Ի՞նչ է «հուշում» 4000-ամյա արձանագրությունը

«ՓՈԽՆԱԿ ՄՈՐ» ԳԱՂԱՓԱՐԸ՝ 40 ԴԱՐ ԱՌԱՋ

Այսօրվա Թուրքիայում գտնվող Կեսարիա քաղաքում հնագետները մի ուշագրավ արձանագրություն են գտել: Այն գնահատվել է որպես մինչ այժմ հայտնի ամենահին ամուսնական պայմանագիրը: Գտածոյին 4000 տարվա հնություն է վերագրվում: Իսկ դրա ամենամեծ արժեքը անպտղության հիշատակումն է, ինչպես նաև «փոխնակ մոր» գաղափարը: Ճիշտ է՝ այս վերջինը մի փոքր այլ իմաստ ունի, քան մենք ենք այսօր պատկերացնում:
 
Երբեմնի Բյուզանդական կայսրության հնագույն քաղաքում գտնված պայմանագիրն ազդարարում է, որ եթե ամուսնության առաջին երկու տարում ամուսնական զույգը երեխաներ չունենա, ապա ամուսինն իրավունք ունի դիմելու ստրկուհու օգնությանը, ով կդառնա նրա երեխայի «փոխնակ մայրը»: Իսկ եթե ստրկուհին տղա երեխա ունենա՝ ապահովելով տոհմի շարունակականությունը, կվաստակի իր ազատությունը: 
 
Մասնագետները նշել են (փոխանցում է ռուսական «Վեստին»), որ պայմանագիրը փորագրված է սեպանշաններով, որը գրության ամենավաղ տեսակներից է համարվում: Իսկ Կեսարիա քաղաքի տարածքը մ.թ.ա. 21-18-րդ դարերում  ասորական կայսրության մեջ էր ներառված: Վերջին հարյուրամյակում այդտեղ կատարված պեղումները բազմաթիվ պատմագիտական ու մշակութային փաստեր են երևան հանել:  
 
Նշվում է, որ այս նոր գտածոն ներկայացված է Ստամբուլի հնագիտական թանգարանում՝ որպես անպտղության մասին ամենավաղ սեպագիր հիշատակությունը: Իսկ Gynecological Endocrinology («Գինեկոլոգիական էնդոկրինոլոգիա») ամսագրում դրա մասին գիտական հոդված է հրապարակվել: Հեղինակները նշել են, որ անպտղությունը դեռևս հազարամյակներ առաջ եղել է ոչ միայն բժշկական, այլև սոցիալական խնդիր: Հատկապես ունևոր ընտանիքները անչափ կարևոր են համարել տոհմի շարունակությունը, ուստի փոխնակ մոր՝ այստեղ նկարագրված տարբերակը, ինչպես երևում է, սովորական բան է եղել: 
 
Բժշկությունը մեր օրերում գործնականում կարող է հաղթահարել ցանկացած անպտղություն: Սակայն արդի աշխարհում հենց երեխա ունենալու ցանկությունն է նվազել: Հատկապես Եվրոպայում, որտեղ ամուսիններից շատերը մտածում են սոսկ կյանքը վայելելու մասին՝ երեխա մեծացնելը համարելով անհաղթահարելի հոգս: 
 
Այնտեղ, որտեղից այս արձանագրությունը գտնվել է, հայերը միշտ են ներկա եղել, և բացառված չէ, որ տվյալ արձանագրությունն էլ նրանցից մեկն է կազմել: Ու ինչքան էլ ամուսնական պայմանագրով ընտանիք կազմելը անընդունելի է թվում, այնուամենայնիվ այս հին գրության մեջ անպտղությունից հրաժարվելու կետը շատ կարևոր է (բացառելով դրա միջոցը): Հայկական ընտանիքներում էլ են այսօր հատուկենտ երեխաներ ծնվում, որի պատճառները քննելը շատ ժամանակ կխլի: 
 
Իսկ գուցե 4000 տարի առաջվա այս հուշումը դառնա խթան, որ «յոթ որդով սեղան նստես» օրհնանքը իրական լինի ամեն ընտանիքում: Այսօր դա մեզ օդի ու ջրի պես է անհրաժեշտ: