«Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ: Թող քո շարքերից ո՛չ մի զինվոր չպակասի...»

ԴԱՍ՝ ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ

Իսպանական Վալենսիա համայնքում հայերի նոր սերունդ է մեծանում արդեն. նրանք, ովքեր վաղ հասակում են հեռացել Հայաստանից ու շատ աղոտ են հիշում ինչ-որ բաներ, և՝ այնտեղ ծնված երեխաները: Իրենց հայկական ընտանիքներից բացի նրանց հայ պահելու ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում նաև Վալենսիայի հայկական համայնքի ղեկավար Արարատ Ղուկասյանը՝ իր իսկ ստեղծած կիրակնօրյա դպրոցում:
 
Ու բացի մայրենիի ուսուցումից և սովորեցրածն ավելի հիմնավոր ու առարկայական դարձնելու նպատակով՝ անուշադրության չի մատնում Հայաստանում նշվող որևէ տոն:
 
Հայոց Բանակի ծննդյան օրը ևս տոնական դասով նշանավորեցին վալենսահայ մանուկները: Դեռ անցյալ տարի, այս նույն օրը նրանք նամակներ էին գրել իրենց հեռավոր հարենիքի սահմաններն ու խաղաղությունը պաշտպանող հայ զինվորներին: Իսկ այսօր նրանց հայենասիրական դասը, հիրավի, յուրօրինակ դարձավ՝ համեմված հաճելի անակնկալով: Հենց այսպես՝ մանուկ հոգիներին մատչելի, հույզն ու զգացմունքը գիտակցություն դարձնելով՝ Արարատն ու հայկական կիրակնօրյա դպրոցի նվիրյալ ուսուցիչները Հայաստան-հայրենիքի հանդեպ հետաքրքրություն են ներարկում ճակատագրի բերումով օտար ափերում մեծացող հայ տղեկներին և աղջնակներին: Հետաքրքրություն, որը հետո սեր ու կարոտ է դառնում...
 
Վալենսիայի Միսլատա փոքրիկ քաղաքում է գործում հայկական կիրակնօրյա դպրոցը, որն այսօր նորից հայրենաշունչ էր: Օրվա խորհուրդը Հայոց բանակի 26-ամյակն էր, ու դասը հենց դրան էր նվիրված, որին իրենց նամակներով հեռակա մասնակցում էին նաև հայաստանցի զինվորները: 
 
Կրթօջախի սաները պատասխան նամակներ էին ստացել հայ զինվորներից: Այն նամակների պատասխանները, որոնք աշակերտները գրել էին մեկ տարի առաջ՝ հայոց հաղթանակած բանակի 25-ամյակի կապակցությամբ: 
 
- Սիրելի երեխանե՛ր, հիշում եք՝ դուք նամակներ էիք գրել մեր զինվորներին,- հարցրեց դպրոցի տնօրեն Արարատ Ղուկասյանը: 
 
Իհարկե՝ հիշում էին և, ինչպես պարզվեց՝ սպասել են այդ պատասխաններին:
 
Ահա թե ինչու այդքան հստակ ու միահամուռ հնչեց երեխաների «Այո՜»-ն:
 
- Ահա, զինվորները պատասխանել են ձեզ,- շարունակեց Ղուկասյանը: 
 
- Այդքան ո՞ւշ է տեղ հասել նամակները,- տարակուսեց 8-ամյա Մարիան: 
 
- Բա գիտե՞ս Հայաստանն ինչքան հեռու է: Դրա համար էլ ուշ է հասել,- միջամտեց Սոնյան: 
 
- Գիտեմ,- պատասխանեց Մարիան,- ես եղել եմ Հայաստանում: 
 
- Սիրելի երեխանե՛ր, մեր զինվորները շատ կարևոր գործ են անում. պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները, որպեսզի մենք բոլորս և մեր հայրենակիցները Հայաստանում, խաղաղ ապրենք: Դրա համար էլ նրանց պատասխանը մի քիչ ուշ է տեղ հասել,- բացատրեց ուսուցիչն ու պատրաստվեց բացել ծրարները:
 
Ահա փոքրիկ հատվածներ՝  այդ նամակներից երկուսից.
 
- Ողջույն, իմ սփյուռքահայ բարեկամ:
 
... Դժվար է և քարքարոտ ճանապարհները հայ զինվորի, բայց անկոտրում է նրա մարտական ոգին: Լինելով հայրենիքի պածտպանը՝ մեզ համար հաճելի է զգալ, որ անհրաժեշտության դեպքում մեր կողքին ունենք կանգնած ձեր նման հայրենակիցներ, որում համոզվեցինք 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: ... Ի խորոց սրտի իմ բարեմաղթանքներն եմ ուղղում քեզ՝ հավաստիացնելով, որ դուք մտահոգվելու ոչինչ չունեք. մենք հաստատակամլանգնած ենք մեր սրբազան հողերի սահմաններին,- գրել էր կրտսեր սերժանտ Թաթուլ Մկրտչանը:
 
- Բարև, սիրելի Մարիա: Ես շատ հպարտ եմ, որ իմ հայրենիքի սահմանն եմ հսկում և շատ ուրախ եմ, որ դու մեզ հիշել ես Իսպանիայից ու մտածում եք մեր մասին, անհանգստանում եք մեզ համար:
Մարիա ջան, Հայաստանը պաշտպանելն այդքան հեշտ չէ, բայց մեր խիզախ զինծառայողների, գրագետ սպաների շնորհիվ մեր երկիրը հիմա շատ հզոր բանակ ունի: 
Մարիա ջան, եթե մի օր այցելես Հայաստան, անպայման մեզ հյուր արի և կհամոզվես, թե ինչ հզոր բանակ ունենք,- աղջնակի նամակին պատասխանել էր սերժանտ Արտյոմ Հարթենյանը:
 
Իսկ ի՞նչ էին գրել երեխաները: 
 
Անհնար է առանց հուզմունքի կարդալ 11-ամյա Հելենա Ղուկասյանի նամակը՝
 
- Ողջո՛ւյն, սիրելի զինվոր: Քեզ գրում եմ հեռավոր Իսպանիայից՝ անհուն կարոտը սրտիս մեջ: Ես կարոտում եմ իմ հայրենիքը, որի պաշտպանը դու ես:
 
Ես գիտեմ, որ դու պատվով ես կատարումքո ծառայությունը մեր հայրենիքին, դրա համար էլ ես խոստացել եմ՝ պահպանել և սիրել իմ մայրենի լեզուն: Ես հաճածում եմ հայկական դպրոց, որպեսզի չմոռանամ հայերենը, հիշեմ քեզ ու միշտ պատմեմ քո մասին իմ ընկերներին... Մեր ընտանիքում միշտ խոսում ենք քո մասին, մտախում քո խառայության համար և հպարտանում քեզանով: Ես գիտեմ, որ դու ո՛չ միայն պաշտպանում ես մեր երկիրը՝ Հայաստանը, այլև ինձ ու իմ ընտանիքը:
 
... Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ: Թող քո շարքերից ո՛չ մի զինվոր չպակասի...  
 
7-ամյա Ռոման Խաչատրյանը ևս հպարտանում է հայ զինվորներով՝
 
- Դուք շատ քաջ եք և անվախ: Ուզում եմ մեծանամ, դառնամ ձեզ պես: Հեռու ենք շատ Հայաստանից, օտար երկրում, բայց ձեզ հետ ենք հոգով: Հպարտանում ենք ձեզանով ու շատ սիրում:
 
Աշակերտների ուրախությանը չափ չկար, երբ համոզվեցին, որ իրենց նամակները հասել են հասցեատիրոջը՝ Հայոց աշխարհի սահմանները պաշտպանող հայ զինվորին, ով, այս դժվարին օրերին, նույնիսկ ժամանակ է գտել պատասխանելու իրենց բարեմաղթանքներին: Ռոմանը, Հելենան, Վալերիան, Վիկտորիան, Իզաբելլան, Մարիան և մյուսները մի տեսակ ներքին ուրախություն էին ապրում, երբ լսում էին իրենց անունները: 
 
Արարատ Ղուկասյանը մեկ առ մեկ կարդաց զինվորների պատասխան նամակաները, ինչպես նաև նրանց ուղերձը սփյուռքահայ ընկերոջը: Այս հատուկ դասաժամին ներկա էին նաև աշակերտների ծնողները, ովքեր նույնպես մեծ գոհունակությամբ ու հուզումով էին լսում իրենց զավակներին ուղղված նամակները: 
 
Սա մեծ դաս էր՝ ինքնաճանաչումի, վասն հայրենյաց և մեծ սիրո, որն անպայման ծլարձակելու է մանուկ հոգիներում և ուղեկցելու է նրանց հեռավոր ափերում: