Հիվանդ հասարակության երեք բժիշկները

Չափազանցնո՞ւմ է Կարո Եղնուկյանը: Ի ցավ սրտի՝ ոչ: Պարզապես գովելի կամ փնովելի ցանկացած խմբում բացառություններ կան: Այս դեպքում, դժբախտաբար, բացառություն են կազմում ոչ թե  հասարակական-քաղաքական ակտիվիստ Կարո Եղնուկյանի թվարկած ախտերը կրողները: Ու պատճառը, ավելի ստույգ՝ պատճառաբանությունը նույնն է՝ սոցիալական ճգնաժամ…

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷԼԻՏԱՆ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ Է, ՓՉԱՑԱԾ ՈՒ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ. ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆ 

«Էլիտա» բառը փոխառված է ռուսերենից, այն իր հերթին անգլերեն «elite» բառն է, որը նշանակում է հասարակության սերուցք (ազնվագույն մաս), ում վստահված է քաղաքական ղեկավարությունը, այսինքն՝ էլիտա ասելով հասկանում ենք քաղաքական իշխող խավ: Մոնարխիաներում (միապետություններում) ազնվական (միապետական) ընտանիքի անդամները ի ծնե էլիտա էին համարվում և օժտված էին իշխող խավ լինելու, բացառությամբ որոշ սուլթանական ղեկավարման համակարգերի, որտեղ ստրուկների մի խավի (ինչպիսիք էին մամլուքները Արաբական Խալիֆաթում և ենիչերիները Օսմանյան կայսրությունում) փոքր տարիքից պատրաստում էին որպես իշխանության բյուրոկրատներ և զինվորականներ:
 
Արևմտյան Եվրոպայի արդյունաբերական հեղափոխության արդյունքում ստեղծվեց բուրժուական խավ, որն օգտվելով Անգլիական և Ֆրանսիական հեղափոխություններից, որոնք ժողովրդավարության սաղմերն էին իրենց բոլոր բացասական դրսևորումներով, այդ երկրներում գրավեց քաղաքական ղեկավարության մեծ մասը՝ այն կիսելով ազնվականների հետ:
 
Եկեղեցին բարոյականության քարոզման ամենակարևոր խոսափողն է, եթե, իհարկե, եկեղեցին մարմնավորում է այն, ինչ քարոզում է:
 
Դժբախտաբար, երբ «բենթլի»-ներն են ներկայացնում եկեղեցին, և «չեզոքություն» է դրսևորում եկեղեցին հասարակությանը հուզող հարցերում, անուշադրության մատնելով հասցեագրված անարդարությունը, կողոպուտը, անպատժելիությունը և այլն, ապա եկեղեցին, մեղմ ասած, թերանում է իր առջև դրված ամենակարևոր պարտականությունը: Այսօր եկեղեցին ներկայանում է որպես իշխանության նախարարություններից մեկը, որը հլու-հնազանդ աչք է փակում համատարած անօրինականությունների և անարդարությունների վրա: Եկեղեցու հանցավոր լռության և «չեզոքության» ցայտուն օրինակ է իշխանությունների կողմից կատարվող անօրինականությունն ու անարդարությունը բարոյականություն մարմնավորող և, ինչու ոչ, սիմվոլ՝ Հաց Բերող Արթուր Սարգսյանի նկատմամբ:
 
Միաժամանակ եկեղեցին չի հապաղում և բաց չի թողնում ոչ մի առիթ՝ մեծարելու և պարգևատրելու այն բոլոր «բարերարներին», ովքեր իրենց մեղքերը քավելու համար եկեղեցաշինությամբ են զբաղվում: Եկեղեցին կրկին «չեզոք» դիրք բռնելով չտեսնելու է տալիս, որ այդ «բարերարները» նույն այն հանցագործ օլիգարխներն են, որ տասնամյակներ շարունակ անբարո գործելակերպով կեղեքել են այդ նույն եկեղեցու հոտին, որին պաշտպանելու աստվածատուր պարտականությունն ունի եկեղեցին:
 
Եթե եկեղեցին պիտի արդարանա, որ չի կարող միջամտել իշխանության գործունեությանը, քանի որ Սահմանադրությունը տարանջատում է եկեղեցին պետությունից, ապա հիշեցնեմ մեր հոգևոր հայրերին, որ Հիսուս Քրիստոսը հեղափոխական էր և ընդվզում էր անարդարության դեմ, որը կիրառվում էր այդ օրերի իշխանության կողմից օրենքի շղարշի ներքո:
 
Օրենքները իշխանությունների կողմից կիրառվող գործիքներն են իշխանությունը ապահովագրելու նպատակով, իսկ եկեղեցու գործառույթը պետք է լինի արդարության գերակայությունն ապահովելը՝ հիմնված բարոյականության վրա: Օրենքի և արդարության այս հակամարտությունը հիշեցնում է ինձ մի հայտնի ամերիկյան իրավապաշտպանի ելույթը դատավարության ժամանակ, երբ նա հորդորում էր դատավորին ճիշտ որոշում ընդունել հիմնվելով արդարությա՛ն վրա և ո՛չ օրենքի բառացի կիրառման: Նա ասում էր. 
 
- Քրիստոսին խաչելը օրինական էր այդ օրերի հրեական իշխանության աղանդավորության դեմ պայքարի օրենքների համաձայն, բայց վստահ եմ, որ ոչ ոք չի կարող ասել, որ Քրիստոսին խաչելը արդար էր:
 
Հայաստանյան համատարած անարդարությունները՝ քաղբանտարկյալներ, կոռուպցիա, կողոպուտ, անպատժելիություն և այլն հետևանք են նաև եկեղեցու (և երկու հանցակիցների՝ մտավորականության և «էլիտայի») «չեզոք» դիրքի, որը, մեղմ ասած, անբարոյական է: Բարոյականություն քարոզելուց առաջ եկեղեցին պետք է ապաշխարի և ինքնամաքրվի (դրամափոխերի սեղանիկները շուռ տալու Հիսուսի օրինակով) և նոր կարող է ունենալ բարոյական իրավունք իր հոտին բարոյականացնելու:
 
Մտավորականությունը հասարակության հայելին է. նայելով հայելու մեջ հասարակությունը պատկերացնում է, թե ինչպիսին պետք է լինի ինքը:
 
Մտավորականություն ասելով շատերը հասկանում են արվեստագետ կամ, լավագույն դեպքում, մշակույթի գործիչներ: Բայց իրականում այդպես չէ: «Մտավորականություն» բառի արմատը «մտորել», «մտածել» բառերն են, հետևաբար դա ավելի շուտ հոգեվիճակ է, քան մասնագիտություն:
 
Մտավորականը կարող է լինել Քրիստոսի նման ատաղձագործ, ով մտածում է համայն մարդկության, մասնավորապես՝ իր ազգի բարեկեցության մասին: Մտավորականը պետք է լինի բարոյականության չափանիշ, ինչը դրսևորվում է արդարության անկոտրուն ձգտմամբ, որի հետևանքով հասարակության կողմից նա դիտվում է որպես հեղինակություն:
Մտավորականը հիբրիդ է մարդասերի, իրավապաշտպանի, փիլիսոփայի, հոգեբանի, ազգագրագետի, պատմաբանի, հրապարակախոսի, վերլուծաբանի և մի շարք այլ անհրաժեշտ մասնագիտությունների՝ սիրողական մակարդակով: Համադրելով այդ բոլորը և մտային արտադրանք տալով, որը միտված է բարելավել հասարակությունը, անձը կարող է համարվել մտավորական:
 
Մտավորականները «trend setter» են և «public policy» ստեղծող, այլ կերպ ասած՝ ազգային գաղափարախոսության ճանապարհային քարտեզի գծողներ: Մտավորականը պարտավոր է արդարության ջատագով լինել, և եթե նա չանդրադառնա դրան (օրինակ՝ քաղբանտարկյալների գոյությանը) նույնիսկ առիթը ներկայանալու դեպքում, ուրեմն կդավաճանի իր կոչմանը:
 
Դասական մտավորականությունը դասական էլիտայի ողնաշարն է: Դժբախտաբար, Հայաստանում մինչ օրս դա չի իրականացել մտավորականության (որպես համախմբված կառույցի) բարոյականության պատճառով: Ասածս պարզաբանելու համար բերեմ երկու հարգարժան և վաստակավոր մասնագետների օրինակը, որտեղ մեկին համարում եմ մտավորական վերոհիշյալ չափանիշներով, իսկ մյուսին՝ ոչ: Հրանուշ Խառատյանը հանրահայտ ազգագրագետ է և, իմ կարծիքով, հազվադեպ մտավորական, իսկ Տիգրան Մանսուրյանը, չնայած ազնվագույն անձնավորություն է, ինչպես նաև ներկայիս հայկական իրականության ամենահայտնի և ակնածանքի արժանի երգահան, վերոնշյալ չափանիշներով մտավորական չի կարող համարվել: Թող մաեստրոն ների մահկանացուիս այս հայտարարության համար, հույս ունենալով, որ նա շատ հեշտությամբ կարող է անցում կատարել հանրահայտ երգահանից դեպի շարքային մտավորական:
 
Հասարակության և մտավորականության հարաբերակցությունը նման է հավի և ձվի պատմությանը: Ոմանք կարծում են, որ մտավորականությունը բացակայում է, քանի որ հասարակության կողմից պահանջարկ չկա, մինչդեռ այլոց կարծիքով մտավորականությունը ձեռնոց չի նետում հասարակությանը, քանի որ ասելիք չունի: Ես ավելի ճիշտ եմ գտնում երկրորդ տարբերակը և կարծում եմ այդպես է, որովհետև մտավորականությունը վախվորած է և դեռ չի ձերբազատվել ստալինյան սինդրոմից, երբ 70 տարի շարունակ բռնապետական բոլշևիկյան համակարգը գլխատում էր (հաճախ բառիս բուն իմաստով) ազատ մտածող և արտահայտվող մտավորականներին: Անկախ Հայաստանը դա ժառանգեց, շարունակեց հալածել մտավորականությանը և օժանդակեց պսևդոմտավորականության բուծմանը, որը բարոյազուրկ էր և առաջնորդվում էր «որտեղ հաց՝ այնտեղ կաց» անբարո կարգախոսով: Դրա պտուղներն են այսօրվա իշխանական գրպանային արվեստագետները, որոնք իրենց համարում են «մտավորական»:
 
Արևմտյան դասական էլիտան մեծ մասամբ բաղկացած էր այդ երկրների մտավորականությունից, որի շարքերում զգալի մաս էին կազմում իրավաբանները և, դեռ այդպես չկոչվող, իրավապաշտպանները: Էլիտան լինելով ազգի սերուցքը, որը հանձն է առնում քաղաքական ղեկավարության պատասխանատվությունը, ժողովրդավարական համակարգում ծառայողի մտածելակերպով և գործառույթով է ղեկավարում ի տարբերություն բռնատիրական կամ ավտորիտար համակարգերի, որտեղ ժողովրդին ծառայելու փոխարեն վերածվում են դեսպոտ ֆեոդալների: Եթե խոսենք իդեալական էլիտայի մասին, որը ծառայում է ժողովրդին, ապա նա պետք է լինի բարոյական և գործի բարոյական դաշտում:
 
Հաճախ օգտագործվող արտահայտություն կա, որ «քաղաքականությունը անբարոյական տիրույթ է և, հետևաբար, քաղաքական գործիչները քաղաքական պոռնիկներ են»: Սա թյուրըմբռնում է և խեղաթյուրված քաղաքականության հետևանք: Քաղաքականությունը չապականված վիճակում բարոյական դրսևորում է, քանի որ նրա նպատակն է բարեկեցիկ կյանք ապահովել տվյալ պետության քաղաքացիների համար: Դժբախտաբար, Հայաստանում էլիտան կոռումպացված է, այսինքն փչացած է, հետևաբար անբարոյական է, և բնական է, որ քաղաքականությունը, որը նրանք են վարում, նույնպես անբարոյական է դառնում՝ փչացած: Ի միջի այլոց, պատահականություն չէ, որ «անբարոյական» և «փչացած» բառերն են օգտագործում, քանի որ «կոռուպցիա» և «կոռումպացված» բառերը նույնպես մեզ են հասնում ռուսերենից միջնորդավորված անգլերեն «corruption» բառից, որը հայերեն ոչ ավել, ոչ պակաս նշանակում է «փչացած»:
 
Այնպես որ՝ ժողովրդի կողմից գործածված «փչացած» բառը անբարոյականների նկատմամբ ամբողջովին ճիշտ է և տեղին, երբ խոսում ենք հայաստանյան «էլիտայի», իրենց ղեկավարության և վարած քաղաքականության մասին: