Նոր խորհրդարան. ի՞նչ կլինի, եթե այն գնա ժամանակավոր հանգստի

Վա՛յ այն հումորին, որի 50 տոկոսը լուրջ չէ: Այս հորդոր-առաջարկը հենց այդ դեպքերից է:

Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ. ԵՐԵՎԱՆ  (JAMnews)

Կարելի է մի քանի տարի յոլա գնալ հին օրենքներով և խորհրդարանին տրամադրվող գումարը ծախսել Հայաստանում առկա լուրջ խնդիրները լուծելու վրա

Հայաստանը նոր խորհրդարան ընտրեց: Այս Ազգային ժողովը առաջվանից ավելի փոքր է լինելու՝ նախկին 131-ի փոխարեն կունենա 105 պատգամավոր: Հենց այս 105-էլ ընտրելու են վարչապետ, նախագահ, դատախազ… մի խոսքով՝ բոլորին: Լավ, դա՝ երեք օր: Իսկ հետո՞ ինչ են անելու: Բոլոր ոլորտներում արդեն այնքան օրենքներ ունենք՝ իրենց ուղղումներով ու լրացումներով, որ հազիվ թե նորերի կարիքը լինի: Մեր օրենքները կարգավորում են հանրային կյանքի ամեն մի անկյուն: Ասենք.
Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքով արգելվում է կենդանիների սայլ քշել, եթե այն հետևի մասում չունի կարմիր գույնի երկու լուսանդրադարձիչներ կամ լապտերներ և կահավորված չէ արգելակով:
 
Նոր Ազգային Ժողովը ինչքան էլ մտածի, սրանից այն կողմ չի կարող բան հնարել: Եվ ես իսկապես անհանգստանում եմ, որ մեր ընտրյալները հանկարծ պարապ կմնան: Իսկ դա վտանգավոր է. կստեղծվեն նոր օրենքներ ու լրացումներ: Ասենք, մեկ այլ օրենքով՝ միայն 20 տարեկանը լրացած անձը կարող է տրամվայ վարել: Վատ չէ, ուղղակի Հայաստանում տրամվայ չկա: Բայց պատգամավորները մեղավոր չեն, նրանք ստանում են 6 նիշանոց աշխատավարձ ու հավելավճարներ և հասկանում են, որ պարապ չպետք է նստեն:
 
Էլ չենք խոսում Ազգային Ժողովը պահելու և պահպանելու բյուջեի մասին: Դժվար է մտածել, որ մի հիմնարկ, որի գոյության համար հարկատուները 2017թ-ին ավելի քան 4.5 միլիարդ դրամ են վճարելու, հանկարծ «աչքի ընկնի» իր անգործությամբ:
 
Դժվար է, բայց մտածենք: Ենթադրենք, մեր ԱԺ-ն հենց առաջին քառօրյա նիստի ժամանակ հաշիվները փակեց բոլոր ընտրովի պաշտոնների հետ: Այս դեպքում ինչու՞ իզուր տանջել այս 105 պատգամավորներին: Ինչու՞ թողնել, որ նրանք իրար հետ կռվեն, իրար վիրավորեն կամ ծաղրեն: Ինչու՞ ձմռանը տաքացվի, իսկ ամռանը` հովացվի նիստերի դահլիճը, ինչու՞ դատարկ վազք կատարեն ավտոմեքենաները: Ավելի լավ է փակել հիմնարկը՝ մինչև նոր անհրաժեշտություն:
 
Մի բան է ափսոս միայն, որ այս հարցում մենք առաջինը չենք լինի, ինչպես սիրում ենք լինել: Մեզնից առաջ է անցել Սենեգալը: Այն էլ՝ 5 տարի առաջ: Պարզվում է՝ այդ աֆրիկյան երկրում արձակել են 100 տեղանոց սենատը՝ որպեսզի փող խնայեն: Եվ պատկերացրեք՝ մի օրում երկիրը օդից 15 միլիոն դոլարի տեր է դարձել: Արդարադատության նախարար Ամինատա Տուռեն հայտնել էր, որ այդ գումարով վերացվելու են անձրևի և ջրհեղեղի հետևանքները, և ջրհեղեղի 13 զոհերի ընտանիքներին փոխհատուցում է տրվելու: Ոգևորվելով՝ Սենեգալում արդեն 5 տարի է վերացրել են նաև  փոխնախագահի պաշտոնը:
 
Մենք հաճախ ենք մեզ համեմատում աֆրիկյան երկրների հետ՝ կենսամակարդակի վատ իմաստով: Հիմա ժամանակն է նաև սովորելու: Մենք ունենք մոտ 4.5 միլիարդ դրամ Բաղրամյան փողոցում և 3080 տնակ՝ Գյումրիում: Չեմ հասկանում, մի քանի տարի չի՞ կարելի յոլա գնալ հին օրենքներով և վերջնականապես այս հարցը լուծել:
 
Կամ, եթե պարապուրդի պատճառով ազատում են Նաիրիտի, Քիմպրոմի, Հայկական ավիաուղիների հարյուրավոր աշխատակիցների, ուրեմն ինչու՞ չպետք է «վաստակած» հանգստի ուղարկել նաև խորհրդարանը, ծայրահեղ դեպքում դրա պարապ անդամներին:
 
Ես գրեթե համոզված եմ, որ հոգու խորքում հենց այդ նույն պատգամավորները «կողմ» կքվեարկեն այս որոշմանը, որովհետև իրենք էլ են երազում օրենսդրական կապանքներից ազատվելու մասին: