Տաբուները խանգարում են անաչառությանը

ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԼԵՑ ՎԱԼԵՆՍԻԱՅԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

«Արարատ» Հայկական միության միջնորդագրով այսօր՝ փետրվարի 27-ին, Վալենսիայի շրջանային Պատգամավորական խորհրդի նորաստեղծ Կոնտիգո (Contigo) կուսակցության պատգամավոր Խոսե Էնրիկե Ագուարը նիստին ներկայացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Միջնորդագրով հայ համայնքի անունից Հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը պատգամավորական խորհրդին առաջարկել էր պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
 
Խոսե Էնրիկե Ագուարը (José Enrique Aguar) հանգամանորեն ներկայացրել է Հայոց ցեղասպանության փաստը, այն ճանաչած երկրների, մարզերի, քաղաքների ու միջազգային կառույցների ցանկը և վերոնշյալ խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչման կարևորությունը։
 
Քաղաքացիական կուսակցության խոսնակը, սակայն, հակադարձել է Ահուարին՝ առաջարկելով ճանաչել բոլոր ցեղասպանությունները՝ առանց նշելու անուն և ազգ։
 
Քվեարկության ժամանակ 4 կուսակցություններ կողմ են քվեարկել (Կոնտիգո՝ 1, Ձախ Միություն՝ 1, Կոմպրոմիս՝ 5, Պոդեմոս՝ 1. ընդհանուր՝ , 2 կուսակցություն՝ դեմ (Քաղաքացիական՝ 1, Ժողովրդական՝ 10. ընդհանուր՝ 11), իսկ սոցիալիստները՝ 13 ձայնով ձեռնպահ։ 
 
Այսպիսով, Իսպանիայի հին և բավական հնաոճ երկու կուսակցությունները՝ Սոցիալիստականն ու Ժողովրդականը, դեռևս ֆրանկիզմի ստվերի տակ գտնվելով՝ հեռու են հասկանալ և ընդունել ֆաշիզմի սխալներն ու հորդորել ճանաչել դրանք։
 
Նիստին ներկա էին նաև «Արարատ» Հայկական միության ներկայացուցիչները (լուսանկարում), ովքեր եկան միահամուռ եզրակացության՝ հաջորդ ընտրությունների ժամանակ իրենց աջակցության և արդարության աննահանջ պայքարի հարցում։