Ազգանվեր գործունեություն, գնահատելի ծրագրեր

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԸՆԴԱՌԱՋ

«Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովին ընդառաջ՝ է՛լ ավելի լարված է դարձել Սփյուռքի նախարարի ու նախարարության աշխատանքային ռիթմը, ավելացել են հյուրընկալությունները: 

ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԱԿՆԿԱԼԸ
 
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Կալիֆորնիայի հայ երիտասարդաց միության պատվիրակությանը, որի կազմում էին միության ատենապետ Բաբկեն Ասատուրյանը տիկնոջ՝ Վիոլետի հետ և  մշակութային հանձնախմբի պատասխանատու Շանթ Հովասափյանը տիկնոջ՝ Աիդայի հետ: 
 
Հյուրերը հաճելի անակնկալ են մատուցել՝ նախարարին նվիրելով միության 25-ամյակին նվիրված հոբելյանական գրքույկը, որտեղ տպագրված է նաև Սփյուռքի նախարարի շնորհավորական խոսքը:
 
Քննարկելով Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, երիտասարդների հայեցի կրթության անհրաժեշտությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև Սփյուռքի նախարարության հետ գործակցության աշխուժացմանը: 
 
Այնուհետ Բաբկեն Ասատուրյանը ներկայացրել է միության ձեռքբերումներն ու ծրագրերը և նշել, որ 1991-ին հիմնադրված Կալիֆորնիայի հայ երիտասարդաց միությունը ներկայումս ունի ավելի քան 440 անդամ՝ մեծամասամբ իրաքահայեր:  Միության շրջանակներում գործում են գրական, տիկնանց, երիտասարդական խորհրդակցական, երիտասարդ ընտանեկան, ընկերային, հարաբերական, շինարարական հանձնախմբերը և «Կոմիտաս» քառաձայն երգչախումբը, որն ամեն տարի ելույթներով է հանդես գալիս Գլենդել քաղաքում: 
 
Ի դեպ՝ 2014-ին երգչախումբը մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնին և արժանացել նախարարության Ոսկե մեդալի: Տարին երկու անգամ միությունը նաև հրատարակում է «Լրատու» պարբերաթերթը:

 

«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՔԵՐ ՉԻ ՍԻՐՈՒՄ».
Հայր Անդրանիկ Այվազյան 
 
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին այսօր հյուրընկալվել է նաև Կաթոլիկ եկեղեցու Սիրիայի Ջեզիրեի շրջանի առաջնորդ հայր Անդրանիկ Ծ.Վ. Այվազյանը:
 
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է հյուրի ազգանվեր գործունեությունը, հայապահպանությանն ուղղված բարեսիրական ծրագրերը, Սիրիայի հայկական համայնքի վերականգնման աշխատանքներին նրա ակտիվ մասնակցությունը: 
Քննարկվել են Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին մասնակցությանը,  համայնքի իրավիճակին, խնդիրներին ու հեռանկարներին վերաբերող հարցեր:
 
Շնորհակալություն հայտնելով արդյունավետ հանդիպման համար, Հայր Անդրանիկը նախարարին ներկայացրել է իրականացրած աշխատանքներն ու բարեսիրական ծրագրերը: Նա պատրաստակամություն է հայտնել մասնակցել նախարարության նախաձեռնած «Սահմանապահ գյուղերի աջակցություն» շարժմանը, ակտիվացնել մասնակցությունը նախարարության ծրագրերին: