Առեղծվածային մահեր և անհետացումներ՝ Ստվերների հովտում

Հիմալայների խորքում թաքնված է մեր մոլորակի ամենաչարաբաստիկ, սակայն շատ քիչ հայտնի վայրերից մեկը: paranormal-news.ru կայքի հրապարակումը պնդում է, թե դա մի հրաշագեղ, սակայն մահացու վտանգավոր վայր է, քանի որ արդեն շատ տարիներ այնտեղ հանելուկային ձևով զոհվում կամ անհետանում են մարդիկ:
 
Հիմալայների այդ տեղամասը գտնվում է Հնդկաստանի Հիմաչալ-Պրադեշ նահանգում, որը տառացիորեն թարգմանվում է «ձյունածածկ գավառ»: Իսկապես էլ, տեղի լեռներում ձյունը նստած է ամառ թե ձմեռ:
 
Նահանգի հյուսիսում է գտնվում Կուլանտապիտա (նույնն է, թե Կուլլու) անունով վայրը, որը թարգմանվում է որպես «բնակելի աշխարհի ավարտը», սակայն սակավաթիվ տեղաբնակներն ավելի հաճախ այդ վայրն անվանում են «Աստվածների հովիտ» կամ «Ստվերների հովիտ», և դրա հետ բազմաթիվ ավանդազրույցներ ու առասպելներ են կապված: Օրինակ, ասում են, թե այդ վայրերում մի անգամ հնդկական Շիվա աստվածը 1100 տարով խորասուզվել է խոհերի մեջ: 
 
Այդ ավանդազրույցներն ու շլացուցիչ գեղեցիկ բնությունը վաղուց ամբողջ աշխարհից հրապուրում են արկած որոնողների, իսկ վերջին տարիներին աշխուժորեն զարգանում է բնազբոսաշրջությունը: Ոմանք այստեղ են գալիս Շանգրի-Լա առեղծվածային երկիրը փնտրելու (մտացածին անվանում ֆանտաստ գրող Ջեյմս Հիլտոնի գրքից), որը Շամբալայի այլաբանությունն է: (Այն Շամբալայի, որը գտնելու և ամենազոր դառնալու հույսով Հիտլերն արշավախմբեր էր ուղարկում Տիբեթ): Ուրիշները որոնում են ձյունապատ լեռնային բարձունքներ և փորձում են դրանք հաղթահարել: Մեկ այլ խմբի մարդիկ էլ ձգտում են իրենց բացահայտել՝ խորասուզվելով  գերբնական հոգևոր վարժանքների մեջ: 
 
Միայն թե նրանց բոլորին չէ, որ վիճակված է հետ գալ: Միայն վերջին տասը տարում այնտեղ հանելուկային ձևով անհետացել է 20-ից ավելի արտասահմանցի: Նրանց մի մասին հետագայում գտել են մեռած, սակայն մահվան պատճառը պարզել հնարավոր չի եղել: Մնացածներն ընդմիշտ կորել են: 
 
Կարելի է ենթադրել, որ այդ բոլոր արտասահմանցիները տուժել են տեղական քրեական հանցագործների ձեռքից, սակայն ոչ մի քրեական հետք այդ դեպքերում չի հայտնաբերվել: Ընդ որում, այդ ամբողջ շրջանը վաղուց է զբոսաշրջիկներ ընդունում (ուստի ոչ մեկի համար շահավետ չէ, որ նրանց ինչ-որ մեկն սպանի, և նրանք զգուշանան այդտեղ գալ): 
 
Ամենահայտնի դեպքերից  մեկն է դարձել Բրիսթոլի համալսարանի 21-ամյա ուսանող Են Մոգֆորդի անհետացումը 1996թ.: Նա անհետացել է տեղական տաճար այցելելուց հետո, իսկ երբ ընկերներն սկսել են փնտրել, առեղծվածային կերպով պարզվել է, որ նրա անունն անգամ հիշատակված չէ այն տան հյուրերի գրքում, որտեղ նա օթևանել էր: Միայն թե կասկած չկա, որ այդ գրքում նրա անունը նշված եղել է: 
 
Նույն՝ 1996թ., նույնկերպ տարօրինակ կերպով կորել է 32-ամյա իտալուհի Ալեքսանդրա Վերդին: Նա անհետացել է հենց այն տնակից, որը վարձակալել էր, և հենց այդ տնակում գտնվել է ընդամենը արյան մի քանի բիծ: Ավելի ուշ նրա դիակը գտել են տեղական գետի ափին, բայց այդպես էլ հնարավոր չի եղել պարզել, թե ինչից է իտալուհին մահացել: 
 
1997թ. անհետ կորել է կանադացի ուսանող Արդավան Թահերզադեհը, իսկ 1999թ. նույն կերպ անհետացել է 21-ամյա Մաարտեն դե Բրյոյնը՝ հոլանդացի հանրահայտ բանկիրի որդին: 
 
2000թ. ռուսաստանցի Ալեքսեյ Իվանովը ուղևորվել է մանրամասնորեն ծրագրված երեքշաբաթյա արշավի և նույնպես անհետ կորել է: Ամենաուշագրավն այն է, որ երբ նրա երթուղով անցել է որոնողական ջոկատը, նրանք գտել են մի քանի՝ արդեն ծեր և անճանաչելիորեն փոխված մարդկային մնացորդներ (հնարավո՞ր է՝ դրանք ավելի վաղ անհետացած ուսանողներն են եղել), սակայն չեն գտել Իվանովի իրերից ոչ մեկը և անգամ նրա հետքերը: Ռուսաստանցին ասես ուղղակի վերացել է երկրի երեսից:  
 
Նույն՝ 2000թ. ինչ-որ մեկը հարձակվել է գերմանացի երկու զբոսաշրջիկի վրա՝ կնոջ և տղամարդու, երբ նրանք քնած են եղել վրանում: Նրանց վրա մի քանի անգամ կրակել են  կոտորակային հրացանից, սակայն նրանց իրերից ոչ մեկը չեն վերցրել: Տղամարդը զոհվել է անմիջապես, իսկ վիրավորված կինը սողալով մի կերպ հասել է մոտակա բնակավայրը, որտեղ նրան օգնություն են ցույց տվել: 
 
Այս դեպքից շատ չանցած՝ նույն 2000թ., չճանաչված մարդկանց մի խումբ հարձակվել է 32-ամյա Մարտին Յանգի, նրա կնոջ և 14-ամյա որդու վրա: Այս հարձակումը նույնպես գիշերն է եղել, երբ մարդիկ քնած են եղել վրանում: Ոչ մեկին չեն սպանել, սակայն ուժգին ծեծել են, բայց կողոպուտ դարձյալ չի եղել: 
 
Հարձակվողներին հանգամանորեն փնտրել են, բայց ապարդյուն: 
 
2013թ. ամերիկացի արկած որոնող Ջասթին Շետլերը  աշխատանքը թողել է և ճամփորդություն ձեռնարկել աշխարհով մեկ: Նա բարեհաջող շրջել է բազմաթիվ երկրներով և 2016թ. մոտոցիկլով եկել է Հիմալաչ-Պրադեշի նահանգը: Նա վարել է «Ջասթինի արկածներ» (Adventures of Justin) հայտնի բլոգը և այնտեղ նկարագրել է իր այցելություններն ու գիշերումները տեղական քարանձավներում: 
 
Ահա Ջասթինի վերջին գրառումն իր բլոգում.
 
«Սադհուն (մենակյացը) ինձ հրավիրեց իր հետ աղոթել: Մենք պետք է բարձունքի քարանձավում ապրենք սուղ պայմաններում, խոկանք և զբաղվենք յոգայով: Ես այնտեղ կուղևորվեմ վաղը և Համացանցի աշխարհ կվերադառնամ սեպտեմբերի կեսերից մինչև վերջը: Այնտեղ տանող արահետը դժվարին է, և աշնանը փլուզումներ են լինում: Ես պետք է վերադառնամ սեպտեմբերի կեսերին կամ դրան մոտ ժամանակ: Եթե ես այդ ժամանակ չվերադառնամ, ինձ մի որոնեք»:
 
Այս գրառումը, որքան էլ լուրջ բովանդակություն ունի, արվել է Ջասթինի համար սովորական անհոգ ոճով և ուղեկցվել է «սմայլիկներով»: Դրա համար էլ ոչ մեկի մտքով որևէ վտանգ չի անցել: Մանավանդ, Ջասթինի արկածները միշտ էլ ինչ-որ չափով վտանգ պարունակել են, և ինքն ու իր ընթերցողները դրան սովոր են եղել: 
Բայց Ջասթինն այլևս հետ չի եկել երբևէ: Վերջին անգամ նրան տեսել են սեպտեմբերի 3-ին Մանթալայ լեռնային լճի ճանապարհին, և նրա տեսքը բնավ լավ չի եղել: Նա շատ տանջահար և շատ վախեցած է թվացել: 
 
Հետագայում Շետլերների ընտանիքը ձեռնարկել է Ջասթինի մանրազնին որոնումը, և նրանք գտել են տեղական սադհուին, որի հետ, ըստ ամենայնի, անհետանալուց առաջ շփվել էր Ջասթինը: Բայց երբ ճգնավորին ձերբակալել ու բանտ են բերել, նա հենց տեսախցիկի առջև ինքնասպան է եղել: Լուրեր են տարածվել, թե նրան սպանել են հենց ոստիկանները, որպեսզի նա չբացահայտի ինչ-որ սարսափելի գաղտնիք: 
Դրանից որոշ ժամանակ առաջ՝ 2015թ. օգոստոսին, հովտում անհետացել էր լեհ Բրունո Մուսչալիկը: Նա ցանկացել էր ուղևորվել հարևան Պարվատի հովտի ճամբարը, հավաքել էր սննդանթերքը, հագուստը, նստել ավտոբուս և… նրան այլևս ոչ ոք չի տեսել: 
 
Բայց ի՞նչ կարող էր պատահել այդ բոլոր այդ մարդկանց հետ: Ամենատրամաբանական տարբերակն ասում է, որ նրանք ուղակի չեն կարողացել հարմարվել տեղի եղանակային խիստ պայմաններին: Ցրտահարվել են, երերացել ու անդունդն են գահավիժել, մոլորվել են ու մահացել ծարավից և նման բաներ: 
 
Մեկ այլ տարբերակով  նրանք, այնուամենայնիվ, զոհ են գնացել տեղի քրեական տարրերին: Չնայած այստեղ Հնդկաստանի ամենացածր հանցավորության մակարդակն է, այստեղ էլ են հանդիպում զինված ավազակներ և թմրավաճառներ: 
Մեկ այլ տարբերակ էլ հուշում է, թե մարդիկ կարող էին իրենք կյանքի հետ իրենց հաշիվները մաքրել: Ամեն դեպքում, քիչ չի լինում, որ արտասահմանցիներն այստեղ են գալիս՝ իրենց կյանքի ինչ-որ կարևոր հարց այստեղ որոշելու նպատակով, ինչ-որ ուրիշ բան որոնելու՝ իրենց համարելով հասարակությունից դուրս և ոչ այնպիսին, ինչպիսին ուիշներն են: Հնարավոր է՝ նրանք ցանկացել են ընդմիշտ անհետանալ, որպեսզի ոչ ոք իրենց գտնել չկարողանա: