«Միայն միասնաբար կարող ենք կառուցել հայրենիքը, պաշտպանել Արցախը և կազմակերպել Սփյուռքը». Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԵՌԱՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԵԼԳԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՔՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Արտերկրի հայկական համայնքների հետ հարաբերություններն առավել առավել սերտ ու գործնական են դառնում հեռակապի շնորհիվ: Եվ այս կերպ հաղորդակցվելը վաղուց ի վեր աշխատանքային առօրյա է ՀՀ սփյուռքի նախարարությունում:
 
Այսօր՝ փետրվարի 10-ին, նախարարության հերթական հեռահանդիպումը Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ էր:
 
Հայաստանից հանդիպմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ:
 
Բելգիայի հայ համայնքից նրանց զրուցակիցներն էին հայերի կոմիտեի նախագահ Կարեն Թադևոսյանը, Բելգիայում ՀՀ դեսպանության խորհրդական Սարգիս Կարապետյանը, մոտ երեք տասնյակ ներկայացուցիչներ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակից, համայքնի կրթական, մշակութային, հասարակական, եկեղեցական կառույցներից, միություններից, կուսակցություններից: 
 
Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին, նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց բելգիահայ համայնքին՝ վերջին շրջանում նախարարության հետ սերտ համագործակցության և փոխգործակցության համար: 
 
- Ուրախ եմ, որ Բելգիայում կառուցվում են հայկական դպրոցներ, քանի որ հենց դպրոցներն են մեր գոյության և լինելիության գրավականները: Մեր նպատակն է, որ համայքների հայ մանուկները գոնե մեկօրյա հայկական դպրոցներ հաճախեն: Մեր մյուս ցանկությունն է, որ յուրաքանչյուր հայորդի տեսնի Հայաստանը. Հայրենիքը վերացական պատկերացնելը շատ դժվար է, և վստահ եմ, ով մեկ անգամ զգում է հայրենի հողը, կապվում է նրան մեկընդմիշտ,- նշեց Հրանուշ Հակոբյանը: 
 
Նախարարն ընդգծեց նաև, որ հայաստանյան բարձրագույն կրթական հաստատություններում սփյուռքահայ 70 ուսանողներ կարող են ստանալ մանկավարժական անվճար կրթություն, և հորդորեց Բելգիայի հայ համայքնի երիտասարդներին գալ և կրթություն ստանալ հենց Հայրենիքում:
Խոսելով 2018 թվականի ծրագրերի և միջոցառումների մասին՝ Սփյուռքի նախարարն ընդգծեց. 
 
- Այս տարին մեզ համար շատ կարևոր է լինելու և՛ ազգային, և՛ քաղաքական, և՛ միջազգային առումներով: Համայն հայությունը նշելու է Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտերի 100, Երևանի 2800 ամյակները: Կարևորագույն իրադարձություն է նաև  Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի անցկացումը: Այս հոբելյանները պետք է նշվեն ոչ միայն  Երևանում, այլև բոլոր հայկական համայքներում: 
 
Եվ նախարարը համայնքային ներկայացուցիչներին հորդորեց  ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին՝ շեշտելով, որ ամռանը կայանալիք «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը կունենա մոտ 2000 մասնակից Սփյուռքից, Հայաստանից և Արցախից: Նա կարևորեց այս տարի տեղի ունենալիք լրագրողների և ճարտարապետների համաժողովները, երիտասարդների համահայկական հավաքը, որոնք կնպաստեն ոչ միայն Հայրենիք-Սփյուռք, այլև սփյուռք-սփյուռք կապերի ընդլայնմանն ու սերտացմանը: Հրանուշ Հակոբյանը կարևորեց նաև հայ համայքների կողմից համաեվրոպական ձեռնարկների, հավաքների անցկացումը: 
 
Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Կարեն Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց նախարար Հրանուշ Հակոբյանին և նախարարության աշխատակիցներին՝ արդյունավետ գործակցության համար և նշեց, որ համայնքը մեծ շուքով նշելու է Հայոց պետականության 100 ամյակը, կազմակերպվելու են Հայաստանի մշակութային օրեր, ցուցահանդեսներ, հավաքներ:  
 
- Մեզ համար առաջնային է նաև Երևանի և Բրյուսելի քույրացումը,- շեշտեց Կարեն Թադևոսյանը:
 
Բելգիայի Համազգային հայ կրթական և մշակութային միության վարչության ատենապետ Սամվել Սարգսյանը կարևորեց հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման անհրաժեշտությունը: Իսկ Մեխելենի «Անի» միության ղեկավար Էրիկ Ենոքյանը հայտնեց, որ իրենց համայքնում ստեղծվում է գրադարան և խնդրեց նախարարության աջակցությունը՝ այն գիտական և գեղարվեստական գրականությամբ համալրելու հարցում: 
 
Նախարար Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ և՛ ուսուցիչների վերապատրաստումը, և՛ գրադարանի համալրումը կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում և կստանան համապատասխան ընթացք: 
Այնուհետև հեռակապով հանդիպման մասնակիցները քննարկեցին համահայկական խորհրդի ստեղծման գաղափարը, տեղի հույն համայնքի հետ համագործակցության հեռանկարները:
 
Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը մասնավորապես ասաց. 
 
- Շնորհակալ եմ ձեզնից այն առողջ ու հայեցի մթնոլորտի համար, որ ստեղծել եք և ներկայացնում եք մեր երկիրն ու ժողովրդին Եվրոպայի սրտում: Գիտեմ, որ կարոտով ու սիրով եք սպասում լավ լուրերի: Գիտեմ, որ շատ խնդիրներ կան և՛ համայնքում, և՛ հայրենիքում, ու միայն մեծ նվիրումով, աշխատանքով, սերտ համագործակցությամբ է հնարավոր լուծել դրանք, միայն միասնաբար կարող ենք կառուցել հայրենիքը, պաշտպանել Արցախը և կազմակերպել Սփյուռքը: