Մեկնարկ

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ 6-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մեկնարկը պիտի որ փարատի մեզանում արմատացած թերահավատությունը, թե նման հավաքներում հնչող խոսքերն ու խոստումները գործ չեն դառնում: Նման կարծիքներ այս օրերին էլ հնչեցին: Սակայն, աշխարհի բոլոր ծագերից այս համաժողովին մասնակցելու եկածների պատկառելի թիվը հուշում է, որ հեռավոր ափերում ապրող հայն անտարբեր չէ հայրենիքի ճակատագրի հանդեպ:
 
Այս համահավաքի՝ «Փոխադարձ վստահություն, միասնություն և պատասխանատվություն» խորագիրը նաև համախմբումի կոչ է, որի նախապայմանն, իսկապես, փոխադարձ վստահությունն է:
 
- Այս համաժողովին մասնակցելու են եկել ավելի քան 1800 հայազգի ներկայացուցիչներ՝ 71երկրներից: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում մտավորականները, գործարարները: Մեծ պատվիրակություններ են ժամանել ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Թուրքիայից և Արցախից: Համաժողովին մասնակցելու են եկել Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, տարբեր երկրների պատգամավորներ, նախարարներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: Համոզված եմ՝ ձեր գործնական դիրքորոշումներով, իրատեսական հարցադրումներով կհարստացնենք Հայաստան-Սփյուռք գործակցությունը և կնպաստենք դրա զարգացմանը, - բացման իր խոսքում ընդգծեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
 
Ի դեպ, ներկաների ու մասնակիցների համար ոգևորիչ էր Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի մասնակցությունը։ Թեև այսօր լրագրողների հետ նրա զրույցը շատ կարճառոտ էր, սակայն առաջիկա ասուլիսում, անշուշտ, հետաքրքիր տեսակետներ կներկայացնի:
 
Ինքնատիպ էր, որ համաժողովի բացումն ազդարարող ՀՀ հիմնը հնչեց կենդանի կատարմամբ:
 
Այս համաժողովն առանձնանում է նրանով, որ քննարկվելու է համահայկական խորհուրդ ստեղծելու գաղափարը: 
 
Համաժողովն անցկացվում է 4 ուղղություններով՝ Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում, Արտաքին քաղաքականության օրակարգ, Հայապահպանության հիմնախնդիրներ: 
 
Պաշտոնական արարողությունից՝ ողջույնի խոսքերից հետո գումարվեց Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ ուղղության առաջին թեմատիկ նիստը՝ «Հայաստանի տնտեսության զարգացումը և ներդրումները» խորագրով:
Իրենց ելույթներում մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների, սփյուռքի դերակատարության ու արդյունավետության բարձրացմանը ՀՀ տնտեսության զարգացման գործում, ԱՄՆ-ի, ԵՄ երկրների, ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Հայաստանի առևտրատնտեսական փոխգործակցությանը, Հայաստանում բիզնես սկսելու ու վարելու առավելություններին: