Լոս Անջելեսի ապրիլը հայկական երանգ կունենա

Լոս Անջելեսն այսօր իրավամբ կարելի է անվանել հայաշատ քաղաք: Ահա և քաղաքի Դիտորդական խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել խորհրդի անդամներ Քեթրին Բարգըրի և Ջոնիս Հանի միջնորդությունը, որով առաջարկում են  ապրիլը հռչակել հայոց պատմության ամիս: Դրանով խորհուրդը ցանկացել է ուշադրության արժանացնել Լոս Անջելեսի տնտեսության և մշակույթի բնագավառում հայ համայնքի ունեցած բարենպաստ ներդրումը: 

 

Նախատեսվում է ապրիլ ամսվա յուրաքանչյուր երեքշաբթին նվիրել որևէ արժանավոր հայ քաղաքացու մեծարմանը, իսկ ապրիլի 18-ը նշել որպես Հայոց ցեղասպանության հիշատակման օր:
 
Եթե այս ամենը գրագետ ու սրտացավ արվի, անկասկած մեծ նպաստ կբերի այդ քաղաքում ապրող հոծ համայնքին, մարդկանց սրտերը «կտաքացնի» իրենց հեռավոր հայրենիքի ու փառավոր պատմության վրա: Որովհետև եթե դու կարողանում ես պատմությանդ փառավոր էջերը վեր հանել ու դրանով սերնդիդ կրթել՝ վաղվա փառավոր պատմությունն ես նախապատրաստում: Բայց եթե պիտի քրիստոնեության ընդունումից ու ցեղասպանությունից այն կողմ ոչինչ չսովորեցնեն, ապա Դիտորդական խորհրդի նախաձեռնությունը զուր անցած կլինի:
 
Իհարկե, Լոս Անջելեսում քիչ չեն խորագետ ու սրտացավ  հայերը. նրանք կարող են գործն իրենց ձեռքը վերցնել ու  «Հայոց պատմության ամիսը» մի լավ դասընթաց դարձնել ամբողջ ԱՄՆ-ի հայության համար: