Նորահաստատ բարեկամություն

ԲԵՐՁՈՐԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԼՖՈՐՎԻԼ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ

Տեսակապի միջոցով իրականացված ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև «Ֆրանսիայում Արցախի օրերի» ծրագրի շրջանակում Ալֆորվիլ քաղաքում գտնվող հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
 
Նախագահը ողջունել է Բերձոր և Ալֆորվիլ քաղաքների միջև ստորագրված բարեկամության հռչակագիրը՝ այն համարելով նշանակալի իրադարձություն՝ քաղաքական, իրավական և բարոյական տեսանկյուններից (տեղեկացրել է «Արցախպրես»-ը):
 
- Առաջին հերթին մենք այն դիտարկում ենք՝ որպես բարեկամ երկիր Ֆրանսիայի հետ կապերի ամրապնդման և զարգացման կարևոր հիմք: Ֆրասիայի վարչական շրջանների հետ փոխգործակցությունը մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է, և քույր քաղաքների ցանկի և աշխարհագրության ընդլայնումը, նրանց հետ կապերի խորացումն այս քաղաքականության առանցքային բաղադրամասերից է: Ալֆորվիլ քաղաքի հետ Արցախի համագործակցությունը թեպետ երկար տարիների պատմություն չունի, բայց արդեն վերածվել է բարեկամության,- մասնավորապես ասել է Բ. Սահակյանը և հավելել, որ աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում երկու քաղաքների միջև համագործակցությունը խոստումնալից հեռանկար կունենա:
 
Ֆրանսիայի Ալֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչն իր հերթին կարևորել է բարեկամության հռչակագրի ստորագրումը:
 
- Ողջունելով ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելու և զարգացնելու Արցախի բնակչության հետևողական քայլերը, գիտակցելով ժողովուրդների միջև երկխոսությանը նպաստելու և Հարավային Կովկասում վերջնական խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության և ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը՝ կնքում ենք բարեկամության հռչակագիր,- նշել է Մ. Ժերշինովիչը:
 
Ողջույնի իր խոսքում Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանը համոզմունք է հայտնել, որ տեսակապի միջոցով ձևավորվող հարաբերություններն ապագայում ձևավորվելիք աշխատանքային օրակարգում կփոխարինվեն կենդանի շփումներով:  Որպես այդ ճանապարհի առաջին քայլ՝ ֆրանսիացի իր գործընկերոջը նա հրավիրել է այցելել Բերձոր:
 
Պաշտոնական արարողակարգից հետո «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ա. Սարիբեկյանն ասել է, որ, ամրագրելով այս հռչակագիրը, ցանկանում են ամրապնդել երկու քաղաքների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերը, նպաստել քաղաքների միջև հարաբերությունների զարգացմանը և ստեղծել միջավայր, որի միջոցով համայնքները հնարավորություն կստանան կրթության, մշակույթի, սպորտի, առևտրի և տեղական կառավարման ոլորտներում ընդհանուր ծրագրեր իրականացնելու:
 
- Մեր համագործակցությունը կնպաստի նաև փորձի և մասնագիտական հմտությունների փոխանակմանը: Կհամակարգի և շարունակական կապ կապահովի մարդասիրական օգնության, վերակառուցման և զարգացման ծրագրերում՝ ի օժանդակություն կարիք ունեցող բնակչության: Ինչպես նաև հնարավորություն կընձեռի երկուստեք ավելի ճանաչելու միմյանց պատմամշակութային ժառանգությունը,- ասել է Ա. Սրիբեկյանը և տեղեկացրել, որ Բերձորը բարեկամության հռչակագիր ունի կնքած նաև ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Հայլանդ քաղաքի հետ:  
 
Ալֆորվիլ (Alfortville) քաղաքը գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից 7.6 կմ հեռավորության վրա՝ Իլ-դը-Ֆրանս երկրամասում: 2013թ.-ի տվյալներով՝ այն ունի 44 818 բնակիչ: