Ավարայրի ոգին՝ Սարդարապատի սերունդների մեջ

ՆՐԱՆՑ ԿՈՉՈՒՄԸ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ է

Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումները շարունակվում են Իսպանիայի հայ համայնքում։ «Արարատ» հայկական միության հերթական նախաձեռնության հերոսները կիրակնօրյա դպրոցի սաներն էին։ Նրանք կտավին են հանձնել Մայիսյան հաղթանակները խորհրդանշող հայաշունչ պատկերները, որոնք ընդգրկվել են «Իմ Հայաստան» նկարչական մրցույթի շրջանակներում։
 
Մրցույթում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը կիսեցին համապասխանաբար Ռոման Խաչատրյանը (8 տարեկան), Մոնիկա Գրիգորյանը (12 տարեկան) և Հելենա Ղուկասյանը (12 տարեկան)։ Մրցանակների հանձնման արարողությանը հրավիրված էին սիրված դերասաններ Հայկ և Գոհար Սարգսյանները, ովքեր և հանձնեցին մրցանակներն ու նվերները։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Միսլատայի Մշակույթի կենտրոնում նրանք հանդես էին եկել «Իմ տունը կամ անկախ ամեն ինչից» ներկայացման պրեմիերայով, որը նույնպես նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին։ Մայիսյան տոները Վալենսիայի հայ համայնքում կեզրափակվեն այս շաբաթ՝ հայկական դպրոցի ուսմասվար Սվետլանա Կարապետյանի հեղինակած «Հայրենիք» հանդեսով։
 
Կոչումով մանկավարժ 
 
Այս արտահայտությունն, ասես, հակիրճ նկարագիրն է հենց Սվետլանա Կարապետյանի ու նրա նման այն նվիրյալների, որոնց շարքերը, ավաղ, հետզհետե նոսրանում են:
 
Շուրջ կես դար՝ 48 տարի, կրթել է Երևանի թիվ 144 դպրոցի սաներին, հետո Վալենսիա տեղափոխվել՝ Նաիրա դստերը միայնակ չթողնելու և օտար այս ափում հայտնված թոռներին հայեցի դաստիարակելու համար: Եվ՝ ոչ միայն հարազատ թոռներին. Միսլատայի կիրակնօրյա հայկական դպրոցում հայերեն է դասավանդում՝ ոչ միայն բարեսիրական, այլև հայասիրական ազնիվ մղումով: Նրա մեծագույն վաստակը խորին հարգանքն է՝ հայ համանքի բոլոր անդամների կողմից և հայրենիքից հեռու մեծացող և հայերեն բարբառել սովորող սաների անափ սերը:
 
Սվետլանա Կարապետյանի նվիրումը նաև Հայաստանի պատկան ատյանն է գնահատել. անցյալ տարի նա արժանացել էր ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրին՝ մայրենիի պահպանության գործում ներդրած ջանքերի համար: Ի դեպ՝ Միսլատայի կիրակնօրյա հայկական կրթօջախն էլ լավագույնն է ճանաչվել սփյուռքյան դպրոցներից:
 
Վալենսիայի «Արարատ» հայկական միության արձանագրած հաջողությունները՝ հատկապես հայապահպանության գործում, նաև իրենց գործի ու Հայաստան հայրենիքի նվիրյալների ներուժը ճիշտ ուղղորդելն է: Նախապայման, որի կարևորությունը հստակ գիտե Միության հիմնադիր նախագահ Արարատ Ղուկասյանը: