Խնկարկում Վալենսիայում

Իսպանիայի «Արարատ» Հայկական միության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Միսլատայում տեղակայված ԿԵՆԱՑ ԽԱՉ հուշարձանի մոտ: Ավելի քան 100 հայեր և իսպանացիներ ծաղիկներ են խոնարհեի և խնկարկել Եղեռնի զոհերի հիշատակը։
 
Միջոցառմանը ներկա էին Միսլատայի քաղաքապետարանի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները՝ Խայմե Բրոնչուդի գլխավորությամբ, ԿՈՆՏԻԳՈ կուսակցության և մի շարք կազմակերպությունների անդամներ։ 
Մեկ րոպե լռությամբ հարգելով անմեղ զոհերի հիշատակը, ներկաներն ունկնդրեցին հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանին, ով շնորհակալություն հայտնեց Բուրգոսի կառավարությանը, որը բոլորովին վերջերս պաշտոնապես ճանաչոց Հայոց ցեղասպանությունը՝ լրացնելով այն 34 քաղաքների շարքը, որոնք արդեն իսկ ճանաչել են այն։ 
 
Այնուհետև խոսք առավ Խայմե Բրոնչուդը, ով հորդորեց Իսպանիայի և Վալենսիայի կառավարություններին ճանաչել ցեղասպանությունը և դատապարտել մարդկության դեմ այդ ծանր հանցագործությունը։
 
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Բուրգոսը դարձավ Իսպանիայի 34-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ընդ որում, Բուրգոսի քաղաքային նիստը միաձայն ընդունեց «Արարատ» Հայկական միության «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» միջնորդագիրը, որը նիստին ներկայացրեց միության անդամ Վահե Պապյանը՝ ավագանու Կոնտիգո կուսակցության խոսնակ Սիլվիա Ալվարեսի (Silvia Alvarez) օգնությամբ։ Միջնորդագրի հիման վրա, ավագանու 4 կուսակցությունները (Ժողովրդական, Սոցիալիստական, Իմախինա Բուրգոս և Քաղաքացիական) համատեղ ինստիտուցիոնալ հայտարարագիր հրապարակեցին, որով դատապարտում են ցեղասպանությունն իրակացնողներին և հորդորում Թուրքիային և, հատկապես, Իսպանիային, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպես այդպիսին։ Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 34 քաղաքներից 7-ը, այդ թվում նաև Բուրգոսը, շրջկենտրոններ են, իսկ երկուսը՝ Վալենսիան ու Մերիդան, մարզկենտրոններ։ Հավելենք նաև, որ Իսպանիայի 5 մարզեր, Բասկերի երկիրը, Կատալոնիան, Բալեարները, Նավառան և Արագոնը, արդեն ճանաչել են ցեղասպանությունը և հորդորել կենտրոնական իշխանությանը՝ հետևել իրենց քայլին։