«Կարոտի կանչով՝ հերոսներիս հետ»

ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

«Դու ինչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում վաղը` նոյեմբերի 24-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա արցախյան պատերազմի զոհերին և նրանց ծնողներին նվիրված «Կարոտի կանչով հերոսներիս հետ» խորագրով համերգ:

ՀՀ սփյուռքի նախարարությունում հրավիրված ասուլիսում համերգի մանրամասների մասին պատմել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում գործող «Կանթեղ» և «Տարոն» աշուղական
երգչախմբերի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գևորգ Չաքմանյանը և Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի և երիտասարդական ծրագրերի բաժնի պետ Գրետա Մնացականյանը:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում նախաձեռնության հեղինակ Գևորգ Չաքմանյանը նշեց, որ դեռևս Լոս Անջելեսում է որոշում կայացրել Արցախյան հերոսամարտում և Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված համերգ կազմակերպել:

- Եղբայրս ևս զոհվել է Արցախյան պատերազմում, և այդ կորուստի ցավը ապրել, զգացել է նաև իմ ընտանիքը: Ես լավ եմ հասկանում, որ դժվար է նման ցավը սփոփել, սակայն այս համերգը լինելու է հերոսների մեծարման և հաղթանակի երեկո, որին ներկա են լինելու նախևառաջ հերոս հայորդիների ծնողները: Իհարկե, մտավախություն ունեի, որ թերևս նրանք չեն ցանկանա համերգին մասնակցել, սակայն շատ ոգեշնչվեցի, երբ խոսեցի զավակ կորցրած շատ ծնողների հետ և հասկացա, որ նրանք պատրաստ են անպայման ներկա լինել համերգին,- ասաց արվեստագետը:

Նա ընդգծեց, որ համերգին ներկա գտնվելու ցանկություն են հայտնել նաև Հայաստանի հեռավոր մարզերի բնակիչներ:

- Ես հպարտ եմ, որ այս համերգի շնորհիվ կկարողանանք որդեկորույս ծնողներին գոնե երկու ժամով կտրել առօրյա հոգսերից, մտորումներից, և ազգագարական երգի միջոցով ուժ հաղորդել նրանց: Համերգի հանդեպ առաջացած հետաքրքրությունը վկայում է, որ այն պետք է դառնա ավանդական ու ամենամյա բնույթ կրի,-ընդգծեց Գևորգ Չաքմանյանը: 

Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի և երիտասարդական ծրագրերի բաժնի պետ Գրետա Մնացականյանը, շնորհակալություն հայտնելով նման նախաձեռնության համար` նորանոր հաջողություններ մաղթեց Գևորգ Չաքմանյան:

Նշենք, որ համերգին Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի նվագակցությամբ ելույթ կունենան նաև Գևորգ Չաքմանյանի որդին` Ասատուր Չաքմանյանը, ժողովրդական երգչուհի Գոհար Հովհաննիսյանը,  ասմունքող Արսեն Ղազարյանը: