Իրար հաջորդած հինգ մահերը թաիլանդական գյուղի բնակիչները վերգրում են ուրվականներին

Թաիլանդի Կալասին գավառում մի փոքրիկ գյուղ կա, որ կոչվում է Պու Հոնգ (Pu Hong): Վերջերս այս գյուղում իրար հետևից հինգ մարդ է մահացել, որից էլ բնակիչներն ահաբեկվել են և իրար հաջորդող մահերը վերագրել ուրվականներին: Իսկ այնտեղ վախենում են հատկապես երկուսից: Նրանցից մեկին կոչում են այրու ուրվական, մյուսին՝ պոպ: Առաջինը սպանում է միայն տղամարդկանց, իսկ երկրորդը թաիլանդական առասպելների ուրվական է, որ մարդկանց հետապնդում է և իր մահացու հարձակումը գործում մասնավորապես թույլերի՝ երեխաների ու տարեցների վրա: Ընդ որում, պոպը սնվում է բնակարանների աղբով: Սա էլ գուցե պետք է մարդկանց հարկադրի, որ մաքրակենցաղ լինեն:
 
Վերջին երեք-չորս շաբաթում այս գյուղում միանգամից հինգ մարդ է զոհվել: Ուշագրավն այն է, որ թեև երեքից միայն երկուսն է տղամարդ, գյուղում այդ մահերը վերագրում են տղամարդկանց որսացող ուրվականին: Առաջին երկու զոհը նույն ընտանիքի անդամներ են և մահացել են շատ տարօրինակ ձևով՝ ուղղակի հանկարծ վայր են ընկել մեռած: Մի դեռահաս աղջիկ էլ զոհվել է վթարից, երբ ընթանալիս է եղել մոպեդով՝ մոտորավոր հեծանվով: Մյուս երկու անձի մահվան հանգամանքները ոստիկանությունը չի հայտնում՝ վախենալով ավելի մեծ խուճապից:
 
Գյուղի գլխավորը՝ Պոնգպիպատ Պուկրոնգտունգը, ցավ է հայտնում, որ տեղացիները չափազանց սնահավատ են: Նրանք իրար հաջորդող հինգ մահերի մեջ ինչ-որ անբնական, չարաբաստիկ բան են տեսնում և չեն հավատում, որ եղածը պարզապես զուգադիպություն է: 
 
Ուրվականից պաշտպանվելու համար գյուղի տղամարդիկ սկսել են իրենց եղունգները կարմիր ներկել: Նրանք հույս ունեն, որ ուրվականն իրենց կնոջ տեղ կդնի ու չի սպանի: Իսկ տների վրա ցուցանակ են փակցնում՝ «այստեղ տղամարդիկ չեն ապրում» գրությամբ: Նրանք հավատում են, թե դա փրկում է այրու ուրվականից մարդկանց:  
 
Գյուղական 60-ամյա կախարդուհի Բուսսադի Մալասին լրագրողներին տեղեկացրել է, թե հինգ մարդու մահվան պատճառն այդ երկու ուրվականներն են: Համացանցում տարածված այս տեղեկությունը նաև մանրամասնում է, որ պոպը սողոսկում է իր զոհերի մարմնի մեջ և նրանց խժռում ներսից: Նրան հաճախ պատկերում են մարդակեր կնոջ տեսքով: Եվ եթե այրու ուրվականից խույս տալու միջոց է համարվում եղունգներ ներկելը կամ վերահիշյալ գրությունը, պոպին խաբելու հնար չկա: Դրա պատճառով գյուղի բոլոր տարեցները հեռացել են տներից և ապաստան գտել տաճարում: Նրանց կարծիքով՝ ուրվականներից թաքնվել հնարավոր է միայն այնտեղ: