ԳԻՐՔ ԴԱՐՁԱԾ ՃԱԿԱՏԱԳԻՐ

«Հարյուրամյա ճանապարհ: Հայկական ոդիսական»

Հաճախ վայրիվերումներով է եղել հայ ժողովրդի ընթացքը դարերի հոլովույթում, բայց շարունակվել է անխաթար՝ լինելիության երաշխիքն այդպես էլ անվերծանելի թողնելով շատոց համար:  Ընթացք, որի վերջին հարյուրամյակը ճշմարտացիորեն «Հայկական ոդիսական» է կոչել Դոուն Անահիտ ՄակՔինը՝ «Հարյուրամյա ճանապարհ: Հայկական ոդիսական» գրքում:
Ինչպես Հայաստանին ու հայերին վերաբերող ուշագրավ ամեն ձեռնարկում, այս գիրքը ևս չէր կարող անուշադրության մատնվել ՀՀ սփյուռքի նախարարության, ասել է թե՝ նախարարի կողմից: Ասվածի վկայությունն այսօր նախարարությունում կայացած՝ նշյալ գրքի շնորհանդեսն էր, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, մտավորականներ, ուսանողներ, հյուրեր:
 
Կարևորելով ցեղասպանություն վերապրածի հիշողությունների մասին թոռնուհու անգլերեն գրքի ծնունդը՝ Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. 
 
- Մեր սիրելի Անահիտի պապիկը դաժան ճակատագիր է ունեցել շատ ու շատ հայերի նման, որովհետև թուրքը որոշել էր ջնջել հայերին, թողնել մեկ հայ, այն էլ թանգարանում: Ճակատագրի բերումով գրքի հերոսին հաջողվում է փախչել, փրկվել, ապաստան գտնել Սիրիայում: Պետք է երախտապարտ լինենք արաբ ժողովրդին, որ օգնեց մեր հայրենակիցներին շտկել մեջքը, նաև՝ աշխարհասփյուռ դառնալ, արմատներ ձգել: Հայ ժողովրդի հիմնական նպատակը, մեր պապերի երազանքը՝ երեխաներին կրթելը, իրականություն դարձավ: Վկայությունն այսօրվա հզոր համայնքներն են Սփյուռքում, գրագետ, կրթված սերունդը: Այդ սերնդի ներկայացուցիչներից մեկը մեր այսօրվա հյուրն է, որի երակներում հայկական արյուն է հոսում: Լսելով պապի պատմությունները, ընթերցելով նրա արաբական օրագրերը՝ հեղինակը հետաքրքրվել է անցյալի իրողություններով, գտել է իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, համադրել է դրանք այսօր Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների հետ, յուրացրել ու շարադրել է իրեն հատուկ լրագրողական  ոճով: Գիրքն արժեքավոր է, քանի որ գրվել է ոչ հայկական ազգանունով հեղինակի կողմից, որի մեջ արթնացել են հայկական արմատները, արժեքավոր է, քանի որ գրվել է անգլերենով և որ՝ պատմական հիշողություն է: Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս գրքի ծննդյան առթիվ:
 
Գիրքը ներկայացնելու հիանալի առիթ ընձեռելու համար շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը և նախարարին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը նշեց, որ գիրքը վերջերս է ընթերցել, հիացել է ու որոշել անպայման հեղինակին Հայաստան հրավիրել: 
 
- Այս օրերին նա համալսարանի հյուրն է և դասախոսություններ է կարդում ուսանողների համար: Որպես լրագրող և գրող՝ նա Չիկագոյի ամերիկյան շրջանակների կողմից պարգևների է արժանացել: Ի դեպ, հեղինակի անունը՝ Դոուն, թարգմանաբար նշանակում է Արշալույս, ինչը շատ խոհրդանշական է , - ասել է  նա:
 
Սրտաբուխ էր և հեղինակի խոսքը՝ 
 
- Ինձ համար մեծ պատիվ է գիրքս առաջին անգամ ներկայացնել Հայաստանում, կիսել տպավորություններս պապիկիս հիշողությունների մասին: Վերջին դեպքերը Սիրիայում և Իրաքում կարծես կապող օղակ էին անցյալի և ներկայի միջև: Ես նորից վերապրեցի այդ հիշողությունները: 
ՀՀ սփյուռքի նախարարը ամերիկացի լրագրող, գրող Դոուն Անահիտ ՄակՔինին պարգևատրեց նախարարության «Երախտագիտության» մեդալով: