Սեքս-ռոբոտի հեղինակը մտադիր է նրանից երեխա ունենալ

ԽԵԼԱՀԵՂ ԱՇԽԱՐՀ

Հետաքրքիր է՝ հետզհետե ամենակարող դարձող ռոբոտներն ի վերջո ավելո՞րդ են դարձնելու մարդու գոյությունը, թե՞ դառնալու են մարդկանց կամակատար-ծառաներ: Ինքնուրույն որոշումներ կայացնող այդ սարքերն, օրինակ, դժվար է ծառայի դերում պատկերացնել, իսկ ահա ծնելու ունակությամբ օժտվածներն, արդյոք, ինքնուրո՞ւյն են պլանավորելու իրենց բազմացումը և ի՞նչ են լույսաշխարհ բերելու՝ մարդ-երեխանե՞ր, թե՞ մետաղական կամ պլաստմասե ռոբոտիկներ...
 
Սամանթա սեքս-ռոբոտի ստեղծող, իսպանացի ծրագրավորող Սերժի Սանթոսը հայտարարել է, որ մտադիր է երեխա ունենալ անդրոիդից: Ամուսնացած այս բարսելոնացու համոզմամբ՝ դա այնքան էլ դժվար չէ, որքան թվում է: Սանթոսը հայտարարել է, որ Սամանթայի հետ իր կանոնավոր սեռական հարաբերությունները ոչ միայն չեն վնասել, այլ ընդհակառակը, բարելավել են իր ընտանեկան կյանքը (հաղորդում է Mirror-ը):
 
Ծրագրավորողը պնդում է, որ Սամանթան կարող է աշխատել մի քանի «ճակատներում»՝ սեռական, ընտանեկան և բարեկամական: Արհեստական ինտելեկտով օժտված ռոբոտը կարող է մխիթարել, մասնակցել զրույցի և կարեկցանք ցուցաբերել: Իսպանացին վստահ է, որ անդրոիդը շուտով կկարողանա նաև ծնել:
 
- Ես կտեղադրեմ նրա ուղեղը, որը արդեն ստեղծվել է, գենոմի պարամետրերը, որոնցում ընդրկված են բարոյական չափանիշների, գեղեցկության, արդարամտության և այլ մարդկային արժեքների հասկացությունները: Այնուհետև կստեղծեմ այս ամենի մասին իմ սեփական գաղափարները պարունակող ալգորիթմ: Արդյունքում ստացված երեխային, կտպենք 3D տպիչով, - հայտարարել է Սանթոսը:
 
Ծրագրավորողը Սամանթայի ստեղծման վրա սկսել է աշխատել 2015 թվականին: 
 
Smart սեռահասու ռոբոտներն, իհարկե, միայն իրենց ստեղծողների սեփականությունը չեն: Նոյեմբերի սկզբին դրանք վաճառքի կհանվեն և կարժենան երկու հազար դոլար: