Հավատարիմ հայապահպանման առաքելությանը

ՍՓՅՈՒՌՔՅԱՆ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է

Լոնդոնի «Թեքեյան» հիմնադրամի և ԹՄՄ նախաձեռնությամբ, մեծաշուք հանդիսությամբ նշվել է արևմտահայ մեծն բանաստեղծ Վահան Թեքեյանի անունը կրող և Սփյուռքում ամենախոշոր մշակութային կառույց հանդիսացող «Թեքեյան» մշակութային միության 70-ամյակը:
 
ԹՄՄ 70-ամյակին նվիրված ձեռնարկը կայացել է Լոնդոնում՝ «Քենզինգթն Յունայթիդ Ռիֆորմդ Չըրչում»՝ ներկայությամբ Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի հայոց թեմի հայրապետական պատվիրակ և առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության արտակարգ դեսպանորդ Արմեն Լիլոյանի, բազմաթիվ այլ պատվավոր հյուրերի՝ դեսպանատան ներկայացուցիչների, հոգևորականների, հասարակական և մշակութային գործիչների, հայ համայնքի այլ ներկայացուցիչների:
 
Հանդիսությունը ընդգրկում էր ելույթներ, հյուրասիրություն, կենդանի երաժշտություն, երգ ու ասմունք:
 
«Թեքեյան» հիմնադրամի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանը, խոսելով Թեքեյան մշակութային միության պատմության ու ազգային գաղափարախոսության մասին՝ կարևորել է ԹՄՄ գոյությունը Սփյուռքի հայ համայնքներում և նրա բազմամյա գործունեությունը՝ ի նպաստ հայ ինքնության, լեզվի, եկեղեցու եւ մշակույթի: 
 
Իսկ Լոնդոնի «Թեքեյան» մշակութային միության նախագահ Կարեն Արևյանը, մասնավորապես հատկանշել է, որ կազմակերպությունը նպատակ ունի շարունակելու ԹՄՄ ավանդույթները, պահպանելու և տարածելու Սփյուռքում ազգային մշակութային ժառանգությունն ու լեզուն: Նա նաև անդրադարձել է Լոնդոնի ԹՄՄ վերջին տարիների գործունեությանը, այդ թվում՝ ողջ Մեծ Բրիտանիայում տարատեսակ մշակութային ձեռնարկների կազմակերպմանը:
 
Տոնական միջոցառումը շարունակվել է մշակութային ծրագրով: Ելույթներով հանդես են եկել տաղանդաշատ մեցո-սոպրանո Անայիս Հեղոյանը, ճանաչված ջութակահարուհի Անի Բատիկյանը: Գուսան Ջիվանու «Ձախորդ օրերը» հնչել է Գրիգոր Նաջարյանի կատարմամբ, իսկ ջութակահարուհի Անժել Նաջարյանը, կլարնետիստ Փոլ Էվերնդենը և դաշնակահար Թոմաս Էնգը կատարել են Ա. Խաչատրյանի ստեղծագործություններից: 
 
Ներկաներին հուզել է նաև Վահան Թեքեյանի «Եկեղեցին հայկական», «Հաշվեհարդար», «Անունդ» ստեղծագործությունների ասմունքը՝ երուսաղեմաբնակ ճանաչված հայ բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանի կատարմամբ: Հաջորդիվ հնչել են Լոնդոնի «Կոմիտաս» կամերային երգչախմբի կատարումները՝ ջութակի, դաշնամուրի եւ կլարնետի նվագակցությամբ: Դիրիժոր Գրիգոր Նաջարյանի գլխավորությամբ երգչախումբը կատարել է մասնավորապես մեծն Կոմիտասի ստեղծագործություններից: Հարկ է նշել, որ «Կոմիտաս»-ը, որը ստեղծվել է 2013թ., Մեծ Բրիտանիայում առաջին հայկական պրոֆեսիոնալ երգչախումբն է. ունի 15 անդամ. երգացանկը բազմազան է, ընդգրկում է ազգագրական, դասական, հոգևոր երգեր:
 
Հանդիսությունը եզրափակվել է Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը՝ շնորհավորական խոսքով և օրհնանքով: 
 
Հիշեցնենք՝ 1947թ. Բեյրութում հիմնված Թեքեյան մշակութային միությունը մշակութային-կրթական կազմակերպություն է, որը նպատակ ունի պահպանելու հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը, ստեղծելու դպրոցներ և ուսուցանելու հայոց լեզուն, պատմությունը, գրականությունը, կրոնը, երաժշտությունն ու արվեստը: ԹՄՄ մասնաճյուղեր ունի աշխարհի տարբեր երկրներում: Լոնդոնի մասնաճյուղը ստեղծվել է 1975թ.: Հավատարիմ մնալով իր առաքելությանը, Լոնդոնի ԹՄՄ իր քույր կազմակերպության՝ 1979թ. հիմնված Լոնդոնի Թեքեյան հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է զանազան մշակութային ձեռնարկներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ եւ այլն: Երկու կազմակերպություններն էլ զբաղվում են դպրոցաշինությամբ, ինչպես նաև կրթական, մշակութային, մարզական, սոցիալական տարբեր ծրագրերի միջոցով աջակցում են կարիքավոր աշակերտությանը: