«Թուրքիան կարող է հարվածել Հայաստանին և Ղարաբաղին»

Մետաքսի ճանապա՞րհ, թե մետաքսե խաղաղություն. Հայաստանը աշխարհաքաղաքական մեծ խաղերի և ճղճիմ շահերի արանքում

Մինչ մենք տարված ենք ընտրություններով և ներքաղաքական «փիառներով» (հիմնականում՝ սև), մոլորակի չափանիշներով այնպիսի գործընթացներ են թափ առնում, որոնք տնօրինող ուժերը, ինչպես արդեն շատ անգամներ է պատահել, քեզ ու քո երկիրը դիտարկում են միայն այն տեսանկյունից, թե իրենք որքան օգուտ ու շահ կունենան: Բարոյականությունը վաղուց արդեն քաղաքական կատեգորիա չէ, միակը մնացել է շահը: Մեր սեփական շահը մեր հայրենիքն ամբողջական, բարգավաճ ու ապահով տեսնելն է: Սա է մեր շահը, որին պետք է հետամուտ լինենք ամեն օր ու բոլոր հանգամանքներում:
 
Մայիսի 14-15-ին Պեկինում կայանալու է Մետաքսի ճանապարհի վերաբերյալ միջազգային համաժողովը` 65 երկրի պատվիրակների մասնակցությամբ: Մեր հայրենակից Սագիս Ծատուրյանն այս առնչությամբ ուշագրավ և մտահոգիչ վերլուծություններ է հրապարակել «Ռեգնում» ռուսալեզու կայքում: Վերնագիրն իսկ արդեն շատ բան է ասում՝ «Ճակատամարտ Իրանի համար. Թուրքիան կարող է հարվածել Հայաստանին և Ղարաբաղին»:
Այն հանգամանքը, որ միջնադարի համար այդքան կարևոր նշանակություն ունեցած Մետաքսի ճանապարհի գաղափարը ասպարեզ է նետվել քսանմեկերորդ դարում (երբ թվում է՝ հեռահաղորդակցության ու տրանսպորտային փոխադրումների արդի մակարդակը դրա անհրաժեշտությունը վերացրել է)՝ արդեն իսկ շատ բան է ասում: 
 
Իհարկե՝ Մետաքսի ճանապարհը սոսկ առևտրային բանուկ ուղիների ցանց չի եղել, իր ժամանակին այն նաև քաղաքական, ռազմավարական, մարտավարական նշանակություն է ունեցել: Ընդ որում հայ առևտրականներն այնտեղ շատ կարևոր դեր են կատարել. մինչև անգամ հայտնի են եղել որպես իրար հետ հակասություններ ունեցող քաղաքական ուժեր, տաբեր երկրների միջև միջնրդ ու խաղաղության դեսպաններ, մենաշնորհներ են ունեցել: Իսկ քանի որ մարդկությունը ոչ մի նոր բան չի հնարում, այլ միշտ «պահոցներից» հանում և թարմացնում է հինը, աշխարհիս հզորներն էլ որոշել են այդ հին գաղափարով իրենց նոր խնդիրները լուծել: 
 
«Թրամփը Եվրամիությունը Չինաստանին է զոհաբերում» և «Թուրքիան բոլորից վե՞ր է» ենթավերնագրերում հիմնավորելով իր տեսակետները, հոդվածագիրն անդրադարձել է   մարտի 12-ին Բաթումիում տեղի ունեցած անկարգություններին. 
 
- Մարտի 12-ին՝ Հնդկաստանում երկաթուղայինների հանդիպումից երկու օր առաջ, Վրաստանի Բաթումի նավահանգիստում զանգվածային անկարգություններ են բռնկվում: Հատկանշական է, որ «քաղաքացիական անձանց» և ոստիկանների բախումը տեղի է ունենում Հայաստանի և Վրաստանի միջև ընթացող արդյունավետ բանակցություններից հետո, որոնց նպատակն է Վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհ գտնել ի դեմս Բաթումիի և Փոթիի սևծովյան նավահանգիստների: Եվ սա  միայն եղածի մի մասն է: Բանն այն է, որ փողոցային մարտերի կազմակերպիչները  նախազգուշական հարված են հասցրել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի տարածաշրջանային շահերին, քանի որ Թեհրանը դեպի Սև ծով հայ-վրացական միջանցքը դիտարկում է որպես այլընտրանք վրաց-ադրբեջանականին՝ եթե նույնիսկ մի կողմ թողնելու լինենք Իրանին Եվրասիական միության մեջ ներգրավելու՝ Մոսկվայի, Երևանի և Թեհրանի ջանքերը: 
 
Նշելով, որ բաթումյան խռովության հենց հաջորդ օրը՝ մարտի 13-ին, ՌԴ արտգործնախարար Ս. Լավրորվն ու  ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել են՝ քննարկելու Իրանի վերաբերյալ վերը նշված հարցը, Ս. Ծատուրյանը հեգնում է, թե «ժողովրդական խռովության պաշտպանները ակնհայտորեն շտապել էին»:
Անդրադառնալով Հայաստանի և Արցախի համար մտահոգիչ հեռանկարներին, հեղինակը նշում է, որ եթե առաջիկա շաբաթների ընթացքում իրադարձությունների նման ընթացքը շարունակվի, ապա Ադրբեջանի հետ սահմաններին ընդհարումների հավանականությունը կմեծանա: Դրան նպաստող գործոն է համարում նաև ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները, երբ ընտրական գործընթացների պատճառով Հայաստանը խոցելի կդառնա միջազգային ազդեցությն համար, իսկ խորհրդրանական կառավարման անցնելը համարում է հայերի քաղաքական մշակույթին խորթ համակարգ: 
 
- Անդրկովկասում Բաքվի և Անկարայի միջոցով գործող արտաքին խաղացողները շահագրգռված են, որ  Եվրամիության երկրներում գործունեություն ծավալելու մտադրություն ունեցող  իրանցի առևտրականների աչքին հայ-վրացական երթուղին արժեզրկվի, իսկ դա նաև նշանակում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի արգելափակում Բենդեր-Աբասից մինչև Սանկտ-Պետերբուրգ և Մերձբալթիկայի նավահանգիստներ: Այդպես միշտ է եղել: Տարբերությունը միայն այն է, որ առաջներում Հյուսիս-Հարավ միջանցքի հակառակորդը Լոնդոնն էր, իսկ այժմ նրան է միացել նաև Վաշինգտոնը, որը Թեհրանին թուրքական երթուղու մեջ ներքաշելու ջատագովն է,-գրում է թղթակիցը:
 
 Նշելով, որ Անկարա-Լոնդոն կապերն օրեցօր սերտանում են, նա հիշեցրել է, որ այս երկու երկրները նախատեսում են ազատ առևտրի գոտի ստեղծել, հենց որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացն ավարտվի: Ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք հանրաքվեն էլ, որի նպատակն է Էրդողանին վերածել սուլթանի, ըստ Ս. Ծատուրյանի՝ միակ բանն է, որը պակասում է «Անդրկովկասի գործերին Անկարայի ներգրավվածության օսմանյան ճակատին»: