Մարդու ուղեղը կարող է գործել անգամ սրտի կանգից և մահը ճանաչելուց ժամեր անց

Նյու Յորքի Սթոուն Բրուք համալսարանի բժշկական դպրոցի հետազոտական խումբը՝ Սեմ Փարնիայի գլխավորությամբ, ուշագրավ հայտարարություն է արել, որն առնչվում է «կյանք մահից հետո»-ին: Հենց այդ պատճառով էլ այն գրավել է  շեղումային երևույթների մասին պատմող paranormal-news.ru-ի ուշադրությունը:
 
Հրապարակումն ազդարարում է, որ Սեմ Փարնիան արդեն շատ տարիներ զբաղվում է մարդու սիրտ-թոքային վերակենդանացման երևույթների հետազոտությամբ: Նա շատ անգամներ գործ է ունեցել կլինիկական մահ տարած մարդկանց հետ, ովքեր պատմել են իրենց անսովոր տեսիլքների և զգացողությունների մասին: Փարնիայի խմբի հետազոտությունների նպատակը վերակենդանացման գործողությունների որակի բարելավումն է և գլխուղեղի վնասվածքի կանխումը՝ սրտի աշխատանքի վերականգնման պարագայում: ԱՄՆ-ից և Եվրոպայի երկրներից եկած հիվանդների սրտի կանգի դեպքեր ուսումնասիրելով, խումբը պարզել է, որ մարդկանց ուղեղը շարունակում է աշխատել անգամ նրանց մահը ճանաչելուց բավական ժամանակ անց էլ:
 
Ուղեղն այնքան լավ է աշխատել, որ հիվանդը որոշ ժամանակ շարունակել են լսել բժիշկների խոսքերը և ամեն ինչ գիտակցել: Սրտի կաթվածից հետո ողջ մնացածները պատմել են, թե իրենց շուրջն ինչ է կատարվել, երբ նրանք արդեն մահացած էին համարվել սրտազարկերի դադարից հետո: Նրանք անգամ լսել են, թե ինչպես է բժիշկը խոսում իրենց մահվան ժամի մասին:
 
- Նրանք մանրամասնորեն նկարագրել են բժիշկների զրույցները բուժքույրերի հետ, նկարագրել են իրավիճակը: Սովորաբար, երբ սրտազարկերը դադարում են և հնարավոր չի լինում անմիջապես վերականգնել, բժիշկները հայտարարում են հիվանդի մահվան ժամանակը: Համարվում է, որ ուղեղի բոլոր գործառույթները նույնպես այդ ժամանակ կանգ են առնում: Հենց որ սիրտը կանգ է առնում, ուղեղն այլևս զրկվում է արյան շրջանառությունից, իսկ դա նշանակում է, որ մեր ուղեղի գործունեությունը դադարում է գործնականում վայրկենապես:  Դուք կորցնում եք ձեր բոլոր ուղեղային ռեֆլեքսները,- LiveScience-ին տված հարցազրույցում պատմել է Սեմ Փարնիան:
 
Սակայն Փարնիայի խմբի հետազոտությունները ցույց են տալիս, որ իրականում դա այնքան էլ այդպես չէ: Ուղեղի այն գործառույթը, որը պատասխանատու է մտածելու համար, ասես մարում է, և մոնիթորների վրա ոչինչ չի նշմարվում: Սակայն իրականում ուղեղի բջիջները կարող են գործուն լինել մարդու պաշտոնական մահից անգամ մի քանի ժամ անց: Սեմ Փարնիայի խոսքով՝ այդտեղ խորհրդավոր ոչինչ չկա, քանի որ հնարավոր է՝ դրա «մեղավորը» սրրտ-թոքային վերակենդանացման ընթացակարգն է, որի ժամանակ ուղեղ է հասնում արյան ոչ մեծքանակություն, սովորական չափի մոտավորապես 15%-ը: Այդքանն էլ բավական է լինում, որ ուղեղի բջիջների մահը դանդաղի, սակայն բավարար չի լինում, որ նրա շախատանքն ապահովի ամբողջությամբ: Այդ պատճառով նրա վերակենդանացման ժամանակ ուղեղային ոչ մի տեսակի ռեֆլեքս չի նկատվում: 
 
- Եթե այնուամենայնիվ հաջողվում է սիրտը դարձյալ գործը գցել, ուղեղն աստիճանաբար նորից է սկսում աշխատել ամբողջ ուժով: Եվ ինչքան երկար են բժիշկները վերակենդանացման քայլեր անում, այնքան շատ են դանդաղեցնում մահացման ընթացքը և ուղեղի հրաժարումը գործելուց,- նշել է ամերիկացի գիտնականը: 
 
Փարնիայի խմբի այս հետազոտության մեջ մխիթարականը թերևս այն է, որ եթե հաջողվի մարդուն ուշքի բերել մահը ճանաչելուց անգամ ժամեր անց, ուղեղը վնասված չի լինի, այսինքն նա կարող է լիարժեք կյանով ապրել: Իսկ բժիշկների համար սա գուցե նշանակում է փոխել մարդու մահը հայտարարելու ժամանակը և վերակենդանացման գործողությունները շարունակել ավելի երկար: