Երբ խոսքը կտրվում է համատեքստից

Թևավոր խոսք դարձած արտահայտություններ կան, որոնք մենք ամեն օր կրկնում ենք՝ անգամ չկասկածելով, որ դրանք համատեքստից կտրված ու թերի են և հենց այդ պատճառով էլ շեղված իրական ասելիքից: Դրանցից հինգը ներկայացնում ենք իրենց ամբողջական զուգահեռների հետ: 
 
1. Մեռածի մասին՝ կամ լավ, կամ՝ ոչինչ: 
 
Ամբողջական տեսքով՝ «Մեռածի մասին կամ լավ, կամ ոչինչ՝ բացի ճշմարտությունից»:
 
Իսկ սա նշանակում է, որ մեռածի մասին լավը կարելի է չափազանցնել, կարելի է նույնիսկ հնարել, երևի դրանից աշխարհի լավը միայն կշատանա, իսկ հանգուցյալի վատը հիշելիս (չէ՞ որ մահկանացուներից ոչ ոք ոտքերն ամպոտ հրեշտակ չէ)՝ անթույլատրելի է ճշմարտության սահմանները խախտելը:  
 
2. Ճշմարտությունը գինու մեջ է:
 
«Ճշմարտությունը գինու մեջ է, իսկ առողջությունը՝ ջրի»:
 
Եվ ստացվում է, որ գինին ամեն դեպքում վնասակար է, քանի որ այն չարաշահողը ոչ միայն լեզվի կապերն է արձակում և ասում ճշմարտություններ, որոնք հարկ էր թաքցնել, այլ նաև առողջությունն է վտանգում: 
 
3. Նպատակն արդարացնում է միջոցները:
 
«Նպատակն արդարացնում է միջոցները, եթե այդ նպատակը հոգիներ է փրկում»:
 
Իսկ սա արդեն մեծ ու փոքր չարագործների «գործին» է խփում: Չէ՞ որ ակնհայտ է՝ հանուն ինչ-որ նպատակի հանցանքներ գործելը հոգիներ փրկելու ճանապարհ չէ:   
 
4. Կյանքը կարճ է, արվեստը՝ մշտնջենական:
 
«Կյանքը կարճ է, արվեստի ճանապարհը՝ երկար, հարմար պահը՝ վաղանցուկ, փորձը՝ խաբուսիկ, դատողությունը՝ դժվարին»:
 
Արվեստը, այսպիսով, այնքան երկարակյաց չէ, որքան ենթատեքստից կտրված խոսքում է ստացվել: Փոխարենը մարդն իմանում է, որ հարմար պահը բաց թողնել չի կարելի, քանզի այն շատ կարճ է տևում, իսկ կյանքի փորձը դասագիրք չէ, որը սերտելով՝ կսովորես ճիշտ ապրել, և ճիշտ դատելն ու կարծիք կազմելն ամեն մարդու բան չեն:   
 
5. Բացառությունը հաստատում է կանոնը:
 
«Բացառությունների գոյությունը հաստատում է գոյությունն այն կանոնների, որոնցից բխել են բացառությունները»:
 
Այսինքն, չկա բացառություն՝ առանց կանոնի, և ամեն ինչ որոշակի կարգի է ենթարկվում: Իսկ եթե մարդն է ուզում բացառիկ լինել, լավ կանի նախ պարզի, թե կանոններից ո՞րն է իրեն ծնունդ տվել:
 
Այսօր, երբ տեղեկատվական պատերազմը բուռն թափ է առել, համատեքստից կտրված շատ խոսքեր դարձել են դրա հզոր զենքերից մեկը, մինչդեռ երբեմն դրանք ասվածի  միանգամայն հակառակ իմաստն են հաղորդում: