Հրաժեշտ՝ նորոգված սիրով

ԱՎԱՐՏՎԵՑ «ԱՐԻ ՏՈՒՆ» 2017 ԾՐԱԳՐԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ

Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում երեկ հնչեցվեց ՀՀ սփյուռքի նախարարության համանուն ծրագրի 2017-ի վերջին ակորդը: Ու նորից միախառնվել էին Հայրենիքին ու իրար հրաժեշտ տվող՝ 13 երկրից ժամանած 67 հայ պատանիների ուրախությունն ու տխրությունը: Ուրախությունը՝ որ ավելի մոտիկից ճանաչեցին Հայոց ոստանը և նոր հայրենակիների հետ բարեկամացան: Իսկ տխրության պատճառը մոտալուտ բաժանումն էր: Իհարկե, հախուռն այս զգացողություններում լուսավոր կետ կար. բոլոր ժամանակների արիտունցիների նման՝ նրանցից շատերը շարունակելու են բարեկամությունը հեռակապերի միջոցով՝ այստեղ կամ այլ մի վայրում նորից հանդիպելու ցանկությամբ:
 
Հրաժեշտի հանդիսավոր արարողությունը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, մշակույթի գործիչներ, հյուրեր:
 
Ողջունելով ծրագրի մասնակից սփյուռքահայ պատանիներին ու աղջիներին՝ փոխնախարի Սերժ Սրապիոնյանը փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը: Որպես մաղթանք և համոզմունք՝ նա ասաց.
 
- Սիրելի պատանիներ և աղջիկներ, ուրախ եմ ողջունել ձեզ Հայրենիքում: Հավատում եմ, որ այս օրերը ուրախ ու բովանդակալից են անցել, և այսուհետ ձեր կապը Հայրենիքի հետ ավելի կսերտանա: Հավատում եմ, որ մեծանալու եք որպես հպարտ հայեր, պահպանելու եք մեր ազգի պատիվը, լավ եք սովորելու: Հավատում եմ, որ Հայաստանում եք թողնելու ձեր սրտի մի մասնիկը և անընդհատ վերադառնալու եք:
 
Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում: 
 
Նշենք, որ 2017 թվականին «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրը հյուրընկալել է 36 երկրից ժամանած 1061 սփյուռքահայ երիտասարդների:
ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրն իրականացվում է 2009 թվականից: 
 
Գալիք տարի՝ 2018-ին ծրագիրը բոլորում է իր գոյության 10 տարին: Տասնամյակ, որի ընթացքում այն դարձել է սփյուռքահայ երիտասարդության հայրենիք այցելությունների իրական այցեքարտը: Աշխարհի 54 երկրից ժամանած՝ 13-18 տարեկան ավելի քան 7600 սփյուռքահայ պատանիների ու աղջիկների «Արի տուն»-ը  ճանաչելի է դարձրել Հայաստանը՝ նրանց հոգիներում արթնացնելով հայրենիք ունենալու հպարտությունը, նպաստելով հայոց պետականաստեղծ գործին աջակցելու, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մասնիկ լինելու գիտակցության ձևավորմանը: Իհարկե՝ նաև ծանոթանալու հնամենի այն ժողովրդի սովորույթներին ու ավանդույթներին, որի զավակն են իրենք: