Նախազգուշացում գալիք Ծննդյան տոների համար

ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ԳԵՐՀԶՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ

Մոլորակի համար նոր աղետ են գուշակել «Global Earthquake Forecaster Ditrianum» գաղտնագիտական խմբի մասնագետները: Նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որով գուժում են՝ գալիք ամանորին աշխարհում գերհզոր երկրաշարժեր կլինեն:
 
esoreiter.ru պարբերականն անդրադարձել է նրանցից մեկի՝ երկրաշարժագետ Ֆրանկ Հուգերբեցի (Frank Hoogerbeets) հիմնավորումներին: Գիտնականը պնդում է, որ դեկտեմբերի 21-ին նույն գծի վրա կդասավորվեն Մերկուրին, Վեներան, Մարսը և Յուպիտերը: Իսկ դա կանդրադառնա դրանցից յուրաքանչյուրի ֆիզիկական վիճակի վրա: Երկրի համար դա լուրջ աղետների պատճառ կդառնա, քանի որ տեկտոնիկ սալերը կտեղաշարժվեն, և դրա հետևանքով Ռիխտերի սանդղակով 7-8 բալանոց երկրաշարժեր կլինեն: 
 
- Երկար տարիների իմ դիտարկումները, որոնց ժամանակ ես օգտվել եմ SSGI-ից (ՍՍ երկրաչափական ինդեքս), հնարավորություն են տալիս եզրակացնել, որ մոլորակների երկրաչափությունը լրջորեն ներգործում է դրանց սեյսմիկ ակտիվության վրա՝ փոքրացնելով կամ ընդհակառակը՝ մեծացնելով այն: Այս պարագայում մոլորակները դասավորվելու են Երկրի համար ամենաանբարենպաստ դիրքով: Եվ դա տեղի կունենա դեկտեմբերի 21-25-ին, այսինքն հենց Ծննդյան տոներին,- գրել է Հուգերբեցը: 
 
Գաղտնագետը կարծում է, որ սա շատ տեղին նախազգուշացում է, քանի որ հենց տարվա այս օրերին են մարդիկ սկսում ծրագրել, թե ուր գնան, որպեսզի Ծննդյան տոները դիմավորեն հնարովորինս վառ ու հետաքրքիր:
 
Ընդ որում, Ֆրանկ Հուգերբեցը ոչ մի հանձնարարական չի տալիս, անգամ չի ակնարկում, թե որտեղ կարող են տեղի ունենալ այդ գերհզոր երկրաշարժերը: Նա միայն նախազգուշացնում է, որպեսզի մարդիկ չկորցնեն զգոնությունը և պատրաստ լինեն նման իրադարձության՝ նախընտրելով տանը մնալ: