Լավագույն աշխատանքն աշխարհում՝ «արկածների տնօրեն»

ԵՐՋԱՆԻԿ ԱՎՍՏՐԱԼՈՒՀԻՆ

Մեր ամենախոշոր ձեռնարկություններն իրենց թույլ չէին տա այսպիսի հաստիքի մասին մտածել անգամ: Իսկ ահա 28-ամյա Սորել Ամորը հաղթող է ճանաչվել ճամփորդական գործակալության հայտարարած «Լավագույն աշխատանքն աշխարհում» մրցույթում (տեղեկացրել է segodnya.ua-ն): Մրցույթ, որին 17 հազար դիմորդ էր հայտ ներկայացրել:
 
Պայմանագրի համաձայն՝ նոր աշխատակցուհին պետք է երեք ամսում այցելի 12 շքեղ հանգստավայրեր: Գործուղման ծախսերից բացի, նրան արդեն հատկացվել է ևս 40 հազար դոլար՝ որպես «գրպանի փող», և նա հետը կարող է նաև ուղեկից  ունենալ: 
 
Հաղթող աղջկա խոստովանությամբ՝ ինքն ամենից տպավորված է Շոտլանդիայի հնագույն ամրոցով, Բալիի առողջարաններով, Բահամյան կղզիներով, Ֆիջիով, Խորվաթիայով, Մարոկկոյով, Կոստա Ռիկայով, Իսպանիայով և Չինաստանով: Ի դեպ, բոլոր ուղևորությունների ընթացքում հանգրվանել է լավագույն հյուրանոցներում:
 
Նորերս էլ Մեքսիկայի՝ զբոսաշրջիկների շրջանում մեծ համարում ունեցող Կանկուն առողջարանում է շատ գայթակղիչ թափուր աշխատատեղ բացվել՝ «արկածների տնօրեն»՝ ամսական $ 10 000 աշխատավարձով: Նրա «պաշտոնական պարտականությունների» շարքում են 2018 թ. մարտից օգոստոս հյուրանոցներում հանգրվանելն ու Կանկունում ապրելը: 
 
Բացի այդ, «արկածների տնօրենի» պաշտոնը ստանձնող անձը պետք է շրջագայություններ կազմակերպի, ինքնուրույն ուսումնասիրի առողջարանը, լողա շնաձկների հետ, բարձրանա բուրգի կատար, ուսումնասիրի ամայի լողափերը: Եվ, իհարկե, իր փորձն ու արկածային տպավորությունները լուսանկարներով և տեսանյութերով պետք է տեղադրի Կանկունի կայքում ու սոցիալական ցանցերում: