Երկրի վրա անմահությունը ճանապարհ է դեպի Տարտարո՞ս

Անմահության գաղափարը մարդուն ուղեկցում է հազարամյակներ շարունակ, տեղ գտնում հավատալիքներում ու բանահյուսական պատումներում, դառնում ուսումնասիրությունների նյութ: Հեքիաթներում մարդիկ փորձում են ճաշակել անմահական խնձորները, աշխարհեաշխարհ որոնում են անմահական ջուրը: Կյանքում էլ բազմաթիվ գիտականներ այդ ուղղությամբ ուսումնասիրություններն են անում, որոնք հաջողությամբ շարունակվում են մինչև օրս:
 
esoreiter.ru պարբերականը նշում է՝ եթե դեռ երեկ գիտնականները համարում էին, որ մարդու կյանքը հնարավոր է միայն երկարացնել, ասենք, մինչև 300 տարի, ապա այսօր ի հայտ են գալիս համարձակ պնդումներ հնարավոր անմահության մասին: Ի դեպ, հենց երեք դար է մեզ համար սահմանել բնությունը, բայց մարդու այսքան կարճ կյանքը պայմանավորված է նրանով, որ նա իր մարմինը կործանում է ինչով միայն կարողանում է՝ սկսած շատակերությունից և վերջացրած թմրամիջոցներով: Անմահության հնարավորության մասին է հայտարարել, օրինակ, Դալլասում Տեքսասի համալսարանի մոլեկուլյար կենսաբանության պրոֆեսոր Վուդրինգ Ռայթը: Նա եզրակացրել է, որ մարդու կյանքի տարիները հաշվող «կենսաբանական ժանմացույցը» կարելի է ուղղակի կանգնեցնել: 
 
«Կենսաբանական ժամացույցը» կանգնեցնելու մասին այստեղ միայն հարկավոր է նշել, որ դա առնչվում է սպիտակուցի ակտիվությունը նորացնելուն. այն սպիտակուցի, որը պատասխանատու է մարդու օրգանիզմում քրոմոսոմների չափսերի վերականգնման համար: 
 
Բայց այստեղ արդեն մեկ այլ հարց է ծագում՝ անմահությունը բանական կենդանատեսակ համարվող մարդու համար բարի՞ք է, թե՞ չարիք: Այսպես, Սան-Պաուլուի բրազիլացի  ուսումնասիրողները եկել են այն եզրակացության, որ մարդու մահը (ի դեպ, ինչպես նաև ցանկացած այլ բարձր զարգացած կենդանու դեպքում) բնական ծրագիր է, որը Երկրի վրա կենդանի էակների ցանկացած տեսակի  հնարավորություն է տալիս զարգանալ և հարմարվել գոյության փոփոխվող արտաքին պայմաններին: 
 
Անդրե Մարտինեսի ղեկավարությամբ գործող Բրազիլիայի գիտնականների խումբը համակարգչի վրա նմուշավորել է մարդկության երկու վերարտադրություն (պոպուլյացիա)՝ սովորական և անմահ: Այս երկրորդի պարագայում մահը կարող է վրա հասնել սոսկ արտաքին բռնության կամ ներքին խեղման հետևանքով:
 
Համակարգչային ծրագիրը ցույց է տվել, որ «անմահ» մարդկությանը սպասում է լիովին ոչնչացում, այն էլ շատ արագ, այն դեպքում, երբ  մահկանացու մարդիկ կարող են գոյություն ունենալ, զարգանալ և աշխարհին հարմարվել գործնականում անվերջ կերպով: 
 
Սակայն մարդու անմահության մասին բրազիլացի գործընկերների հոռետեսական եզրակացություններին արմատապես դեմ են այն գիտմականները, ովքեր ուսումնասիրում են նանոտեխնոլոգիաները: Նրանք կանխատեսում են, որ homo sapiens-ի ապագան մահկանացու կենսաբանական ձևից անցումն է բանական կյանքի տեխնոլոգիական անմահ տեսակի: 
 
Բայց այդ դեպքում ի՞նչ է սպասում մարդ արարածին: Այդպես են հակադարձում տվյալ հմնախնդրի այլ հետազոտողներ: Չէ՞ որ այդ տեխնոլոգիական անհատը կլինի անզգա, սառը և միանգամայն հեռու այն իդեալից, որին ձգտում են մարդիկ: Եվ վերապես՝ ինչի՞ հետ է հնարավոր համեմատել այդ ռոբոտների կյանքը՝ դրախտի՞, թե՞ դժոխքի: 
Հոգևոր մարդիկ նման քննարկումներն անիմաստ են համարում: Նրանք պնդում են, թե մարդն ի ծնե անմահ է: Մեր ֆիզիկական մարմինը նրանք համեմատում են վերնաշապիկի հետ, որը մարդու անմահ հոգին մշտապես փոխում է: Ամեն անգամ նոր «վերնաշապիկ» հագնելով՝ նա փորձ է կուտակում ու կատարելագործվում, բարձրանում դեպի լույսը, դեպի Աստված: Այդ դեպքում ի՞նչ կարող է մարդուն տալ անմահությունը: Իրեն փակել անմահ վերնաշապիկ-ձեռնաշղթաների մե՞ջ: Կամավոր կերպով հոգին անժամկետ բանտել աստվածային անվերջանալի Տիեզերքի ամենաանհարմարավետ և պարզունակ աշխարհներից մեկո՞ւմ: 
 
Եվ ստացվում է, որ եթե մարդն Աստված չունի, գլորվում է սատանայի գիրկը՝ ուղղակի դժոխք: 
 
Դե ինչ՝ Աստված, Բնությունը կամ Տիեզերքը մարդ տեսակը ստեղծել է որպես մահկանացու, և ուրեմն մնում է, որ ամեն մարդ իրեն տրված կյանքն ապրի արժանապատվորեն ու լիարժեք: Կյանքից էլ հեռանա այն գիտակցությամբ, որ զուր չի ծնվել ու այս արևի տակ ապրել:  Ցավոք՝ մահկանացու մարդը մեծագույն հաջողությամբ կարողանում է թունավորել թե՛ իր, թե՛ մնացածների կյանքը: Եվ այս դեպքում արդեն անմահության ու մահկանացու լինելու միակ տարբերությունը մնում է դժոխային վիճակի ժամկետը՝ մահկանացուների համար այն գոնե երկրի վրա ավարտվում է մահով, իսկ անմահների համար ձգվում է՝ մինչև վրա կհասնի մի ինչ-որ «արտաքին բռնություն» կամ «ներքին խեղում»: