Խորաթափանց հայացք՝ հարափոփոխ աշխարհում «Սփյուռք» հասկացությանը

«ԱՅՍ ԿՈԹՈՂԱՅԻՆ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ևՍ ՄԵԿ ԱՊԱՑՈՒՅՑՆ Է ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՀԱՅՐԵՆԻՔ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ»

«Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» խոսուն վերնագիրն իսկ հուշում է նորահրատ գրքի այժմեականությունը: Այս պարագայում, սակայն, ավելի էական են դրա նպատակը և սփյուռքյան պատումի բազմածալ այն էջերը, որոնք վավերագրում են Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ընթացքը, արդյունքները և հեռանկարները: Դրանից զատ ու դրանից էլ առաջ՝ գիրքը խորաթափանց հայացք է հարափոփոխ աշխարհում «Սփյուռք» հասկացությանը: 
 
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻ ձեռամբ, փաստորեն, հայ իրականության մեջ առաջին անգամ փորձ է արվել ընդհանրական կերպով ներկայացնել Հայկական սփյուռքի ծագման, ձևավորման, զարգացման պատմության փուլերը, արդի վիճակը, առանձնահատկությունները: Եվ գրքին նույնիսկ հպանցիկ ծանոթանալով՝ ակնհայտվում է, որ այդ փորձը լուրջ ուսումնասիրության խոսուն արձանագրություն է:
 
ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում Գիտությունների ազգային ակադեմիայի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի ունեցած «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» մենագրության շնորհանդեսի մասնակիցներից ու ներկաներից շատերը խոստովանում էին, որ չկասկածելով հանդերձ հեղինակի բծախնդրությանն ու նվիրումին՝ դարձյալ հաճելիորեն զարմանալու առիթ են ունեցել: 
 
ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն առանձնակի անդրադարձավ «Հայկական սփյուռքի պատմությունը և արդի բնութագիրը» բաժնին: Նրա հակիրճ բնութագրմամբ՝ 
 
- Հեղինակը գիտական մեկնաբանությամբ ներկայացնում է սփյուռք եզրույթը ընդհանրապես, տարանջատում հայկական սփյուռքի ձևավորման փուլերը, տալիս ընդհանրական պատկեր՝ անդրադարձ կատարելով հայկական սփյուռքի ոչ միայն պատմությանը, այլև կրթական, գիտական, մշակութային ժառանգությանն ու ներկային, համահայկական, մասնագիտական կառույցներին, հայագիտական կենտրոններին, մամուլին, սփյուռքյան թանգարաններին և գրադարաններին, պատմամշակութային ժառանգությանը, վերհանում հայ ինքնության հիմնահարցերը, անդրադարձ կատարում Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում պետական քաղաքականությանը:
 
Ներկաներին իր օրհնության խոսքը հղելով՝ Գերաշնորհ Տեր Նաթան արք. Հովհաննիսյանը նշեց, որ՝ 
 
- Այս կոթողային մենագրությունը ևս մեկ ապացույցն է մեկ ազգ, մեկ Հայրենիք միասնականության, և գրքի հրատարակման առթիվ թույլ տվեք շնորհավորել մեզ բոլորիս:
 
Աշխատության գիտագործնական նշանակությունն ընդգծելով՝ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը մասնավորեցրեց. 
 
- Այս մենագրությունը եզակի է իր տեսակի մեջ, քանի որ ունի և՛ գիտական, և՛ գործնական ու ճանաչողական, և՛ պատմագիտական մեծ նշանակություն: Հեղինակը յուրաքանչյուր համայնքի պատմությունը ներկայացնում է առանձնահատուկ կերպով՝ ընդգծելով դրանց արմատական տարբերությունները: Ամբողջական և ընդհանրական է ներկայացվում սփյուռքում գործող Հայ եկեղեցին: Հիրավի, հեղինակն օժտված է բարդ սփյուռքը հասկանալու մեծագույն կարողությամբ: Աշխատության մեջ կարևորվում են համահայկական խնդիրները՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացից մինչև Լեռնային Ղարաբաղի հիմնահարց: «Հայ Սփյուռք» հանրագիտարանից հետո սա մի գիտավերլուծական այնպիսի աշխատություն է, որից ոչ միայն կարելի է ահռելի քանակությամբ տեղեկատվություն ստանալ, այլև հասկանալ այսօրվա արդյունքները և կանխատեսել վաղվա օրը:
 
ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանն էլ հատկապես արժևորեց հեղինակ Հրանուշ Հակոբյանի անդրադարձը Հայաստան-Սփյուռք գործակցության պատմությանը, զարգացմանը, արդյունքներին և հեռանկարներին: 
 
- Սփյուռքին վերաբերող լուրջ հարցադրումները ներկայացված են գիտական մակարդակով, համադրված են հանրագիտարանային նյութերն ու վիճակագրական աղյուսակները: Հաշվի առնելով գրքի ամբողջական նշանակությունը սփյուռքի հայ համայնքների, կառույցների, կազմակերպությունների համար՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայ բարեգործական ընդհանուր միությունը պատրաստ է ստանձնել գրքի անգլերեն հրատարակության հովանավորությունը,-հուրախություն բոլորի՝ ծանուցեց Վազգեն Յակուբյանը: 
 
Գիրք դարձած աշխատության մասին բազմաթիվ այլ կարծիքներ հնչեցին՝ ճանաչված մտավորականների կողմից: Տարբեր մեկնակետերով, տարատեսակ շեշտադրումներով նրանց բոլորի խոսքերում կար մեկ ընդհանրություն՝ անկեղծ գնահատանք: Իսկ մտավորականի գնահատանքը տարբերվում է սոսկ գեղեցիկ խոսքերից:
 
Իսկ գրքի հեղինակ-բազմազբաղ նախարարի ելույթի առաջին մասը երախտիքի խոսք էր՝ բոլոր այն համահայկական, եկեղեցական կառույցներին, տարբեր երկրներում գործող հայկական դեսպանատներին, որոնց միջոցով ճշգրտվել են աշխատության մեջ ներկայացված մի շարք վիճակագրական տվյալներ: Հրանուշ Հակոբյանն իր ջերմ շնորհակալությունը հղեց նաև գիտնականներին, ովքեր հանդես են եկել գրքի գրախոսականներով, առաջարկներով, կարծիքներով: Իսկ հետո, հմուտ մարտավարի վճռականությամբ ընդգծելով, որ  Հայաստանի և սփյուռքի գիտական միտքը պետք է ծառայեցվի նախևառաջ Հայրենիք-Սփյուռք գործակցության խորացմանն ու ընդլայնմանը, ասաց.
 
- Հայոց պետությունը պետք է հասնի նրան, որ ՄԱԿ-ում սփյուռքի մասին հռչակագիր ընդունվի և մշակվի կոնվենցիա, որովհետև սփյուռքի իրավունքները, պարտավորությունները, սփյուռքը վերպետական, ներպետական, երկկողմանի, սփյուռք-սփյուռք, սփյուռք-Հայրենիք  հարաբերությունները միջազգային իրավունքի ասպարեզում այսօր դարձել են սուբյեկտ, սակայն դեռևս որևէ գնահատական չեն ստացել: 
 
Շնորհանդեսին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արք. Հովհաննիսյանը, Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, գիտնականներ, վերլուծաբաններ, փորձագետներ: