Հայ` էությամբ ու ստեղծագործություններով

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 6-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

Գրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակից սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողները, բնականաբար, չէին կարող չհյուրընկալվել ՀՀ սփյուռքի նախարարությունում: Ինչպես հանդիպման ընթացքում ամերիկահայ Ֆիրա Ակյանն անկեղծացավ՝ նախարարությունում ստացավ այն ջերմությունը, որն անհրաժեշտ է գրողին լավագույն զգացումներով լիցքավորվելու համար:

Եվ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորած նրանց պատվիրակությանն ընդունելով` Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ հայ գրողներն են մտավորականության զարդը: Զի նրանք իրենց ստեղծագործություններով ոչ միայն հարստացնում են հայ գրականությունը, այլև մայրենի լեզվի կրողներն ու պահապաններն են օտար երկրներում:
 

Է. Միլիտոնյանը Սփյուռքի նախարարին ներկայացրեց հոկտեմբերի 8-12-ը Ծաղկաձորում կայացած համաժողովի արդյունքները` նշելով, որ անդրադարձ է կատարվել հայ գրականության արդի խնդիրներին:

Սփյուռքի նախարարը կարևոր համարեց ևս մեկ անգամ փաստել, որ հայկական մամուլն ակտիվորեն լուսաբանեց  համաժողովի աշխատանքները, ինչն էլ հայ հասարակությանը հնարավորություն ընձեռեց ծանոթանալ սփյուռքահայ գրողներին և նրանց ստեղծագործությանը: Նախարարը կարևորեց նաև օտար լեզվով հայ գրականությունն ու միտքը աշխարհին ներկայացնելու հանգամանքը:

- Ժամանակակից հայ գրականությունը մեծ հարստություն է ստեղծել, որին պիտի հասու լինի ոչ միայն հայ, այլև օտարազգի ընթերցողը: Այս իմաստով շատ կարևոր է մեր օտարագիր գրողների դերը: Սփյուռքահայ գրողներից շատերը մասնակցեցին նաև Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, և այս երկու համաժողովները լավագույն հնարավորություն էին` ինչպես գրող-ընթերցող, այնպես էլ` հայաստանցի և սփյուռքահայ գրողների միջև նոր կապերի ստեղծման համար, - նշեց նախարարը:

Բարձր գնահատելով ամիրիկահայ գրող, թարգմանիչ և խմբագիր Սարգիս Վահագնի` Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեությունը և ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը բերած ավանդը` նախարար Հրանուշ Հակոբյանը նրան պարգևատրեց Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պարգևի համար` Սարգիս Վահագնը նշեց, որ հպարտանում է Սփյուռքի նախարարության գործունեությամբ:

Իսկ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ, վրաց խորհրդարանի նախկին պատգամավոր Ժորա Սնխչյանն ընդգծեց, որ Սփյուռքի նախարարության հետ ակտիվ համագործակցության արդյունքում միությունը կարողանում է արագ լուծել իր խնդիրները:

Իրանահայ գրող Վարանդն իր ստեղծագործությունների վերջին ժողովածուն նվիրելով Սփյուռքի նախարարին` նկատեց, որ համաժողովի ձևաչափով հանդիպումները գրողներին լավագույն հնարավորություն են ընձեռում միասին աշխատելու, համատեղ գրական-մշակութային ծրագրեր մշակելու և իրագործելու:

Ռումինահայ գրող Մադլեն Գարագաշյանը շեշտեց, որ «Արի տուն»-ը լավագույն հայադարձության  ծրագիրն է, և այս տարի իրենց համայնքից ծրագրին մասնակցած երկու աղջնակ վերադարձել են Ռումինիա ու ակտիվորեն ներգրավվել համայնքում իրականացվող հայապահպանական ծրագրերին, հանդես են գալիս հետաքրքիր նախաձեռնություններով:

Լիբանանահայ գրող, հրապարակախոս Խաչիկ Դեդեյանն իր հերթին շնորհավորեց Սփյուռքի նախարարին` վերջերս տպագրած «Հայկական Սփյուռքը հարափոփոխ աշխարհում» հանրագիտարանային նշանակություն ունեցող աշխատության համար` նշելով.

- Տիկին Հակոբյան, Դուք նույնպես գրում ու ստեղծագործում եք, և մենք ուրախ ենք, որ Սփյուռքի բոլոր համայնքներին վերաբերող Ձեր գիրքն այսուհետև պիտի օգնի մեզ բազում հարցերի լուծումները գտնելու ճանապարհին:

Քննարկվեցին առաջիկայում իրանահայ, վիրահայ, պոլսահայ գրողների օրերը Հայաստանում անցկացնելուն, ինչպես նաև երիտասարդ գրողների ընդլայնված խորհրդակցության կազմակերպմանը վերաբերող հարցեր: 

Հանդիպման ավարտին Սփյուռքի նախարարը գրողներին նվիրեց «Գրական Սփյուռք 2016» տարեգիրքը: