ՀԵՌՎԻՑ

Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ. ՀՀ ԱԺ ՀՅԴ նախկին պատգամավոր

Ինձ միշտ նյարդայնացրել են հեռվից օգտակար խորհուրդներ տվողները՝ հատկապես նախկին հայաստանցիներն. այնքան հեշտ է ընկղմվել փափուկ բազմոցի մեջ, մի ձեռքում սուրճի բաժակ, մյուսում՝ ինչ-որ սենդվիչ, ու կյանքը փոխելու կամ պայքարելու դաս տալ Հայաստանում ապրողներին, մանավանդ՝ տառապելով ապրողներին։ Այնինչ Հայաստանում ինչ-որ բան փոխելու լավագույն ձևն այնտեղ ապրելն ու փոխելուն մասնակից դառնալն էր և նրանք ունեին այդ հնարավորությունը։ 
Չէ՜, չեմ դատում, պարզապես մտածում եմ բարձրաձայն։ (Պայքարել բառից մի տեսակ հոգնել եմ, չի ստացվում, թե՞ արժեզրկել ենք այն, չգիտեմ…)։
 
Փոխելու շատ բան կա, խնդիրը դա չէ... Փոխելու մասին վաղուց ու համառոեն խոսում են բոլորը. բարիկադների բոլոր կողմերում էլ խոստումների ու ախտորոշումների պակաս չկա, բայց համառորեն ոչ մենք ենք փոխվում, ոչ՝ իրականությունը։ Անկեղծ չենք, իսկ մեր թվացյալ, գավառական պսևդոխելոքությունը մեր դեմ է աշխատում... 
 
Հիմա, որ գրեթե սփյուռքահայ եմ դարձել ու գիշերային պահակի սթափությամբ հետևում եմ լրահոսին ՝ փորձելով պատառ-պատառ պատկերներից հայրենիքի պատկեր կերտել, հասկանում եմ շատերին։ Մի մասն իր փախուստը պիտի արդարացնի. բնական է ու մարդկային։ Բայց, վստահաբար՝ շատերի մղումն ավելի լավ հայրենիք-պետություն ունենալու անկեղծ ցանկությունն է։ Հեռվից մի տեսակ ամեն ինչ ավելի խոշոր է երևում, տագնապը կամ ուրախությունն ավելի ընդգծված՝ շտապելու ու չհասնելու հևքով, ցավով, հաճախ՝ մեղավորությամբ։ 
 
Գրեթե ամենօրյա համեմատությամբ եմ ապրում. մենքի ու նրանքի կշեռքս չի դադարում նժարել։ Ու առանց ավելորդ սնափառության պիտի ասեմ՝ հայ լինելու հպարտության ու շոյվող արժանապատվության բազմաթիվ պահեր եմ ապրում։ Այս մասին մի ուրիշ անգամ անպայման գրելու եմ…
 
Մենք լավն ենք, հաստատ լավն ենք. մեզ հեռվից ավելի լավ ես ճանաչում-տեսնում։ Անհատի մեր տեսակը, անհատի մեր կռիվն աննահանջ է, չտատանվող, մեր թանձր տեսակը թանկ է, սահման չճանաչող, որակով ու խորը։ Հենրիկ Մխիթարյանի, Նարեկ Հախնազարյանի, Տիգրան Համասյանի կամ Լևոն Արոնյանի ամեն մի հաղթանակից, բոլորի պես, քիչ է մնում պայթի սիրտս. Ակամայից ֆուտբոլասեր եմ դարձել, մշակութային ու սպորտային միջազգային հարթակներում մերոնց ազգանուններն եմ փնտրում ու ոգևորությունս ձգում խաղից խաղ, բեմից՝ բեմ։ Անհատի հաղթանակները կարևոր են, ապրեցնող. Այո՝ անհատի դերակատարությունը պատմությամբ է ապացուցված, բայց վերջին հաշվով քաղաքակրթական խաչմերուկներում հաղթանակները մրցունակ ազգերն են գրանցում։
 
Իսկ մենք չիրացված ու չիրացվող անասելի պաշարներ ունենք, Հայաստանում ու ամենուր... իսկապես մրցունակ դառնալու անասելի պաշարներ, աշխարհում ամենաթանկ բանը՝ մարդկային որակյալ ռեսուրսը...
Նորից մեր երկրի ընթացքը փոխելու հերթական մարտահրավերի առջև ենք, խոստումների ու ախտորոշումների պակաս չկա։ Գլխապտույտ, ավելին՝ տհաճություն առաջացնելու չափ շատ են բառերն ու դեմքերը։ Ու, ինչպես միշտ՝ աղմկում ու բազուկներին են տալիս նրանք, ովքեր հինգ տարի ձկան լռությամբ, այն էլ միայն նիստերի առաջին կես ժամն են նստել ԱԺ-ում, նրանք, ովքեր սահմանագծում հայտնվել են զինվորի ֆոնին հերոսական կեցվածքով սելֆիավորվելու համար։ 
Մեր հայրենիքում հիմա երկու ճակատով կռիվ է՝ սահմանին ու տանը։ Սահմանի համար հանգիստ եմ, հույսս հայ զինվորն է, պարտություն չճանաչող, հող ու հարենիքի համար թշնամու աչքերի մեջ անթարթ նայած հայ զինվորը։ 
Մեր տան կռիվը նույնքան և ավելի կարևոր է. Սահմանի հաղթանակը , մեր հեռակարն ու արժնապատիվ գոյությունը երաշխավորող։ 
 
Հայաստանում նորից ինչ-որ բան փոխելու, նոր սկզբի լավագույն ժամանակն է։ Ունենք այդ հնարավորությունը, մասնակից ու դերակատար դառնալ փոխելուն։ 
 
Նոր, մրցունակ որակների արագ ժամանակում հետ մնալու իրավունք չունենք։ 
 
Հաստատ, հաստատ` որևէ մեկը մեր փոխարեն լավ երկիր չի կառուցելու։ 
 
Իսկ մենք հաստատ լավն ենք...