Ապրիլքսանչորսյան ոգեկոչումները՝ շաղախված հաղթանակի բերկրանքով

Ինչպես և նախօրոք հայտարարվել էր լրատվամիջոցներին, Իսպանիայի «Արարատ» Հայկական միության նախաձեռնությամբ կազմակերպված ապրիլքսանչորսյան ոգեկոչումներն ուղեկցվեցին «մերժի՜ր Սերժին» ակցիայով և ժողովրդական հեղափոխության հաղթանակի շնորհավորանքներով։ Թերևս սա առաջին ապրիլի 24-ն էր, երբ հայերը և, մասնավորապես, իսպանահայերը շնորհավորում էին միմյանց՝ Հայաստանում մեկնարկած Թավշյա հեղափոխության և հայ ժողովրդի ձեռք բերած բաղձալի հաջողությունների համար։
 
Միսլատայում տեղակայված «Կենաց խաչ» հուշարձանի մոտ հավաքված ավելի քան 300 հայ և իսպանացի ներկաները, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո, իրենց հետաքրքրությունն ու անհանգստությունն էին հայտնում Հայաստանում ծավալվող դեպքերի շուրջ։ 
 
Բացման խոսքով հանդես եկավ հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը, ով իր խոսքում մասնավորապես նշեց, որ ողջ իսպանահայությունը հայ ժողովրդի կողքին է և դեմ է դեպի բռնապետություն և միակուսակցականացում տանող Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության քաղաքականությանը։ 
 
- Այսօր կարծես թե Եղեռնի սուրբ նահատակները նույնպես մեր ժողովրդի հետ են և տոնում են այդքան երկար սպասված զարթոնքը,- նշեց հայ համայնքի ղեկավարը։
 
Վերջինիս խոսքին հետևեցին Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած լոզունգները՝ «քայլ արա՛, մերժի՛ր Սերժին», «Ազատ, անկախ Հայաստան» և այլն։ 
 
Հավաքին ներկա էր նաև Վալենսիայի շրջանային Պատգամավորական խորհրդի պատգամավոր Խոսե Էնրիկե Ագուարը, ով դատապարտեց ցեղասպանության հեղինակներին և ներկայիս մերժողական քաղաքականությունը՝ կոչ անելով Թուրքիայի և Իսպանիայի իշխանություններին ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Նա նաև շնորհավորեց հայ ժողովրդի ձեռք բերած բաղձալի ազատությունը։ 
 
Ոգեկոչման արարողությանը ներկա էին նաև Միսլատայի քաղաքապետարանի Մշակույթի և Արտաքին հարաբերությունների խորհրդականներ Պեպի Լուխանն ու Խոսե Լուիս Գարսիան։ Վերջինս իր խոսքում շնորհակալություն հայտնեց հայկական միությանն ու հայ համայնքին՝ բազմամշակութային և ինտեգրման նախաձեռնությունների զարգացմանը նպաստելու համար։ Միջոցառմանը հանդես եկան նաև հայկական կիրակնօրյա դպրոցի սաները և երգիչ Էդգար Մարտիրոսյանը։ 
 
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին՝ խնկարկելով զոհերի հիշատակը։