Տունկանչի ևս մի ծրագիր

«ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Ակնհայտ է‚ որ վերջին տարիներին ինքնակազմակերպվում‚ ակտիվանում են սփյուռքահայ համայնքները և սերտացնում են կապերը Հայաստան հայրենիքի հետ։ Այս «արթնացումի» և «հետահայացի» հիմքում‚ թերևս‚ ՀՀ սփյուռքի նախարարության բազմազան ու տարատեսակ ծրագրերն են‚ որոնք‚ իսկապես‚ տուն են կանչւմ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին։ Տուն են կանչում ոչ թե սին խոստումներով ու հորդորներով‚ ոչ թե հայրենադարձության պահանջով‚ այլ՝ հայրենիքը ճանաչելու‚ օտար ափերում կարոտախտով չտառապելու համար։ Իսկ մանուկ հասակում արտագաղթածների կամ արտերկրներում ծնվածների համար հայերենաճանաչության այցերը սեփական ինքնությունը բացահայտելու լավագույն միջոց են։

Տունկանչի ծրագրերից մեկն էլ նախարարության՝ արդեն ավանդական դարձած «Սփյուռք» ամառային դպրոցն է‚ որի այս տարվա փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ օրերս։ 5 ուղղություններով կազմակերպված դասընթացների օգտակարության մասին սիրով էին խոսում դրանց ունկնդիրը՝ միաբերան հավաստիացնելով‚ որ դրանք մեծապես նպաստում են հայապահպանության գործին։  Եվ՝  ոչ միայն դա։ Մոլորակի տարբեր ծագերում ապրող հայերն այստեղ ծանոթանալով՝ հետո շարունակում են բարեկամությունը։ Մանավանդ՝ բոլորը մեկ ընդհանուր ձգտում ունեն՝ զերծ մնալ ու իրենց զավակներին զերծ պահել ուծացման վտանգից։
Ինչպես ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց՝

- Նրանց ամենամեծ ձեռքբերումներից մեկը նոր ընկերներն են։ Նոր կապերն ու հարաբերություններն աստիճանաբար ձևավորում են ազգային զորավոր ցանց‚ որը  պետք է դառնա հայապահպանության երաշխավորներից մեկը։

Ի դեպ‚ 2012 թվականից ի վեր ամառային այս դպրոցի դասընթացներին մասնակցել են ավելի քան 1430 սփյուռքահայեր։

Դասընթացներին մասնակցելու համար Վալենսիայի «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանն Իսպանիայից դստեր հետ էր եկել. վերջինս հայրենաճանաչության իր մեծ դասն առնում էր «Արի տուն» ճամբարում։

- Ի՞նչ տվեց ձեզ «Սփյուռք»  ամառային դպրոցը‚ որքանո՞վ են արդարացվում դրա նպատակները։

- Ինքս կոնկրետ  մասնակցում են ուսուցիչների և համայնքային կառավարիչների վերապատրաստման դասընթացին։ Շատ հետաքրքիր է‚ մեծ հաճույքով եմ մասնակցում։ Կարծես թե վերադառնում ես ուսանողական տարիներ։ Ասեմ‚ որ  սա շատ մոտ է պատմաբանի իմ մասնագիտւթյանը։ Բացի նրանից‚ որ հաճելի է‚ նաև սովորում ենք կառավարման ձևը‚ դասը ճիշտ վարելու մեթոդները‚ աշակերտների խնդիրները հասկանալու նրբությունները։ Մեզ համար շատ կարևոր է մեր գործունեությունը‚ մեր դպրոցներում դասավանդումն ավելի արդյունավետ դարձնել, ինչին ամառային դպրոցը շատ է նպաստում։ Ինչպես ասացիք՝ այն «Արի տան» պես ծանոթությունների‚ միջհամայնքային‚ մշակութային‚ փոխհամագործակցության առիթ է ստեղծում‚ որը շատ կարևոր է։ Պետք է նշեմ նաև‚ որ Վալենսիայում գործող կիրակնօրյա մեր դպրոցը պետք է քույրանա կամ եղբայրանա Հայաստանի որևէ դպրոցի հետ։ Շատ կարևոր հանգամանք է‚ որը փորձի փոխանակման, համատեղ միջոցառումների հնարավորություն կտա։ Երևի հաջորդ տարի հոկտեմբերին կբացվի Հայաստանում առաջին իսպանական կենտրոնը, որը կկոչվի Սերվանտեսի անկյուն։ Կբացվի առաջինը Հրազդանում՝ իմ ծննդավայրում. Գրադարանում մեզ արդեն տեղ են հատկացրել‚ մոտ 200 կտոր իսպաներեն գիրք ենք բերել։ Պետք է արդեն ծրագրեր մշակենք։ Պայմանագիրը կկնքվի մեր համայնքի և գրադարանի միջև։ Պայմաններից մեկն այն է‚ որ 2-3 անգամ անցկացվեն իսպաներենի արագացված դասընթացներ‚ միջոցառումներ‚ իսպանական տոների նշում։ Ուզեցինք մի քիչ դուրս գանք Երևանից։ Մեզ խոստացել են նաև նման անկյուն տրամադրել Մասիսում և Էջմիածնում‚ իհարկե և՝ Երևանում։ Ներկա դրությամբ  մոտ 2 հազար կտոր գիրք պետք է տեղափոխվի Իսպանիայից։ Ամեն եկողի հետ մեկ-երկու կտոր ուղարկում ենք‚ ու արդեն հավաքվել է 200 կտոր։

«Արարատ  հայկական միության» խոշորագույն ձեռքբերումներից մեկն այն է նաև‚ որ 2015 թ. հոկտեմբերի 19-ից Իսպանիայի հանրային ռադիոյից առաջին անգամ լսվեց՝ «Բարև հայություն‚ բարև աշխարհի հայեր‚ բարև Վալենսիա»։ Այսինքն‚ մենք ստեղծեցինք հայկական ռադիոյի ժամ‚ և ամեն երկուշաբթի ժամը 2-ից 3-ը հնչում է հայկական երաժշտություն‚ անդրադառնում ենք հայոց պատմությանը‚ խոսում ենք հայկական խոհանոցի մասին։ Այսինքն‚ փորձում ենք ներկայացնել Հայաստանը։ Մեր ռադիոժամի հաղորդումների 80 տոկոսը իսպաներեն է‚ որպեսզի իսպանացի ունկնդիրները ճանաչեն Հայաստանը։ Մնացյալ 20 տոկոսը հայալեզու հաղորդումներ են‚ որպեսզի նաև հայկական համայնքը լսի իր մայրենին: Գայանե Ղազարյանը‚ Անահիտ Շափաղաթյանը, վերջերս մեզ միացած Անահիտ Սարգսյանը անում են հնարավորը՝ հետաքրքիր դարձնելու հաղորդաժամը։ Նշանակալի են և Սարգիս Բրսոյանի և‚ թող անհամեստ չհնչի՝ իմ ջանքերը։