել սրտի փոխպատվաստման, քանի որ բժիշկները նրան շատ են վախեցնում, որ իրեն ապրելու հաշված տարիներ են մնում:

- Երբ իմ բժիշկն ասաց, որ ինձ լավագույն դեպքում հինգ տարի է մնում, շատ տխրեցի: Բայց նրա խոսքով` սրտի փոխպատվաստումն ինձ կօգնի: Եվ ով իմանա, գուցե ես կապրեմ մինչև այն օրը, երբ սրտի փոխպատվաստման համար արդեն փոխատուի օրգանի կարիք չի լինի, այլ սիրտ կաճեցնեն ցողունային բջիջներից,- կանխատեսել է լավատես երիտասարդը: