Ցեղասպանության ճանաչման հարցը կարևոր է Ուկրաինայի հայերի համար

Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության ճանաչումը սկզբունքային հարց է Ուկրաինայի հայ համայնքի համար: AnalitikaUA.net –ում իր մեկնաբանության մեջ նման կարծիք է հայտնել ուկրաինացի վերլուծաբան, պատմաբան Մաքսիմ Ցարենկոն:
 
- Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանգում է իր տրամաբանական լուծմանը, այդ մասին վկայում են խորհրդարանականների շրջանում այս քայլի կողմնակիցների աճող քանակը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ճանաչման աջակցությանը ուղղված բազմաթիվ կոչերը, նաև՝ ԶԼՄ-ներում հարցի նկատմամբ մեծ ուշադրությունը,- հայտնում է UA-Report.info-ն:
 
Ըստ Ցարենկոյի՝ դրան խթանում է Ուկրաինայի հայերի միության կողմից մշտապես իրականացվող իրազեկման աշխատանքը:
 
Փորձագետը նշել է, որ 2015 թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հայտարարել է Ցեղասպանության զոհերի հիշատակման և այդ հանցագործության կանխարգելման  միջազգային օր: Դրանից մեկ տարի անց Կիևում տեղի ունեցավ Ուկրաինայի և Հայաստանի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման և օծման արարողությունը:
 
- Փաստացի ՄԱԿ-ի որոշումից հետո Կիևի խաչքարն առաջին հուշարձանն է, - ընդգծել է Ցարենկոն:
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմատիկ միջոցառումներ պարբերաբար անցկացվում են Ուկրաինայի բոլոր մարզերում: Հիշեցնենք նաև, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ երկու տարվա ընթացքում երկրի տարբեր մարզերում տեղադրվել են ավելի քան 10 խաչքարեր: Եվս 10 խաչքար շուտով տեղադրվելու է երկրի տարբեր քաղաքներում: