ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԲԵՐՄԱՆ ԷԻՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ

ՄԻՊ-ի զեկույցը` հուլիսյան դեպքերի մասին

Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝  2016- իհուլիսյան իրադարձությունների ժամանակ կոպտորեն խախտվել են մարդու իրավունքները: Իսկ Դավիթ Սանասարյանի, Վաղինակ Շուշանյանի, Անդրանիկ Ասլանյանի նկատմամբ նաև բռնություն է կիրառվել:

ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր  ներկայացրեց նախորդ տարի հուլիսյան դեպքերի մասին պաշտպանի զեկույցը՝ արձանագրելով, որ ոստիկանության խախտումներն աձանագրվել են հենց հուլիսի 17-ին: 

- Ոստիկանությունը հուլիսյան  դեպքերի ժամանակ  բերման էր ենթարկում քաղաքացիներին` առանց պարզաբանում ներկայացնելու: Այդ վիճակում  բերման ենթարկելն անընդունելի է, քանի որ այդ պահին ոչինչ չէր վկայում որ հավաքը խաղաղ չէր լինելու:  Համենայնդեպս, ոչ մի մարմին հակառակը չի վկայել: Այդ հավաքներն ինքնաբուխ էին, իսկ ոստիկանությունը միջամտեց  ապօրինի ձևով,- ասաց  պաշտպանը: 
 
Ավելին, Երևանի քաղաքապետարանը չէր արգելել հավաքներ անցկացնել:
 
Այդ օրերին սոցցանցերում հնչում էին իրավապահների հետ զենքով հարցեր լուծելու, ատելության կոչեր:  Դա ևս, ըստ  Արման Թաթոյանի՝ անթույլատրելի է, բայց այդ  լարվածությանը նպաստեց ոստիկանության պահվածքը: Ի դեպ՝ զեկույցում անդրադարձ կա նաև ոստիկանների կողմից դեղահաբեր օգտագործելու փաստին: Իսկ ինչ վերաբերում է հասարակական կարգի պահապանների կիրառած հատուկ միջոցներին՝ ՄԻՊ-ը  դրանք որակում է որպես անհամաչափ միջոցներ. 
 
- Թեև սկզբունքորեն ոստիկանությունն ունի իրավունք հատուկ միջոցներ գործադրել, բայց դրանք անհամաչափ գործադրվեցին: 
 
Անդրադառնալով  լրագրողներ հանդեպ բռնություններին` Ա. Թաթոյանը նշեց, որ  լրագրողներին իրավապահները որպես թիրախ առանձնացրել են ցուցարարներից:  Նրանց հանդեպ բռնությունները եղել են հուլիսի 19-ից . նպատակ էլ եղել է  նրանց պատժելը, որ դադարեցնեն իրենց աշխատանքը: 
Արման Թաթոյանն անթույլատրելի է համարում զինված խմբին ուղիղ  եթեր  տալը:   Բանն այն է, որ զինված խումբը զենքով ներկայացավ ուղիղ եթերում, մինչդեռ նախապես խոսվում էր առանց զենքի ներկայանալու մասին:  Բացի այդ` ուղիղ եթերի ժամանակ զինված խումբը   անկանոն կրակոցներ արձակեց, և բռնության կոչեր հնչեցին` բենզինի շշերով կռվել և այլն:  

 

ՀԻՇԵՑՆԵՆՔ` 2016 -ին «Սասնա ծռեր» խմբի երեք տասնյակ անդամներ գրավել էին  Էրեբունու ՊՊԾ գունդը` արտահայտելով իրենց բողոքն  իշխանության  դեմ և քաղաքական պահանջներ ներկայացնելով: Ի պաշտպանություն խմբի՝ հանրությունը նրանց աջակցող տարատեսակ ակցիաներ էր կազմակերպում. բազմամարդ հավաքներ՝ ինչպես Խորենացի  փողոցում, այնպես էլ Երևանի այլ վայրերում ու մարզերում:  Հուլիսի 17-31-ը ՄԻՊ-ը 200-ից ավելի հաղորդում էր ստացել՝ 335 դեպքի մասին: