Կվերապատրասվեն Բեյրութի Ս. Խաչ-Հարպոյան վարժարանում

«ԴՈՒ Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ»

ՀՀ սփյուռքի նախարարության հերթական ձեռնարկումը ևս մեծ արձագանք գտավ՝ դեռևս անցյալ տարի: Խոսքը գերատեսչության կողմից իրականացվող «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման մասին է, որն, ի թիվս բազմահազար մերհայրենակիցների՝ ողջունել է նաև Շառլ Ազնավուրը: Շարժման առաքելությանն ու գաղափարին ծանոթանալով՝ աշխարհահոչակ շանսոնյեն այն ողջունելի քայլ էր որակել՝ ընդգծելով. 

- Շնորհավորում եմ, որ Արցախին օգնելու համար այսպիսի շարժում է սկսվել, նմանօրինակ նախաձեռնությունները պետք է շատ լինեն:
 
Իսկ այսօր արդեն, որպես գործնական արձագանք, մարտակերտցի երեք մանկավարժներ ՝ շաժման շրջանակներում պատրաստվում են Բեյրութ մեկնել՝ մասնակցելու ներառական կրթության մեկշաբաթյա դասընթացին:
 
Ս. Խաչ-Հարպոյան վարժարանի հրավերով Բեյրութ մեկնելուց առաջ Մարտակերտի Վարդան Մինասյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Մելսիդա Քարդումյանը, ուսուցիչներ Լուսինե Սաիյանն ու Ռուզաննա Ավետիսյանը երեկ հյուրընկալվել են ՀՀ սփյուռքի նախարարությունում: 
 
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է Բեյրութի Ս. Խաչ-Հարպոյան վարժարանի նախաձեռնությունը՝ նշելով, որ դպրոցն այդ կերպ փորձում է ամեն ինչ անել, որպեսզի դառնա «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման գլխավոր մասնակիցը: Նախարարը բարի ճանապարհ մաղթեց արցախցի ուսուցիչներին : 
 
- Շատ լավ կլիներ, որ ամուր կապվեիք Սփյուռքի ձեր գործընկերների հետ, նրանց փոխանցած գիտելիքները, փորձը ներդնեիք Հայրենիքում, Արցախում, - հրաժեշտից առաջ արցախցի ուսուցիչներին բարի ճանապարհ մաղթելով՝ ցանկություն է հայտնել Սփյուռքի նախարարը: