ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ, ԻՍԿԱՊԵՍ, ՈՂՋՈՒՆԵԼԻ Է

Կատարված աշխատանքի, ներդրված ջանքերի լավագույն գնահատականը դրանց արդյունքն է: Նման գնահատանքի առարկայական արտահայտություններից մեկը , Հայ-իսրայելական առևտրի գրասենյակի փոխնախագահ, «Teamnet packing and international freight services» ընկերության ներմուծման և արտահանման հարցերով տնօրեն Սուրեն Շահնազարյանի արձագանքն էր՝ ՀՀ սփյուռքի նախարարի նամակին: 
 
 
Այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իսրայելահայ գործարար, Հայ-իսրայելական առևտրի գրասենյակի փոխնախագահ, «Teamnet packing and international freight services» ընկերության ներմուծման և արտահանման հարցերով տնօրեն Սուրեն Շահնազարյանին: Արձագանքելով ՀՀ սփյուռքի նախարարի նամակին՝ վերջինս ցանկություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանում՝ գյուղատնտեսության և արևային էներգիայի արտադրության ոլորտներում:
 
Ողջունելով սփյուռքահայ գործարարին,  նախարարը կարևորեց իր հնարավորությունները
Հայաստանում ներդնելու  ու դրանով Հայրենիքի զարգացման գործընթացին մասնակցելու նրա պատրաստակամությունը: 
 
Նախարարը հետաքրքրվեց Իսրայելի հայ համայնքի վիճակով, խնդիրներով, ընդգծեց, որ ինքնության պահպանման, համահայկական հարցերի շուրջ համախմբվելու, միասնական լինելու համար անհրաժեշտ է ամրացնել կապը Հայրենիքի հետ, ավելի ակտիվ մասնակցել նախարարության ծրագրերին:
 
- Կարծում եմ, որ ժամանակն է Սփյուռքը վերակազմակերպել մասնագիտորեն, օգտագործել նրա հսկայական ներուժը: Ողջունում եմ Հայաստանում ձեր ներկայությունն ապահովելու, ներդրումներ կատարելու նախաձեռնությունը,-մասնավորեցրեց  Հ. Հակոբյանը:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Սուրեն Շահնազարյանը նախարարին ներկայացրեց կազմակերպության, եկեղեցու, համայնքի գործունեությունն ու խնդիրները, պատրաստակամություն հայտնեց ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին: