Նախարարության մեկ օրը

ՀՀ սփյուռքի նախարարության պարագայում դժվար է մի քանի կարճ գրառումով հակիրճ ներկայացնել գերատեսչության մեկ օրը: Այն հագեցած է այնքան, որ աշխատանքի ավարտից հետո օրվա անցուդարձն ամփոփելու համար նոթատետրդ էլ առանձնապես չի օգնում, որովհետև դժվարանում  ես ընտրել՝ ո՞ր հանդիպումը, ո՞ր քննարկումը ներկայացնել, որը՝ ոչ: 
Այդուհանդերձ, փորձենք ներկայացնել այսօրվա մեկ-երկու դրվագ՝ «հեռագրային» կարճառոտությամբ:
 
Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ-ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱԿՑՄԱՆ
 
Այսօր՝ ապրիլի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Լիբանանի պլանավորման պետական նախարար Միշել Փարավոնին՝ տիկնոջ և ուղեկցող պատվիրակության հետ: 
 
Նախարարը կարևորել է լիբանանյան նախարարի այցը Հայաստան՝ մասնավորապես նշելով. 
 
- Ձեր այցը նոր ուղիներ կբացի հայ-լիբանանյան հարաբերություններում՝ և՛ կառավարման, և՛ բիզնես ոլորտներում: Մեր նախարարության խնդիրներից է Սփյուռքին տեղեկացնել մեր որդեգրած ներդրումային քաղաքականության, նրա օրենքների վերաբերյալ: Մեր կայքում 100-ից ավելի բիզնես ծրագրեր ենք տեղադրել և փորձելու ենք դրանք տարածել նաև օտար բարեկամների շրջանում: Պետք է նպաստենք Լիբանանի և Հայաստանի միջև տուրիզմի զարգացմանը: Պետք է Լիբանանի հանրությանը ներկայացնել Հայաստանի առավելությունները:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար,  Միշել Փարավոնը շեշտել է, որ սիրով և ոգևորությամբ է այցելում Հայաստան. 
 
- Սա իմ երկրորդ այցելությունն է Հայաստան, առաջին անգամ եղել եմ 1999 թվականին: Այս անգամ ավելի տպավորված եմ: Հայաստանում մի քանի կարևոր բան նկատեցի՝ անվտանգություն, քաղաքական կայունություն: Բարելավված են ներդրողների պայմանները: Պետք է համագործակցություն լինի պետական և մասնավոր հատվածների միջև: Տնտեսության զարգացման համար կարևոր է նաև Հայաստանի ընդգրկվելը Եվրասիական տնտեսական միության կազմում և Իրանի հետ տնտեսական ազատ գոտին: Լիբանանի բիզնեսի համար նախընտրելի են Հայաստանի հետ գործնական կապերը: Այդ բոլոր հարցերը քննարկելու համար պետք է տնտեսական ֆորում կազմակերպել:
 
Քննարկվել են  նաև սիրիացի փախստականների տեղավորման, նրանց կրթական և առողջական հարցերի լուծման ուղիներին վերաբերող հարցեր: Կարևորվել է հայ-լիբանանյան կապերի ամրացումը և համագործակցությունը՝ տնտեսական, կրթական, մշակութային ոլորտներում: 

 

«ՀՈՎՆԱՆՅԱՆՑԻՆԵՐԸ»՝ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ

Ապրիլի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  
Նյու Ջերսիի «Հովնանյան»  վարժարանի փոխտնօրեն Սիլվա Մեսրոպյանի և ուսուցչուհի  Թագուհի Տապաղյանի ուղեկցությամբ վարժարանի սաները Սփյուռքի նախարարություն էին եկել հատուկ առաքելությամբ՝ իրենց աջակցությունը փոխանցելու Երևանում բնակվող սիրիահայ Թավիթ Կազանջյանի ընտանիքին: 
 
Ողջունելով «Հովնանյան»  վարժարանի սաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ վարժարանի անունը խորհրդանշական և պարտավորեցնող է. 
 
- Հովնանյան եղբայրները մեծ ներդրում ունեն նոր Հայաստան կերտելու գործում: Ես ցանկանում եմ, որ դուք՝ որպես հայ, նմանվեք Հովնանյաններին, և ձեզ համար նույնպես Հայրենիքը միշտ լինի առաջին տեղում: Ես ձեզ մի քանի խնդրանք ունեմ: Հայաստանից վերադառնալով՝ խոստացեք ինքներդ ձեզ, որ երբեք չեք մոռանալու հայերենը: Հաճախ ձեր ծնողներին հորդորեք, որ ձեզ Հայաստան բերեն, և մշտապես Հայրենքիը ձեր սրտում պահեք: Եվ վերջին խնդրանքս. շա՛տ սովորեք, շա՛տ կարդացեք և լավ մարդ ու լավ հա՛յ եղեք, որպեսզի օտարների մեջ առանձնանաք ձեր տեսակով: 
 
Նախարարը կարևորեց դպրոցի դերը հայապահպանության գործում և բարձր գնահատեց վարժարանի նախաձեռնությունը՝ օգնել սիրիահայ ընտանիքին, որի հինգ որդիներց երեքը զինվորներ են և պաշտպանում են Հայրենիքի սահմանները: 
 
Կրթօջախի փոխտնօրեն Սիլվա Մեսրոպյանը Հովնանյան» վարժարանի անունից սիրիահայ ընտանիքին փոխանցեց 720 ԱՄՆ դոլար:
 
Իսկ հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը վարժարանի սաներին նվիրեց Նահապետ Քուչակի հայրենները՝ հայերեն և անգլերեն տարբերակներով, հայերեն գրքեր և ֆիլմեր: Վարժարանի սաները դիտեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի մասին պատմող ֆիլմ:
 

ԱՍՈՒԼԻՍ

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի և Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանի մամուլի ասուլիսը նվիրված էր նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրերի, «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի և «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության ընթացքին, ինչպես նաև «Հույսի և վերածննդի ճանապարհով» խորագրով շաբաթվա շրջանակներում կայանալիք միջոցառումներին:

 

Սերժ Սրապիոնյանը նշեց, որ նախարարությունն աշխատում է արտակարգ ծանրաբեռնված գրաֆիկով: 

Անդրադառնալով նախարարության ծրագերի ընթացքին՝ նա ընդգծեց, որ տարեցտարի ավելանում է դրանց մասնակցել ցանկացող Սփյուռքի մեր հայրենակիցների թիվը: 
 
- Անցած տարիների ընթացքում միայն «Արի տուն» ծրագրով Հայաստան է ժամանել շուրջ 8000 պատանի և աղջիկ: «Արի տուն»-ը կենսունակ ծրագիր է և կարողացավ քննություն բռնել կյանքում: Մեկ անգամ այցելելով Հայաստան՝ նրանք տեսնում, ճանաչում, սիրում և կապվում են Հայրենիքի, իրենց հյուրընկալող ընտանիքների անդամների հետ: Այս ծրագիրը մի կողմից Հայաստան-Սփյուռք իրական կամուրջ է, մյուս կողմից՝ բազմաթիվ արիտունցիներ արդեն իսկ եկել և հաստատվել են Հայաստանում,  - ասաց Սրապիոնյանը:
 
Նա նշեց, որ նախարարությունը հատուկ կարևորություն է տալիս սփյուռքահայ գործարարների՝ Հայաստանում ներդրումներ կատարելու և սեփական գործը սկսելու հարցին՝ հավելելով, որ բազմաթիվ են Հայաստանում արդեն իսկ հաստատված և հաջող բիզնես ունեցող սփյուռքահայերի օրինակները: 
 
Նախարարության ծրագրերի ընթացքը ներկայացրեց նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը՝ նշելով. 
 
- «Արի տուն» ծրագրի առաջին մասնակիցներին այս տարի ընդունեցինք ապրիլի 10-ին: Այդ փուլով Հայաստան այցելեց 66 պատանի ու աղջիկ  Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Ս. Մեսրոպ-Արապեան», Փարիզի «Դպրոցասեր» և Մարսելի «Համազգային» վարժարաններից: Մյուս փուլերը կսկսվեն հունիսից և 2017թ. ևս կընդունենք 1000-ից ավելի երիտասարդ աշխարհի տարբեր երկրներից: 
 
Գ. Գյանջումյանն  ասաց, որ անցած տարվանից արիտունցիներին սովորեցնում են խաչեր փորագրել փոքրիկ քարերի վրա, որոնք վերջիններս առանձնահատուկ հաճույքով են տանում իրենց հետ, նվիրում իրենց սիրելիներին կամ պահում որպես հուշ՝ Հայաստանում անցկացրած ժամանակահատվածից:
 
Անդրադառնալով «Սփյուռք» ամառային դպրոցին՝ բանախոսը շեշտեց, որ այս տարի ծրագրի մասնակիցների թիվը նույնպես մեծացել է: