Երբ էկրանավորվում է ազգային արժեքը

«ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ 2. 25 ՏԱՐԻ ԱՆՑ»

ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ սփյուռքահայ ուսանողների և սիրիահայ հայրենադարձ ընտանիքների համար «Շարմ Հոլդինգ» ընկերությունը կազմակերպել էր «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի դիտումը:
Ներկաներն առանձնակի հուզմունքով են դիտել ֆիլմը, որից հետո ռեժիսոր Մհեր Մկրտչյանն ու դերասանները զրուցել են հանդիսատեսի հետ:
 
Սփյուռքահայ ուսանողների խորհրդի փոխնախագահ Սարգիս Ղազարյանն ընդգծեց, որ հայ հանդիսատեսը միանգամից սիրեց ու բարձր գնահատեց ֆիլմը՝ հավելելով. 
 
- Պարզապես անհրաժեշտ է կոմերցիոն նպատակներով նկարահանված ֆիլմերի կողքին ստեղծել ազգային գաղափարախոսություն, արժեհամակարգ  ձևավորող նման գործեր:
 
Իսկ դերասանուհի Նարինե Գրիգորյանը պատմեց, որ ինքը և դերասանական ողջ կազմը հաճույքով ու նվիրումով են աշխատել Մհեր Մկրտչյանի հետ՝ գիտակցելով, թե որքան կարևոր ասելիք ունի ֆիլմը՝ ինչպես հայաստանցիներին, այնպես էլ Սփյուռքի հայությանը: 
 
- Ֆիլմը հայության բոլոր շերտերի, աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերի համար է: «Կյանք ու կռիվ» կինոնկարի նկարահանումների ընթացքում սկսվեց ապրիլյան պատերազմը, որն էլ  մեզ մղեց ստեղծելու երկրորդ ֆիլմը, - նշեց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:
 
Հանդիսատեսն անդրադարձավ նաև ֆիլմի երաժշտությանը՝ նշելով, որ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի երաժշտությունն ամբողջացնում և ավելի հոգեհարազատ է դարձնում ֆիլմը:
 
- Պատահական չէ, որ Սփյուռքում այդքան լավ ընդունվեց և այդպես սիրվեց առաջին ֆիլմը: Վստահ եմ, որ նույն ճակատագրին կարժանանա «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»-ը, -ասաց սիրիահայ հայրենադարձ տիկին Աշխենը:
 
Հանդիպման ավարտին ներկաները շնորհակալություն հայտնեցին ստեղծագործական խմբին՝ նման հնարավորություն ընձեռելու համար և հույս հայտնեցին, որ հայ իրականության մեջ կշարունակեն ստեղծվել բարձրարժեք ֆիլմեր: