ԵՌԱԴԱՇԻՆՔ

Համատեղ հրամաններ` ՀՀ սփյուռքի նախարարությունում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր ստորագրել են համատեղ հրաման՝ Հայաստան-Սփյուռք գործակցության, առողջապահության բնագավառում Սփյուռքի հետ համակողմանի կապերի զարգացման, Սփյուռքում հայապահպանության օժանդակման, Հայաստանում և Սփյուռքում միջոցառումները համատեղ ու արդյունավետ իրականացնելու վերաբերյալ:
 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համատեղ հրաման է ստորագրել նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ՝ Հայաստան-Սփյուռք գործակցության, մշակութային համագործակցության զարգացման, Սփյուռքում հայկական մշակույթի տարածման և հայակական արժեքների քարոզման, հայապահպանության օժանդակման և հայրենասիրության սերմանման, ինչպես նաև Հայաստանում և Սփյուռքում մշակութային ոլորտում միջոցառումները համատեղ ու արդյունավետ իրականացնելու վերաբերյալ:

Ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումը համակարգելու նպատակով գործելու են համակարգող հանձնաժողովներ:

Ողջունելով ներկաներին՝ Հրանուշ Հակոբյանը  նշել է.

- Հայաստանի Վարչապետ Կարեն Կարապետյանը բազմիցս նշել է, որ Սփյուռքի  անմիջական մասնակցությամբ Հայաստանը հնարավորություն կունենա արագ արդյունքներ արձանագրելու առանցքային ոլորտներում և տարածաշրջանում ունենալու տնտեսական, առողջապահական, կրթական, մշակութային առաջատար համակարգեր: Այսպիսի համատեղ հրամանների ստորագրումով մենք պիտի փորձենք գտնել նոր կառուցակարգեր և ճանապարհներ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Սփյուռքի ներուժը Հայաստանում օգտագործելու և Սփյուռքում հայապահպանությունն իրականացնելու ուղղությամբ:

Սփյուռքի նախարարը շնորհակալություն է հայտնել Մշակույթի և Առողջապահության նախարարներին՝ համագործակցելու  պատրաստակամության համար:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ևս նախաձեռնության համար  շնորհակալություն է հայտնել նախարար Հրանուշ  Հակոբյանին`  նշելով.

- Այս հրամանները ենթադրում են հստակ գործողությունների ծրագրեր, և մի քանի ամիս անց մենք արդեն կխոսենք արդյունքների մասին:

Իսկ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կարևորել է Հայաստանի անկախության տարիներին Սփյուռքի հայ մասնագետների, բժիշկների դերը՝ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում.

- Մենք պետք է անենք հնարավոր ամեն բան՝ հայ բժիշկների և բուժակների համար նորանոր աշխատատեղեր ստեղծելու համար, - հավելել է նա: