Երջանիկ կամ դժբախտ լինելը մարդուց չի կախված

ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԻ` «ԿՌՎԱՐԱՐ ՀՈՌԵՏԵՍՆԵՐԻ ԱԶԳ» ԼԻՆԵԼՈՒ «ՄԵՂԱՎՈՐԸ» ՆՐԱՆՑ ԳԵՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

Ուորիքի համալսարանի բրիտանացի հետազոտողների գիտական նոր հայտնագործությունն ինչ-որ չափով հաստատում է ճակատագրապաշտների պնդումը, թե ամեն մարդ ունի իր անխուսափելի ճակատագիրը: Այս նոր տեսությանն անդրադարձել է esoreiter.ru պարերականը` նշելով, թե որքան էլ այս ուսումնասիրության հեղինակը բրիտանացի գիտնականներն են (այս վերջին բառակապակցությունը համարելով ուղղակի հեգնանքի արժանի), այն միանգամայն ուշագրավ է:

Անգլիացի գրող Քվենտին Քրիսպը, իր երկարատև կյանքն ապրելով 20-րդ դարի սկզբից մինչև վերջը, շատ բան է տեսել ու վերջում եկել մի անմխիթարական եզրակացության` բրիտանացիները երբեք երջանիկ չեն լինի, քանի որ սա կռվարար հոռետեսների ազգ է: Ու հենց դա էլ հաստատել են Ուորիքի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ անգլիացիները գենետիկորեն ծրագրավորված են դժբախտության համար:
Եվ ոչ միայն նրանք: Այդպիսին են, օրինակ, նաև զտարյուն ամերիկացիները: Չէ՞ որ նրանք  սերում են նույն դժբախտ անգլիացիներից: Դրա համար էլ այդ երկրի ո՛չ կայությունը, ո՛չ հարստությունը, ո՛չ ամբողջ աշխարհի վրա ունեցած իշխանությունը յանկիներին բավարաված չեն դարձնում: Նրանք, ինչպես և անցած հարյուրամյակներում,  վհատվում են ու հիասթափվում, ամբողջ աշխարհին մեղադրում զանազան մեղքերի համար… Բայց բանն այն է, որ անգլոամերիկացիների այն գենը, որը արտադրում է սերատոնին անունով երջանկության հորմոնը, չափազանց կարճ է: Դրա համար էլ այս մարդիկ ի վերուստ չեն կարող երջանիկ լինել` ինչ էլ կյանքը նրանց տա, ինչպիսի նյութական բարիքներ էլ նրանց գլխին թափվեն:

Ինչպես գրում է The Times-ը` հենվելով Ուորիքի համալսարանի տվյալ հետազոտությունը ղեկավարող պրոֆեսոր Էնդրյու Օսվալդի պնդման վրա, ամերիկացիներից ու անգլիացիներից ավելի դժբախտ միայն ֆրանսիացիներն են: Նրանց այդ գենն ավելի կարճ է:
Իսկ օրնակ դանիացիներն ու հոլանդացիներն «ուրախ ազգ» են: Նրանց ուրախությունը մթագնել չեն կարող ոչ մի տեսակի ողբերգություն կամ տհաճություն: Նույն ԱՄՆ-ում, օրինակ, ապրում են ոչ միայն զտարյուն ագլիացիներ, և դրա շնորհիվ է, որ այդ երկրում նաև երջանիկ մարդիկ կան:

Այս տեսանկյունից ուշագրավ է «Գելափ ինթերնեյշնլ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հարցումը 2012թ: Այն պարզել է, որ Հայաստանում իրեն երջանիկ է համարում բնակչության 70%-ը: Սա մի արդյունք էր, որը համարյա բոլորին զարմացրել էր: Բրիտանական հետազոտության մեջ հայերիս տվյալ գենի երկարության մասին ոչինչ չի ասվում, սակայն այս արդյունքն արդեն իսկ փաստում է, որ սերատոնինի արտադրությունը մեր մարմնում բարձր հիմքերի վրա է: Երևում է` հենց դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք հաղթահարել ծանր կուրուստներն ու հուսահատությունը և անգամ հազարամյակների ծանր ճնշումից հետո հաղթանակներ տոնել ու ստեղծագործել: