Գիշերային այցելուն

Կա՞ մի միայնակ կին, որ չուզենա իր կյանքի ճանապարհին հանդիպել իսկական տղամարդու, ով միաժամանակ լավ հայր լինի իր երեխաների համար, լինի հավատարիմ ամուսին և հիանալի սիրեկան: Իր այս հարցադրումը paranormal-news.ru կայքը նույն պահին լրացնում է անսպասելի ենթադրությամբ. իսկ եթե նա լինի եկվոր ուրիշ մոլորակից, տան ոգի կամ հենց ինքը` սատանա՞ն:

Նման ենթադրության առիթը Տատյանա անունով կնոջ հետ պատահածն է: Մի քանի տարի առաջ` աշնանային մի անձրևոտ գիշեր, միայնակ կինը անկողնում երկար շուռումուռ է եկել, բայց ոչ մի կերպ չի կարողացել քնել: Վերջապես ննջել է:

Հանկարծ նա զգացել է, թե ինչպես է մեկի անտեսանելի ձեռքը բռնել ծածկոցը և փորձում է քաշել: Մի քանի վայրկյան անց ձեռքն անհետացել է: Տարօրինակ է, սակայն կինը դրան նշանակություն չի տվել: Հաջորդ գիշեր դա նորից է կրկնվել: Այդպես շարունակվել է մի ամբողջ շաբաթ: Այնուհետև նոր հրաշքներ են սկսվել: Մի գիշեր ձեռքը չի հայտնվել, և Տատյանան հանգստացել է` որոշելով, որ գիշերային արկածները հետևում մնացին: Բայց ոչ: Այս անգամ գիշերային անհայտ հյուրը ցատկել է նրա մոտ` մահճակալին:

Առավոտյան արթնանալով սարսափելի գլխացավով` Տատյանան որոշել է, որ այդ բոլորն ընդամենը երազ էր: Սակայն մոտենալով հայելուն` նկատել է, որ մարմնի վրա կապտուկներ կան: Նշանակում է` բոլոր համբույրներն ու գրկախառնություններն իրոք եղել են: Վախ ապրելու փոխարեն Տատյանան սկսել է անհամբերությամբ սպասել գիշերվան, երբ կարող է իր «երկրպագուի» հետ հանդիպել:
Անցել է ևս մեկ շաբաթ, որից հետո նրանք սիրեկաններ են դարձել:

Այդպես շարունակվել է համարյա մեկ շաբաթ: Տատյանայի համար դրանք եղել են անմոռանալի գիշերներ, խորհրդավոր էակը հիանալի սիրեկան է եղել: Տատյանան սկզբում չի համարձակվել նրա հետ խոսել: Բայց երբ դա տեղի է ունեցել, անծանոթը սահմանափակվել է նրանով, որ տվել է իր անչափ երկար անունը: Միայն թե Տատյանան այն մտապահել չի կարողացել, դա ուղղակի անհնար է եղել: Խոսելու փոխարեն գիշերային հյուրը երևութացել է, և սիրուհին տեսել է միջին տարիքի տղամարդու`  1 մետրից մի փոքր բարձր հասակով: Չի կարելի ասել, թե նա գեղեցիկ է եղել, սակայն Տատյանային բավականաչափ հրապուրիչ է թվացել:

Այս ամենի մասին նա պատմել է իր քրոջը: Քույրն ուղղակի սարսափի է մատնվել: Խորապես հավատացյալ լինելով` նա Տատյանային հավատացրել է, թե դևն ինքն է գիշերները նրան այցելում, և այդ հանդիպումները հարկավոր է շատ արագ դադարեցնել: Իսկ դրա համար հարկավոր կլինի տունն օրհնել: Տատյանան այդպես էլ վարվել է:

Հաջորդ գիշեր արդեն ոչ ոք կնոջ անկողին չի բարձրացել: Ուղիղ կեսգիշերին նա միայն այնպիսի զգացողություն է ունեցել, ասես մեկի բրդոտ ձեռքը բարկացած հրում է իրեն: Տատյանան լավ է իմացել, թե դա ում ձեռքն է: Գաղտնի հանդիպումներն այդքանով ավարտվել են:

Կինն այդպես էլ չի իմացել, թե ով էր իր գիշերային սիրահետողը` սատանա, թե՞ տան ոգի: Բայց ով էլ եղած լինի` նման հրաշալի սիրեկանին հրաժեշտ տալը իր համար ցավալի է եղել: Ու կնոջ հիշողության մեջ ընդմիշտ մնացել են աշնանային այն գիշերները, որոնք լի են եղել ռոմանտիկայով ու կրքով: