Հայրենիքի կարոտը՝ նաև ներշնչանք

Առաջին հանրապետության մեկդարյա հոբելյանին նվիրված միջոցառումները շարունակվում են Վալենսիայում:
 
Իսպանիայի «Արարատ» Հայկական միության հերթական նախաձեռնությունը, նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին, բուռն արձագանք գտավ արդեն նորածին ժողովրդավար Հայրենիքի ոգևորությամբ ներշնչված վալենսահայության շրջանում։
 
Այս անգամ միությունը հանրությանը ներկայացրեց ժողովրդածին Հայրենիքի առաջին ավետաբերների՝ սիրված դերասաններ Հայկ և Գոհար Սարգսյանների հեղինակած «Իմ տունը կամ անկախ ամեն ինչից» կատակերգությունը, որի առանցքային հորդորը Հայրենիքը չլքելն ու այն ավելի հզորացնելն է։
 
Հայտնի դերասանները ժամանել էին Վալենսիա՝ կարևորագույն խորհրդով. Հայաստանն այլևս ուրիշ է, ավելի բարեկեցիկ, օրինական և հյուրընկալ, որն անվերապահորեն իր դռներն է բացել աշխարհասփյուռ հայության առջև։ Ներկայացման հերոսները՝ երկիրը լքելու ծանր որոշման առջև կանգնած ամուսինները, ի վերջո որոշում են չգնալ և հոգ տանել նորածին թոռան մասին, որը նորահիմք հայաստանի ապագա շենացնողը պիտի լինի։ 
 
Հայրենիքի կարոտը սրտերում ամբարած վալենսահայ հանդիսատեսը մեծ ջերմությամբ ընդունեց սիրված դերասաններին։ Հանդիսատեսների շարքերում նաև իսպանացիներ կային, այդ թվում՝ Միսլատայի քաղաքապետարանի Մշակույթի և Արտաքին հարաբերությունների խորհրդականներ Պեպի Լուխանն ու Խոսե Լուիս Գարսիան, ովքեր կլանված դիտում էին օտարալեզու ներկայացումն ու գրեթե հասկանում պանդխտության ուղին իր առջևում ունեցող հայի հոգին։ 
 
Ահա ևս մեկ միջոցառում՝ մեր մայիսյան հաղթանակները ներկայացնող ծրագրերից, որոնց մեկնարկը տրված էր դեռ ապրիլին՝ Ջիվան Միրզոյանի անհատական ցուցահանդեսով։ 
 
«Արարատ» Հայկական միություն 
Վալենսիա, Իսպանիա