Հայրենիքը գնահատում է և տոնակատարում

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆԵՐ՝ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՄԱՄԲ

Ուրիշ ո՞ւր, եթ ոչ Հայրենիքում պիտի տոնակատարվեին Վահան Թեքեյանի, Երուխանի, Ռուբեն Զարդարյանի՝ «Ժամանակ. 100 տարի» մատենաշարով լույս տեսած գրքերի և «Ժամանակ» օրաթերթի կայքէջի հոբելյանական շնորհանդեսները:
 
Հայ Բարեգործական Ընդհանուր Միության երևանյան սրահում կայացած տոնական ցերեկույթի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի նախարարությունն էր:
 
 
Շնորհավորելով օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանին և ողջ խմբագրակազմին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ «Ժամանակ»-ն իր գործունեության ընթացքում ոչ միայն լուրեր է տարածել, ստեղծել պոլսահայ համայնքի տարեգրությունը, այլև կարողացել և կարողանում է Հայրենիքից հեռու հային հայ պահել, հայ երիտասարդին մոտեցնել մայրենի լեզվին, ամեն ինչից բարձր դասել հայ ինքնությունը, արժեքները, ավանդույթները: 
 
- 110 տարի առաջ Կ. Պոլսում ժամանակի թելադրանքով սկսեց լույս տեսնել մի օրաթերթ, որ պիտի անխափան լիներ իր երթի մեջ, կարճ ընթացքում դառնար պոլսահայ համայնքի առօրյայի անբաժան մասն ու ընկերը: Ինչ խոսք, ստեղծման օրվանից «Ժամանակը» դարձավ ժամանակի շունչը, քայլեց, պատմություն ստեղծեց, վավերագրություն դարձավ և՛ ժամանակի մեջ, և՛ ժամանակից անդին: Միսաք և Սարգիս Գոչունյան եղբայրները, որ Պոլսում հայտնի անհատականություններ էին, հայ կյանքի, թուրքահայ իրականության լավ գիտակներ, հիմնադրեցին մի թերթ, որը ոչ միայն նկարագրում, ներկայացնում էր համայնքի կարևոր իրադարձություններն ու երևույթները, այլև ընթերցողին հաղորդակից դարձնում հայ մտավորականների գրչին ու մտքին,- նշեց Սփյուռքի նախարարը: 
 
Անդրադառնալով օրաթերթի ջանքերով հրատարակված գրքերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ դժվար է արևմտահայ գրականությունը պատկերացնել առանց այս գրքերի հեղինակներ Վահան Թեքեյանի, Ռուբեն Զարդարյանի, Երուխանի:  
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Օրհնության խոսքը: Իսկ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացչության փոխտնօրեն Հովիկ Յորդեկյանը շեշտեց, որ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության և «Ժամանակ» օրաթերթի միջև ձևավորվել են բարեկամական հարաբերություններ: ՀԲԸՄ-ի կողմից նա հատուկ հուշանվեր և շնորհավորագիր հանձնեց «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանին:
 
Այնուհետև միջոցառումն ընթացավ «4 գրքերի գրականագիտական արժևորում» թեմատիկ նիստով: 
 
Ներկայացնելով Վահան Թեքեյանի ցիրուցան էջերից կազմված «Երկու դրախտներ» վերտառությամբ գիրքը՝  Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը մասնավորապես նշեց. 
 
- Թեքեյանի հրապարակագիտական էջերը ցույց են տալիս, որ ավել կամ պակաս կարևոր նշանակություն ունեցող և ոչ մի իրողություն՝ քաղաքական, սոցիալական կամ կրոնական, չի վրիպել նրա ամենատես աչքից, և իր սթափ ու անկողմնակալ մոտեցմամբ նա միշտ ուղղորդել է հայ միտքը դեպի անվտանգ և ապահով հանգրվաններ: Հրապարակախոս Թեքեյանը նաև մեր այն առաջադեմ մտածողներից էր, որոնք ժողովրդի փրկության գաղափարը տեսնում էին համազգային միասնության մեջ՝ ուղիներ փնտրելով դրան հասնելու համար: 
 
Երկրորդ՝ «Դարադարձից ի վեր նոր ձեռքբերումները» թեմատիկ նիստի ընթացքում «Ժամանակ» թերթի անցած ուղին բարձր արժևորեց Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը: 
 
Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը նշեց, որ երկար տարիներ համագործակցում է «Ժամանակ»-ի հետ, նկարահանվել են թերթի մասին պամող ֆիլմեր, և հույս հայտնեց, որ մոտ ապագայում կթվայնացվեն նաև թերթի 100-ամյա պատմություն ունեցող համարները: 
 
Հեռուստատեսային վերլուծաբան Գեղամ Մանուկյանն էլ ընդգծեց, որ պոլսահայ համայնքում եղած ծայրահեղությունների մեջ «Ժամանակ»-ը կարողանում է գտնել ոսկե միջինը, ազդու կոչեր հնչեցնել և ստանալ իրական պատկեր: 
Շնորհակալություն հայտնելով Տեր Արարատ քահանա Պողոսյանին՝ Վեհափառի օրհնության խոսքը փոխանցելու, Սփյուռքի նախարարությանը և նախարար Հրանուշ Հակոբյանին՝ սերտ համագործակցության ու աջակցության և ՀԲԸՄ-ին՝ ջերմ ընդունելության համար, Արա Գոչունյանը նշեց, որ տպագիր մամուլն այժմ կանգնած է մի շարք մարտահրավերների առջև, և թերթի խմբագրակազմն ամեն ինչ անում է՝ դրանք հաղթահարելու և ժամանակին համընթաց քայլելու համար: