Մի կտոր Հայաստան՝ աշխարհի ամեն ծագում

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐ

Ֆրանսիայի Հանրապետություն և Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցելել է կրթամշակութային կենտրոններ:
 
Մարսելի «Համազգային» ամենօրյա վարժարանում նախարարը հանդիպել վարժարանի ղեկավարությանը և ծանոթացել կրթօջախի պայմաններին: Ավարտին նա նախարարության պարգևներ է հանձնել դպրոցի տնօրեն Սեդա Բիբերյանին և հոգաբարձուների խորհրդի նախագահ Բրիջիտ Մարկոյանին:
 
Այցի շրջանակներում Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցի և «Համազգային» վարժարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
 
Մարսելում Հրանուշ Հակոբյանն այցելել է նաև «Խաչատուր Աբովյան» դպրոց, որն այս տարի տոնում է հիմնադրման 40-ամյակը: Դպրոցի ղեկավարների, ուսուցչական կազմի և ծնողների հետ հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը կարևորել է դպրոցի գոյությունը, կատարած աշխատանքը, որն օգնում է օտար երկրում ապրող հայ փոքրիկներին կառչած մնալ իրենց արմատներին, պահպանել ինքնությունն ու հայկական դիմագիծը: 
 
Ներկայացնելով Սփյուռքի նախարարության ծրագրերը՝ Հրանուշ Հակոբյանը հորդորել է մասնակցել «Արի տուն» ծրագրին, որը հնարավորության կտա ոչ միայն այցելել հայրենիք, ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին, այլև ծանոթանալ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ հասակակիցների հետ:
 
Իր ելույթի վերջում Հրանուշ Հակոբյանը դպրոցի հոգաբարձուների խորհրդի 4 անդամների պարգևատրել է նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալներով՝ Սփյուռքում Մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած ներդրման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նշանակալի ծառայություններ մատուցելու համար:
 
Ֆրանսիայում Հրանուշ Հակոբյանն այցելել է Վալանսի հայ մշակույթի կենտրոն և մասնակցել «Ռադիո A»-ի 35-ամյա հոբելյանին: Հանդիպմանը ներկա են եղել Վալանսի քաղաքապետ Նիկոլյա Դարագոն, Բուրգ-լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրրիեն, Դրոմ դեպարտամենտի փոխնախագահ Վերոնիկ Պուգիետը: Հյուրերին ողջունել է Վալանսի հայ մշակույթի կենտրոնի տնօրեն Նազո Ջինբաշյանը, «Դավիթյան» մեկօրյա վարժարանի ուսուցչուհի Սուսան Փահլևանյանը, լրագրող, «Արմենիա» միության նախագահ Գրիգոր Ամիրզայանը:
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին, որոնք 20-րդ դարի սկզբում իրենց հարկի տակ ընդունել են Հայոց ցեղասպանության վերապրածներին: Նա անդրադարձել է նաև Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերություններին՝ կարևորելով համայնքի դերն այս հարցում:
 
Ֆրանսիայում ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Գրենոբլ քաղաքի հայկական համայնքային կառույցների ղեկավարների և անդամների հետ, որոնք ներկայացրել են իրենց գործունեությունը, ծրագրերն ու կատարած աշխատանքները:
 
Իր ելույթի ընթացքում Հ. Հակոբյանը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության կատարած աշխատանքները, 2018 թվականին նախատեսված ծրագրերը:
 
Ժնև կատարած այցի ընթացքում Հրանուշ Հակոբյանը այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցուն կից գործող «Թոփալյան» վարժարան, որտեղ նախարարին Եռագույն դրոշներով դիմավորել են վարժարանի սաները: Դպրոցում շրջայց կատարելուց, սաների հետ շփվելուց հետո Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել «Թոփալյան» վարժարանի տնօրինության և ուսուցչական կազմի հետ:
 
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մարսելի Աբեյի Սեմ Վիկտոր շքեղ տաճարում մասնակցել է Մարսելի  Սրբոց Թարգմանչաց Մայր եկեղեցու «Սահակ-Մեսրոպ» երգչախմբի բեմական գործունեության 40-ամյակին նվիրված հոբելյանական համերգին: