«Այս ընթացքն անշրջելի է»

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 9-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր մեկնարկել է Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովը, որի աշխատանքները կշարունակվեն ևս երկու օր:
 
Նախարար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցել է փոխնախարար Բաբկեն Տեր Գիրիգորյանը.
 
- Սիրով ողջունում եմ ձեզ նոր Հայաստանում և հայտնում եմ իմ խորին երախտիքը ձեր ներկայության և այն աջակցության, այն խանդավառության ու զորակցության համար, որ դուք ցուցաբերեցիք թավշյա հեղափոխության կայացման և սփյուռքյան լրատվամիջոցներում նրա ողջ ընթացքն ու փիլիսոփայությունը պատշաճ ներկայացնելու, լուսաբանելու գործում: Խորհրդանշական էր, որ հենց Հայոց պետականության վերակերտման 100-րդ տարեդարձի նախօրեին սկիզբ առած խաղաղ անհնազանդության շարժումը համազգային դրսևորում ստացավ: Սփյուռքը թև ու թիկունք դարձավ սիրո ու համերաշխության հեղափոխությանը, որը  հաղթեց ողջ հայ ժողովրդի միասնական կամքով՝ սկզբնավորելով ազգային զարթոնքի, Հայոց պետականության ամրապնդման, երկրի իմիջը բարձրացնելու նոր փուլ: 
 
Նախարարն իր խոսքում վստահություն էր հայտնել, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ևս հեղափոխություն կիրականանա՝ նոր մտածողությամբ, նոր ոճով, սիրո ու անկեղծության վրա հիմնաված հարաբերությունների զարգացման նոր տրամաբանությամբ:
 
- Այս ընթացքն անշրջելի է, մենք միասին ենք կառուցելու իսկապես արդար, իսկապես ազատ և իակապես զարգացող Հայրենիք: Վստահ եմ, որ այս համաժողովը կդառնա վերարժևորման, մեր խնդիրները անկեղծ ու կառուցողական մթնոլորտում քննարկելու, լուծումներ գտնելու բացառիկ հարթակ: Եվ, ի վերջո կձևավորվի առողջ ու կենսունակ համահայկական տեղեկատվական դաշտը,- ասվում էր Սփյուռքի նախարարի խոսքում: 
 
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության փոխնախագահ Գայանե Առաքելյանը, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը:
 
Այնուհետև համաժողովն իր աշխատանքերը շարունակեց 4 նիստերով:
Համաժողովի բացմանը մասնակցում էին մոտ 70 լրագրողներ՝ Սփյուռքից, նաև Հայաստանի և Արցախի լրատվամիջոցների ներկայացուցիչներ: