«Դու ի՞նչ ես անում Արցախի համար»

Նշյալ խորագրով շարժման շրջանակներում Հայաստան ժամանած Կանադայի հայ համայնքի 30 ներկայացուցիչները՝ «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանի գլխավորությամբ, այսօր՝ օգոստոսի 29-ին, հյուրընկալվելցին ՀՀ սփյուռքի նախարարությունում: 
 
Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Կանադայի հայ համայնքի համագործակցությունը նախարարության հետ, ինչի արդյունքում համայնքը շարունակաբար իր աջակցությունն է ցուցաբերում Արցախի Հանրապետության թե՛ Պաշտպանության բանակին, թե՛ բուժհիմնարկներին և թե՛ սահմանամերձ գյուղերի բնակչությանը: 
 
- Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալ եմ, որ արձագանքեցիք շարժմանը միանալու մեր կոչին և այսօր Հայաստանում եք: Ավելին, շուտով կմեկնեք Արցախ և այնտեղ կնշեք մեր երկրորդ Հանրապետության անկախության տարեդարձը: Կանադահայ համայնքը միշտ ակտիվ մասնակցում է Սփյուռքի նախարարության բոլոր ծրագրերին: Ձեզանից ամեն մեկն իր մասնակցությունն է բերում Արցախի զարգացման և շենացման գործին: Եթե 18-ամյա մեր երիտասարդներն իրենց արյան գնով պաշտպանում են մեր սահմանները, ապա մենք էլ պարտավոր ենք աջակցել նրանց ու նրանց ընտանիքներին, որպեսզի հնարավորինս բարեկեցիկ և ապահով ապրեն,-իր խոսքորմ նշեց նախարարը:
 
Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ մեր զինվորների կողմից առանձնակի ոգևորությամբ են ընդունվել Սփյուռքում ու նաև Կանադայում ապրող հայ մանուկների նամակները՝ ուղղված իրենց:
 
Այնուհետև նա շնորհակալություն հայտնեց Վահագն Գարագաշյանին՝ կանադահայերի այցը Հայրենիք կազմակերպելու համար: Իսկ «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանն ակտիվ մասնակցության համար ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր հանձնեց կանադահայեր Գրիգոր Տեր-Ղազարյանին, Վարուժան Մանջյանին, Գրիգոր Կույումջյանին, Լևոն Բենգյանին, Օհան Տաբակյանին և Վարդի Դանիելյանին:
 
Շնորհակալական իրենց խոսքում պարգևատրված կանադահայերը նշեցին, որ իրենց համար այս շրջագայությունն առանձնահատուկ նշանակություն ունի:  
Օհան Տաբակյանն ընդգծեց, որ հուզումի և հպարտության բացառիկ պահեր է ապրում՝ տեսնելով օրեցոր զարգացող ու գեղեցկացող Երևանը: Վարդի Դանիելյանն էլ հավելեց, որ ուզում է ձեռք բերել Հայաստանի քաղաքացիություն և իր սեփական տունն ունենալ Հայրենիքում: Լևոն Բենգյանը նախարար Հրանուշ Հակոբյանին հավաստիացրեց, որ կանադահայ համայնքը սիրով է մասնակցում նախարարության բոլոր ծրագրերին: Իսկ Վահագն Գարագաշյանը նշեց. 
 
- Տիկի՛ն Հակոբյան, շնորհակալ ենք, որ գնահատեցիք մեզ և աջակցեցիք Հայաստան և Արցախ մեր այս տարվա շրջայցը կազմակերպելուն:
 
Հանդիպման ավարտին ներկաները լուսանկարվեցին՝ ի հիշատակ բոլորին գոհացրած հանդիպման և դիտեցին նախարարության ծրագրերի մասին պատմող տեսաֆիլմ: