Հարձակում՝ Սպահանում

ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ, ԵՐԲ...

Անցյալ ուրբաթ՝ սեպտեմբերի 22-ի երեկոյան Սպահանում հարձակման է ենթարկվել Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանը, երբ թեմի առաջնորդի հետ միասին տուն էին վերադառնում Հայաստանում գումարված Սփյուռք-Հայաստան 6-րդ համաժողովից:
 
Բարեբախտաբար՝ Վ. Մինասյանի կյանքին վտանգ չի սպառնում, թեև լուրջ վնասվածքներ էր ստացել:
 
Թեհրանում հրատարակվող «Ալիք» օրաթերթը տրամադրել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ ՍԻՓԱՆ Ծ. ՎՐԴ. ՔԷՉԷՃԵԱՆԻ մտահոգությունն ամոփոփող գրությունը և  Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի Դիվանի հաղորդագրությունը՝ Նոր Ջուղայի մեր առաջնորդի վրա կատարված հարձակման առնչությամբ:
 
 
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ
 
- Այսու գրով հանուն Սպահանի հայոց թեմի և Անձնապես դատապարտում ենք օրեր առաջ՝ թվականիս 22 սեպտեմբերի կատարվածը, որը նպատակ ուներ ոչ միայն խոշտանգել թիրախ դարձած Թեմական խորհրդի ատենապետին, այլև պղտորել պատկերն ու վերացնել անդորրը երկրի համակարգի:
Լիահույս ենք, որ հետաքննությունները երևան կբերեն ճշմարտությունը և վերականգնելու են թեմիս անդորրը։
ՍԻՓԱՆ Ծ. ՎՐԴ. ՔԷՉԷՃԵԱՆ
Առաջնորդ Սպահանի հայոց թեմի
 
Հաղորդագրություն
 
Խոր ցավով և ընդվզումով իմացանք անմարդկային և խիստ դատապարտելի այն հարձակումը, որ կատարվեց մի քանի օրեր առաջ՝ Նոր Ջուղայի մեր առաջնորդ Հայր Սուրբի և նրա մեքենայի և ազգային կառույցի ականավոր ազգայիններից պրն. Վարուժան Մինասյանի վրա՝ ծանրորեն վիրավորելով նրան:
 
Իրանի Իսլամական Հանրապետությունում, որտեղ խաղաղությունն ու համատեղ գոյակցությունը կազմում են առանցքը մեր կյանքի, նման արարքները խիստ կերպով դատապարտելի են և անընդունելի. մենք վստահ ենք, որ պատկան մարմինները անհրաժեշտ միջոցներ ձեռք կառնեն՝ առաջն առնելու նման դեպքերի և արժանի պատիժ կտան մեր երկրի խաղաղությունն ու քաղաքացիների ապահովությունը խաթարողներին:
Դիվան ազգային առաջնորդարանի
Թեհրանի հայոց թեմի