«Իրանի կայունությունն առաջնահերթություն է...»

ԻՐԱՆԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ՝ ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ԱՆԴԱՄ ՎԻԳԵՆ ԲԱՂՈՒՄՅԱՆԻ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ

Իրանահայ քաղաքական գործիչ Վիգեն Բաղումյանի համոզմամբ՝ ցանկացած երկիր կարող է դիմակայել արտաքին սպառնալիքներին, եթե ունակ է առաջնահերթաբար լուծել իր ներքին խնդիրները՝ թույլ չտալով, որ ներսում առաջանան դժգոհանքի հիմքեր: Իսկ կայունությունը, բացարձակ արժեք լինելով հանդերձ, առանձին չի կարող գոյութիւն ունենալ, եթե չկա զարգացման հնարավորութիւն, չկա խաղաղություն և ճիշտ ղեկավարման բոլոր հատկանիշերը:
 
Պարզ ճշմարտություն, որը հաճախ անտեսվում է շատ պետությունների իշխանությունների կողմից՝
 
- Ցանկացած հզոր երկիր նման իրավիճակներում պետք է առաջնահերթաբար լուծի ներքին խնդիրները. եթե թույլ չես տալիս ներսում առաջանան դժգոհանքի հիմքեր՝ արտաքին ուժերը չեն կարողանա ոչինչ անել: Հետևաբար, հասկանալով իրավիճակի զգոնության աստիճանը՝ արտաքին միջամտությունների առումներով, քանզի սա մշտապես գոյություն ունեցող երևույթ է, այնուամենայնիվ լուծումը պետք է գտնել ներքին հարցերի կարգավորման և կայունության պահպանման մեջ: Կան հնարավորություններ, որոնք պետք է տրվեն ժողովրդին, դրանից օգտվելու համար՝ առողջապահական, կենսոլորտի հետ կապված, սոցիալական և այլ բնագավառներում: Այսինքն՝ բազմաշերտ հարցեր կարող են ստեղծել նման դժգոհություններ: Ես համոզված չեմ, որ կան միայն տնտեսական հարցեր, այլ կան նաև հասարակական բնույթի խնդիրներ, որոնց լուծման եղանակները պետք է գտնել: 
 
Հարցի առողջ լուծման բանալին ներքին դժվարությունների վերացումն է, պետք է լսել և հարթել ու ողջ իրողությունը չվերագրել միայն արտաքին միջամտութիւններին:
 
Թեհրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթում հրապարակված նրա հարցազրույցն Իրանում ծավալված իրադարձությունների առթիվ է:
 
Ինչպես նշել է պարբերականը՝ Իրանում տեղի ունեցող վերջին անցուդարձերը որքան էլ հատուկ լինեն աշխարհում գոյություն ունեցող երկրների ներքին ճգնաժամերին, մեզ համար առանձնանում են իրենց բազամավեկտոր իրավիճակներով, որոնք իրենց մեջ ներառել են տնտեսական և հասարակական խնդիրներ: 
 
Անդրադառնալով այս ֆոնին Հայաստանի վրա թողած ազդեցությանը, ՀՅԴ Բյուրոյի անդամը նշեց. 
 
- Մեր համար թե՛ որպես Իրանի հայ քաղաքացիներ, և թե՛ որպես Հայաստանի ապագայով շահագրգռւած համայնք, չափազանց կարևոր է Իրանի կայունությունը, Իրանի անվտանգությունը և զարգացումը: Կայունությունը ինքը բացարձակ արժեք լինելով հանդերձ, առանձին չի կարող գոյություն ունենալ, եթե չկա կողքին զարգացման հնարավորություն, չկա խաղաղություն, չկան ճիշտ ղեկավարման բոլոր հատկանիշերը: 
 
Իրանի կայունությունն առաջնահերթություն է: Իրանի հողային ամբողջականությունը, որը կարող է ցանկացած պահի խնդրո առարկա դառնալ՝ հիմնականում արտաքին ձգտումների բերումով: Սրանք բոլորը մեզ համար ծայրագույն խնդիրներ կարող են ստեղծել թե՛ որպես Իրանի քաղաքացիներ, թե՛ որպես համայնք և թե՛ որպես Հայաստանի Հանրապետություն: Բոլորս գիտենք, որ հարևանների մեջ ամենավստահելին և ամենադրական մոտեցում ունեցողը Իրանն է,- նշել է Վ. Բաղումյանը՝ հավելելով.
 
- ... Տարածաշրջանային առումով  մեր հիմնական խնդիրը մեր հարաբերությունն է ԱՄՆ-ի հետ: Այդ հարաբերութիւնների խորքում երկու հակադրության մեկնակետ կա՝ մեկը հեգեմոնիկ կամ մեծապետական տրամադրություններն է, որը չի սիրում իրական ինքնուրույն երկիր, սիրում է բոլորի վրա ունենալ վերահսկողություն:  Բնական է՝ Իրանը այդ հնարավորությունը չի տալիս իրեն, սա առաջնահերթ հակադրվող կետերից մեկն է: Երկրորդ հակադրության կետը Իսրայելի հարցն է. Իսրայէլի հարցը նաև այն խնդիրներից է, որ ԱՄՆ-ի, հատկապես ներկա ադմինիստրացիան շատ հակված է դեպի այդ երկիր: 
 
Հետևաբար այստեղ էլ մեր ճիշտ քաղաքականությունը (դիպուկ հակաիսրայել, բայց ոչ անտեղի քայլերով արտացոլվող) կարող է հարցերը ավելի ճիշտ հունի վրա դնել՝ մեր, որպէս Իրան, բարեկամների թիվը ավելացնել, թշնամիների թիվը նվազեցնել և թույլ չտալ, որ սկզբնական հայտարարությունների հիմքերով հրահրվի հակաիրան տրամադրություններ արտաքին աշխարհում: 
Իմ մտահոգությունը այս հարցում հետևյալն է, որը գալիս է Միջին Արևելքի ժամանակակից պատմությունից, և կասկած չունեմ, որ Ամերիկայի ներկա վարչախմբի մոտ կա իշխանափոխության երազանք Իրանի նկատմամբ: Այս հարցը կարող է սրվել, երբ որ ԱՄՆ-ն ավելի խոցելի ճակատի վրա խնդիր չունի: Մենք միշտ պետք է հաշվի առնենք, որ գոյություն ունի ոչ շատ խելոք, ոչ շատ մտածող ԱՄՆ-ի ղեկավարություն, որը կարող է ճակատագրական սխալների գնալ, և մենք չնայենք, որ քանի որ սխալ է ուրեմն չեն անի, պետք է այնպես անենք, որ այդ սխալը մեր կողմից ղեկավարելի լինի:
 
Զրույցի ավարտին որպես հիմնական մտահոգություն, նա նշեց. 
 
- Այսօր երկրի տնտեսության հետ կապված խնդիրներ կան, իհարկե սա ներքին տնտեսության վրա անշուշտ իր անդրադարձը կունենա ժողովրդի կարողության առումով և նրանք (արտ. ուժեր) այն հույսն են փայփայելու, որ արտաքին ճնշումների բերումով ծունկի կբերեն Իրանին: Սա մենք պետք է կարողանանք արտաքին և տնտեսական քաղաքականության ճիշտ դիվանագիտության շնորհիվ նվազագույնի իջեցնել:
 
Մեր ղեկավարությունը այս զգայուն պայմաններում պետք է կարողանա իր տնտեսական, քաղաքական և ներքին հասարակական մոտեցումները կշռադատված դարձնի, ավելի կուռ քաղաքականություն վարի, որպեսզի կարողանա այս դժվար պայմաններից երկիրը ապահով դուրս հանի: